«Միլիարդների թալանը հետ բերելու» և «պետական բյուջեն 30 տոկոսով ավելացնելու» մասին Նիկոլ Փաշինյանի խոստումներից 10-11 ամիս անց «հպարտ» քաղաքացիների վարչապետը խոսում է ․․․ աղքատության նպաստներից մարդկանց զրկելու միջոցով ինչ-որ հարցեր լուծելու մտադրության մասին։ Թե ո՞ւր մնացին միլիարդներն ու ինչո՞ւ պետական բյուջեն ոչ միայն 30 տոկոսով չավելացավ, այլև դժվարությամբ է կատարվում, Նիկոլ Փաշինյանը չի պարզաբանում։ Փոխարենը նա «հայտնաբերել է», որ աղքատության նպաստներից պետք է զրկել ավելի քան 11 հազար մարդու։
Նշելով, որ «Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավել դրամի չափով վարկ է փակում» և որոնց որպես սոցիալական աջակցություն պետությունը տալիս է 4,5 մլրդ դրամ, Նիկոլ Փաշինյանը եզրակացնում է, որ այդ մարդիկ աղքատ չեն: Դրանից հետո նա հերթական պառակտիչ քայլն է անում՝ հայտնելով, որ զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար անհրաժեշտ է 9 միլիարդ դրամ։ Այսինքն, մի կողմից ակնարկում է, որ վերոնշյալ 11 հազար նպաստառուներին այդ գումարներից պետք է զրկել, մյուս կողմից՝ զինվորականներին հուշում, թե ո՞ւմ պատճառով ինքը չի կարողանում նրանց աշխատավարձերը բարձրացնել։ Մեղմ ասած, տգեղ և անպատվաբեր մոտեցում։ Այժմ գրառման մասին ըստ էության։
Նախ՝ անհասկանալի է, թե ինչպե՞ս է նրան հայտնի դարձել, թե ո՞վ և որքա՞ն վարկային պարտավորություններ ունի, ո՞վ է թույլ տվել 11 հազար մարդու բանկային գաղտնիք հրապարակել։ Արժե՞ մեկ անգամ ևս ասել, որ սրանով հերթական անգամ խրտնեցնում են հնարավոր ներդրողներին, որ ոչ թե ֆեյբուքյան գրառումներն ու լրատվամիջոցներն են պատճառը, որ Հայաստանում ներդումներ չեն լինում, ինչպես սեփական անճարակությունը փորձում են արդարացնել ՔՊ-ական պատգամավորները, այլ՝ իշխանության նման գործողությունները։
Սակայն դա խնդրի միայն մեկ կողմն է։ Ինչի՞ց է եզրակացրել Նիկոլ Փաշինյանը, որ վարկեր վերցրած մարդն այլևս աղքատ չէ։ Չէ՞ որ ինքն էր հայտարարում, որ մարդիկ վարկեր են վերցնում հին վարկերը փակելու համար։ Մարդիկ վարկ են վերցնում ճարահատյալ, շատերի վարկերը մարելուն օգնում են արտերկում գտնվող հարազատները, շատերը վարկը վերցնում են կենցաղային անհրաժեշտության ապրանքների ձեռք բերման, բնակարանի մի քանի տասնամյակ առաջ կատաարած նորոգման թարմացման համար և այլն։ Ուրեմն ի՞նչ, կտրե՞լ նրանց այդ նպաստներից, թող վերջնականապես ընկնեն ծայրահեղ աղքատության և սովամահության գիրկը։ Իսկ ո՞ւմ կառավարության ծրագրում էր նշվում ծայրահեղ աղքատությունը վերացնելու մասին։ Գուցե «վերացում» ասելով հենց սա՞ էլ նկատի է ունեցել վարչապետը։ Իսկ ո՞վ էր մարզերից մեկում հանդիպումների ժամանակ խոստանում որ մարդկանց նպաստները չեն կտրի, եթե նրանք սկսեն աշխատել և աշխատավարձ ստանալ։
Միանշանակ է, որ աղքատության նպաստները պետք է լինեն առավելագույնս հասցեական։ Սակայն, դա որոշելու համար պետք է մանրակրկիտ հետազոտություն կատարվի, այլ ոչ թե հիմնվելով վարկային պատմությունների վրա, հայտարարել, որ եթե մարդիկ վարկ են վերցնում, ուրեմն աղքատ չեն։ Սակայն ով պետք է անի նման հետազոտություն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության «հաստիքով» ցուցարաները, որոնք միայն փողոցներ փակել, մեքենաներից ձայնային ազդանշաններ տալ և ֆեյբուքում ցինիկ գրառումներ կարող են անել։ Նրանք ուրիշ ոչնչի և հատկապես հետազոտություն կատարելու համար պիտանի չեն։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը ընտրել է կարճ ճանապարհը՝ զրկել նպաստներից։ Ճիշտ է, «Լեյլա տատիկների» մտածողությունը և վարքագիծը ցուցաբերած նպաստառուները հնձում են այն, ինչ ցանել են, սակայն անգամ նրանց հետ նման դաժանաբար չի կարելի վարվել։
Ի դեպ, Հայաստանում աղքատության նպաստների «Փարոս» համակարգը մշտապես գտնվել է նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների տեսադաշտում։ Վերջիններս աջակցել են Հայաստանի իշխանություններին հենց հասցեականության ճշտման ուղղությամբ և մշտապես արձանագրել, որ այդ առումով համակարգը Հայաստանում աշխարհում լավագույններից մեկն է։ Եվ հիմա եկել է Նիկոլ Փաշինյանը և պարզել, որ 11 հազար մարդ աղքատ չեն, որովհետև համարձակվել են բացի հացի համար նվազագույն գումար ստանալուց, վարկեր վերցնել այլ կարիքների համար ևս։
Իսկ թե որտեղից և ինչ քաղաքականության դեպքում կարելի է տնտեսել Փաշինյանի հիշատակած 4,5 և 9 մլրդ դրամը, այդ մասին՝ հաջորդ հրապարակմամբ։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը