19 03 2019

Եվ կեղծ են քո խոսքերը բոլոր

Եվ կեղծ են քո խոսքերը բոլոր

Մի քանի օր առաջ՝ մարտի 14-ին, Երևանի կենտրոնում, օրը ցերեկով, ոստիկանության ուժերը, «կարմիր բերետավորները» ծեծուջարդով հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա:

Ցուցարարները բողոքում էին Օպերայի և բալետի շենքի հարևանությամբ եղած սրճարաններն ապամոնտաժելու՝ քաղաքապետարանի որոշման ու գործողությունների դեմ և, ինքնաբուխ դժգոհություն արտահայտելով, «փակեցին Թումանյան-Մաշտոց խաչմերուկն ու այնտեղ նստացույցի նման մի բան փորձեցին անել: Ոստիկանները դաժանորեն հարձակվեցին այդ մարդկանց վրա. մոտ երկու տասնյակ ցուցարարներ ու ոչ ցուցարարներ տարվեցին ոստիկանության բաժին, այդ ու հրապարակում, սրճարանների մոտ արձանագրված ընդհարումների հետևանքով երկու անձ վիրավորվեց. ցույցի մեկ մասնակից և մեկ ոստիկան: Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո, առաջին անգամն է, որ ոստիկանությունը նման դաժանություն դրսևորեց, իսկ իշխանությունը նման վառ արտահայտված արհամարհանք՝ հարյուրավոր քաղաքացիների ու նրանց արտահայտած բողոքի նկատմամբ:

Ու որքան էլ որ դա շատ կոնկրետ մարդկանց խմբի՝ քանդված սրճարանների վերացման հետևանքով մի առժամանակ գործազուրկ դարձող քաղաքացիների բողոքի ցույց էր, նույնքան կոնկրետ ու լոկալ պահանջներով, իշխանությունը չհապաղեց բռնության դիմելու և դա ցուցադրաբար անելու հարցում: Ու սրճարանների քանդումն էլ, մանավանդ՝ այդ ձևով քանդումը, ցույց տվեց, որ տեղի ունեցողը քաղաքապետ Հայկ Մարությանի ու Նիկոլ Փաշինյանի ու իրենց թիմի քմահաճույքն է: Այլ կերպ դժվար է բնութագրել մի պրոցես, որի դեպքում արհամարհվում են վարձակալների ու տնտեսվարողների շահերը, իրավունքները, տվյալ սրճարաններում աշխատող բազմաթիվ մարդկանց սոցիալական վիճակն ու հնարավոր գործազրկության խնդիրները:

Մարտի 14-ին այդ տեսանկյունից շատ բաներ ակնհայտ դարձան, պատռվեցին բազմաթիվ միֆեր ու դիմակներ, որոնցով այդքան առատ զարդարված են թավշյա հեղափոխությամբ իշխանության եկածները:

Մարտի 1-ին՝ 11 տարի առաջ կատարվածի վերաբերյալ ուղերձումի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր. «Հայաստանը իրավունքի ու արդարության, ճշմարտության ու արժեքների երկիր դարձնելն է մեր համատեղ առաքելությունը, եւ այդ առաքելությունից մենք չենք շեղվելու ոչ մի միլիմետր»:

Իրավունքի ու արդարության երկի՞ր: Մարտի 14-ին կատարվածը նույնիսկ հեղափոխական մշուշով պատված շատերի աչքերը բացեց՝ ցույց տալով, որ դա այդպես չէ: Մինչ այդ էլ բազմաթիվ փաստեր ու հիմնավոր պատճառներ կային՝ ասելու համար, որ դա այդպես չէ, բայց ցուցարարների վրա արդեն «թավշյա» ոստիկանության հարձակումը, ուղեկից իրադարձություններն ու իշխանության վերաբերմունքը դա բազմապատկված պարզությամբ ցույց տվեցին հասարակույթանը, քաղաքական ուժերին, բոլորին՝ ով աչք ուներ և տեսավ:

Ի՞նչ էր ասում այս տարվա մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը. «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հարյուր տոկոսով վստահ լինի, որ կառավարությունը, վարչապետը որեւէ ապօրինության ոչ թե հովանավորն է ու համակարգողը, այլ հակառակորդը ու հակոտնյան»:

Որևէ ապօրինության հովանավորը չէ: Կարելի էր փորձել տարբեր օրինակներ հիշեցնել կամ գտնել: Բայց բավական է նշել հայտնի գաղտնալսման սկանդալը, թե ինչպես էին ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետն ու վարչապետը քննարկում, թե ով կալանավորվի, ով ոչ, դատավորն ինչ որոշում ընդունի կամ չընդունի:

Նիկոլ Փաշինյանը այս տարվա մարտի 1-ին ասում էր. «Ապօրինությունների, իրավունքների ոտնահարումների, չարաշահումների դեմ պայքարում, իշխանության վերնախավի կողմից թույլ տրված հանցագործությունների բացահայտման գործում մենք հաղթելու ենք անխուսափելիորեն, որովհետեւ ժողովուրդը եւ կառավարությունը միասնական են, իսկ այսպիսի միասնությունը անպարտելի է ու աներեր»:

Ժողովուրդն ու կառավարույթունը միասնական են: Ժողովուրդն ու քաղաքապետարանը միասնական են: Հետևություն. մարտի 14-ին բողոքողներն ու ցույց անողները ժողովուրդ չեն կամ ժողովրդից չեն, կամ էլ միասնականության մասին ասվածը ուղղակի կեղծ դատողություն է:

Ազգային ժողով անցած մեկն էլ, իշխանության ճամբարից, իր կարծիքով հարմար «կռուտիտ» էր հորինել, թե տեսեք, մարդիկ արդեն ազատ արտահայտում են իրենց բողոքը, իսկ առաջ․․․ Առաջ էլ էին մարդիկ շատ ազատ արտահայտում իրենց բողոքները: Ու շատ ծիծաղելի և ցինիկ է հնչում, երբ ազատ արտահայտված բողոքների ալիքի վրա իշխանության ներկայացուցիչ դարձածն մեկն է դա ասում, ներկայացուցիչը մի իշխանության, որ մի քանի տասնյակ ցուցարարների վրա բիրտ ուժ է գործադրում:

Ստախոսություն, կեղծիք, խառնակչություն, վատ իմաստով՝ դերասանություն ու փուչ, անպատասխանատու ֆրազներ. սրանք են ձևավորում այս իշխանության նկարագիրը:

 

Հարություն Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ