Բոլոր ժամանակների ու սորտի հեղափոխականների մոտ շատ լավ ստացվում է քանդել, մինչ այդ եղածը վերաձևել, ջնջել: Այդ ամենը, որպես կանոն, արվում է զանգվածներին ոգևորելով կամ ոգևորվածներին առաջին պլան բերելով: Պարտադիր կարգով՝ այդ ամենն արվում է հանուն լավ կյանքի, մարդկանց բարեկեցության ու լուսապայծառ ապագայի մասին լոզունգներով:
Մոտակա ժամանակահատվածում, օրինակ, սպասվում է ՀՀ պետական կառավարման համակարգի տարբեր օղակներից ամենաքիչը ինչ-որ մի 10 հազար կրճատում, ինչպես իշխանության բարձրամտիճան ներկայացուցիչներն են հռչակում՝ հանուն պետականության: Դեռ որոշ մարդիկ վիճելի են համարում հարցը, թե անցած տարվա ապրիլին տեղի ունեցածը որքանով կարելի է համարել հեղափոխություն, կոչվի այն թավշյա, թե անարյուն: Բայց այդ ամենի հետևանքով իշխանության եկածները չեն կասկածում, որ իրենք հեղափոխականներ են: Տնտեսությունն են անգամ հետևողականորեն քշում այդ գաղափարական կաղապարական դոգմայի մեջ, թե՝ «տնտեսական հեղափոխություն» են անում:
Եթե խնդրիը միայն պետական կառույցներում ավելորդ հաստիքների կրճատումը լիներ, դա ինչ-որ չափով կարելի կլիներ հիմնավորել, բացատրել, ըմբռնումով դրան մոտենալ: Բայց խնդիրը ավելի խորն ու հեռուն է գնում: Գործադիր իշխանության կառուցվածքում շոշափելի փոփոխություններ են ծրագրված, որոնք հեղափոխական անբովանդակ կոչերի չտրվող շերտի համար անհասկանալի են մնում: Նախարարությունները մեխանիկորեն միավորվում են, մեկը մյուսին է միացվում, ու դրանց շարքում՝ մշակույթի նախարարությունը, սփյուռքինը, գյուղատնտեսությանը, տրանսպորտինն ու կապինը երկատվում է: Կառուցվածքային փոփոխություն են դա անվանում, բայց դրա վերաբերյալ պաշտոնյաների արած հայտարարությունները ավելի են խորացնում կասկածները, որ ամեն ինչ արվում է առանց լուրջ վերլուծության ու հաշվարկի, որ դա հեղափոխական էքսպերիմենտատորություն է՝ սա սրան կպցնենք, տեսնենք՝ ինչ կստացվի: Այսինքն իրենք էլ կոնկրետացված պատկերացում չունեն, թե ինչ են անում և ինչի են ուզում հասնել:
Այդպիսի ձախավեր մոտցեման արդյունքները կարող են և անմիջապես երևալ, և այնպիսի հետևանքներ թողնել, որ հետո, եթե նույնիսկ հենց իրենք փորձեն ուղղել, դրա համար տարիներ պահանջվեն: Բացասական հետևանքներից մեկը այն կարող է լինել, որ պետական կառավարման համակարգի մի շարք կառույցներ կմատնվեն անգործության, կկորցնեն իրենց ֆունկցիոնալ որակի մի մասը, որը այնքան էլ բարձր չէր, կհայտնվեն անարդյունավետ տեղապտույտում: Եվ դա, չնայած այն բաին, որ այդ փոփոխությունները նախատեսող իշխանությունը արդյունավետության բարձրացման, միջոցների խնայողության մասին է խոսում:
Նիկոլ Փաշինյանի անհատական վարկանիշի ստվերի տակ խորհրդարան լցված զանգվածի անորակությունը և օրենսդիր աշխատանքով զբաղվելուն անհամապատասխանությունը թույլ են տալիս պատկերացում կազմել նաև գործադիրում սպասվող փոփոխությունների ու կրճատումների որակականի մասին: Ամենից հավանականն այն է, որ մասնագիտական կարողություններն ու գործունակությունը ստորադասվելու են հեղափոխական գաղափարներին նվիրվածությանն ու իներտությանը, առաջին գիլիդիայի հեղափոխական առաջնորդներին ծանոթ, մոտիկ, կամ ազգականի ազգական, ընկեր կամ ընկերոջ ընկեր լինելու պարագաները:
Վատ է և այն, որ ամենաքիչը 10 հազար մարդու գործազուրկ դարձնելու խնդիր դրած իշխանություններն իրենց այդ մտահղացումն արդարացնելու համար հրապարակ են նետում կարծրատիպեր, թե կրճատվողները պարապ-սարապ թրև եկողներ, պետության հաշվին «կոֆե խմողներ» ու ընդհանրապես անպետք կադրեր են, վատ մասնագետներ, հանցավոր ռեժիմի ծանոթ-մտերիմներ և այլն: Դա թակարդ-ական է, քանի որ, երբ վաղը, մյուս օրը այդ փոփոխությունների արդյունքները ուշանան, իսկ հետևանքները դառնան բացահայտ, չարացած հասարակությունը նույն սլաքն ուղղելու է արդեն «կոֆե դնող-խմողներց» ազատված երևակայական սուպեր-պրոֆեսիոնալների վրա ու դեմ:
Առողջապահության ոլորտում, ըստ հեղափոխական մոտեցման, մեր ամենամեծ խնդիրը, պարզվում է լիմոնադեղենն ու եվրոպականին համարժեք բարձր չհարկվող սիգարետեղենն էր: Հանրակրթության ոլորտում, պարզվում է, խնդիրը «Հայ եկեղեցու պատմություն» առարկան էր: Բարձրագույն կրթության ասպարեզում՝ ոչ յուրային ռեկտորները: Գյուղատնտեսության բնագավառում՝ կոկորդիլոսների բացակայությունը: Հասարակական հիմնական հարցն էլ լեսբի-գեյերի՝ տարբեր ամբիոններից ազատ-անկաշկանդ ելույթներ ունենալն էր պրոբլեմը: Բայց դրանք բոլորը շինծու, մարդկանց մեծամասնության կյանքի պայմանների ու դրանց բարելավման հետ շատ քիչ կապ ունեն: Սակայն այդ բոլորը իրար գումարվելով կարող են հիմնովին խարխլել պետության ու հասարակության կարկասը:
Հարություն Մինասյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը