23 01 2024

Սա իշխանական անսահման պոպուլիզմի հերթական դոզան էր՝ քվեի դիմաց. Թադևոս Ավետիսյան

Սա իշխանական անսահման պոպուլիզմի հերթական դոզան էր՝ քվեի դիմաց. Թադևոս Ավետիսյան

2021 թվականի դեկտեմբերի 10-ին պետական գրանցում ստացավ «Ֆլայ Արնա» ապրանքանիշով հայկական ազգային ավիաընկերությունը։ Օրվա իշխանավորները հնարավոր բոլոր առիթներով, բարձրագոչ և հեռուն գնացող նպատակներով ներկայացրեցին ներդրումային այս ծրագիրը։

Իհարկե, պոպուլիստական այս բեմականացման մեկնարկը տվեցին ամենահարմար պահին՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում։ Առիթը բաց չթողեցին և սովորականի պես այս ծրագրով ևս խոստացան օտարերկրյա նոր ներդրումներ և նոր աշխատատեղեր, ավիափոխադրումների էժանացում, անվտանգային բազում խնդիրների լուծումներ և այլն։

Իրականում, հիմա արդեն առավել պարզ է դառնում․ սա իշխանական անսահման պոպուլիզմի հերթական դոզան էր՝ քվեի դիմաց։

Բերեմ ծրագրի որոշ մանրամասներ։

ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 4-ի N 1701-Ն որոշմամբ պետական բյուջեից Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին հատկացվեց չորս միլիարդ յոթ հարյուր երեսուներեք միլիոն յոթ հարյուր քսան հազար ՀՀ դրամ (շուրջ 12 միլիոն ԱՄՆ դոլար)՝ «Ֆլայ Արնա» նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով։

Այսպիսով, ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսի սեփականատեր դարձավ պետությունը, հանձինս՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ):

Հիմա արդեն՝ հիմնադրումից երկու տարի անց, զանգվածային լրատվամիջոցներով տարածվում է չհերքվող տեղեկատվություն, որ «Ֆլայ Արնա» ընկերությունն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, թռիչքներ չի իրականացնում և կանգնած է գործունեությունը դադարեցնելու եզրին։

Հիմա ժամանակն է, որ այս ծրագրով պարծեցող, ամեն ինչ խոստացած և հերթական անգամ ձախողած պատասխանատուները և իրենց սպասարկող իրավապահ մարմինները տան շուրջ 12 միլոն ԱՄՆ դոլարի չափով պետական միջոցները փոշիացնելուն ուղղված, առնվազն հետևյալ հարցերի պատասխանները

1․ Ինչ ծավալի ֆինանսական չարաշահումներ են առկա պետական ներդրումային այս ծրագրում։

2․ Որքա՞ն է գնահատվում պետական բյուջեից հատկացված միջոցների կորուստը։

3․ Կոնկրետ ու՞մ ապաշնորհության հետևանքներն են ընկերության կառավարման ձախողումները։

4․ Ընկերության գործունեության դադարեցումը ի՞նչ բացասական հետևանքներ կունենա ավիափոխադրումների շուկայում՝ ավիափոխադրումների գների թանկացում, մրցակցային իրավիճակի վատացում և այլն։

5․ Պետական մասնակցությամբ այս ընկերության հետագա հնարավոր լուծարումը ի՞նչ բացասական հարված կհասցնի պետության ներդրումային վարկանիշին։

6․ Ձեր կողմից «բացումն արած» ներդրումային ծրագրերից կա արդյո՞ք գեթ մեկը, որը չի ունեցել կամ չի ունենալու նման ճակատագիր։

Պատասխանատուներից օր առաջ սպասում եմ այս հարցերի համակողմանի և հրապարակային պատասխաններին, որից հետո այս խնդիրներին կանդրադառնամ առավել խորքային։

 

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ