Չնայած պետական եկամուտների կոմիտեի ղեկավարն ու ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում են աստղաբաշխական չափերով պարգևատրումները ներկայացնել որպես համեստ գումարներ: Դատելով ՊԵԿ-ից մեր հարցման պաշտոնական պատասխանից, դա ամենևին էլ այդպես չէ։ Ահա անցած տարվա 8 ամսիներին այդ կառույցի ստացած պարգևատրումների ցանկը։
Պաշտոն | Աշխատողների թիվ* | 2018թ․ մայիս-դեկտեմբեր |
Միջին | Պարգևատրումների չափ՝ օրենքով սահմանված պահումներից հետո | |
Նախագահ, Նախագահի 1-ին տեղակալ, Գլխավոր քարտուղար, Նախագահի տեղակալ, Գլխավոր քարտուղարի տեղակալ, Նախագահի խորհրդական, Նախագահի օգնական, Նախագահի առաջին տեղակալի օգնական, Նախագահի տեղակալի օգնական |
15
|
108 մլն 940 հազ 526 դր
|
Վարչության պետ, Վարչության պետի տեղակալ, Խորհրդական | 96 | 432 մլն 979 հազ 869 դր |
Բաժնի պետ, Բաժնի պետի տեղակալ, Բաժանմունքի պետ, ՀԿԳ քննիչ-բաժնի պետի տեղակալ |
284
|
566 մլն 827 հազ 966 դր
|
Գլխավոր մաքսային տեսուչ, Գլխավոր մասնագետ, Գլխավոր հարկային տեսուչ, ՀԿԳ քննիչ, Գլխավոր օպերլիազոր |
1 082
|
1 մլրդ 127 մլն 376 հազ 513 դր
|
Ավագ մաքսային տեսուչ, Առաջատար մասնագետ, Ավագ հարկային տեսուչ, Ավագ քննիչ, Ավագ հետաքննիչ, Ավագ օպերլիազոր, Քննիչ |
391 |
350 մլն 917 հազ 186 դր |
Հետաքննիչ, Օպերլիազոր, Մաքսային տեսուչ, Հարկային տեսուչ |
426
|
285 մլն 674 հազ 707 դր |
1-ին կարգի մասնագետ | 35 | 19 մլն 427 հազ 653 դր |
Քաղաքացիական աշխատանք կատարող աշխատակիցներ |
194
|
127 մլն 451 հազ 263 դր |
Տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներ | 527 | 277 մլն 281 հազ 350 դր |
Ընդամենը |
3 049
|
3 մլրդ 296 մլն 877 հազ 033 դր |
Փաստորեն, ինչպես երևում է ցանկից, ՊԵԿ մոտ 3 հազար աշխատակիցները 8 ամսում ստացել են մոտ 3,3 մլրդ դրամ պարգևատրում։ Այսինքն, այդ ընթացքում մեկ աշխատողի ստացած միջին պարգևատրումը կազմել է ավելի քան 1 մլն դրամ։ Սակայն սա դեռ ամենը չէ։
Հատկապես զայրացուցիչ է ՊԵԿ ղեկավար կազմի ստացած պարգևատրման չափը։ Եթե առաջին տողում նշված 15 հոգին 8 ամսվա աշխատանքի դիմաց ստացել են գրեթե 109 մլն դրամ, ապա մեկ հոգու ստացած միջին պարգևատրումն այդ ընթացքում կազմել է մոտ 7,3 մլն դրամ կամ 15 հազար դոլար։ Հետևաբար, երբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարում էր, որ ինքը չի ստացել 8 մլն կամ 9 մլն դրամ պարգևատրում, ապա մեղմ ասած, ճիշտ չէր ասում։ Ղեկավար կազմի պարգևատրումը հենց այդքան էլ կազմել է, իսկ թե այդ գումարն ամբողջությամբ ստացել են մեկ ամսվա ընթացքում, թե՞ մաս մաս՝ 8 ամիսների ընթացքում, այդքան էլ կարևոր չէ։ Թերևս, հերթական անգամ կարիք չկա հիշեցնել, թե ինչ ողբ ու վայնասուն էր բարձրացնում ներկայիս վարչապետն ու նրա թիմը մեկ տարի առաջ Հայաստանում աղքատության, գործազրկության, ցածր վարձատրության մասին։ Հիմա կարծես թե դա նրանց չի հուզում։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը արդարացնում է այս պարգևատրումները։
Այն, որ Հայաստանում գործազրկության և ցածր աշխատավարձերի ներկայիս ֆոնին նման պարգևատրումները առնվազն բարոյական չեն, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ներկա իշխանությունները ժամանակին քննադատում էին նախկիններին, այն պարագայում, երբ նման աստղաբաշխական պարգևատրումներ այն ժամանակ չկային։ Հարց է առաջանում, ինչո՞ւ էին քննադատում, երբ իրենք հիմա ավելի վատ են վարվում։ Դա՞ է ներկաների և նախկինների տարբերությունը։
Միաժամանակ, վարչապետն ու կառավարության մյուս ներկայացուցիչները «մոռանում են», որ օրենքով նախատեսված է մեկ աշխատավարձի չափով պարգևատրում, իսկ իրենք իրենց պարգևատրում են աշխատավարձի չափը անգամներով գերազանցող գումարներով։ Երբ ՊԵԿ նախագահը սա բացատրում է կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ, պատահական չէ, որ սա մեկնաբանվում է «եթե պարգևատրում չստանանք, կաշառք կվերցնենք»։ Եվ իրոք, սա ոչ մի կերպ չի տարբերվում կաշառքից։ Թերևս միայն նրանով, որ այս դեպքում ՊԵԿ աշխատակիցը կամ ղեկավարը մի դեպքում անհասկանալի և չհիմնավորված չափով մեծ գումար է ստանում այն պետական բյուջե մուտք գործելու հետո, իսկ մյուս դեպքում՝ դա կարող էր պահանջել և ստանալ տնտեսվարողից անմիջականորեն։ Ի դեպ, սա նաև դեմոտիվացնում է հարկատուներին, որոնք արադացի հարցադրում են անում, ասելով՝ «հարկ վճարեմ, որ իրենց ու իրենց գործավալներին պարգևատրում տա՞ն»։
Անթույլատրելի է նաև, որ պարգևատրումը տրվում է առանց բարձր արդյունքների աշխատող կառույցի աշխատակիցներին և հատկապես ղեկավար կազմին։ Գաղտնիք չէ, որ 2018 թվականի պետական բյուջեն փաստացի թերակատարվեց։ Տեղի ունեցավ խոշոր գումարների փոխանցումներ դեկտեմբերի վերջին օրերին, որոնք պետք է ցույց տային, որ բյուջեն գերակատարվել է, իսկ հետո այս տարվա հունվար-փետրվարին դրանք պետք է հետ վերադարձվեն վճարողներին։ Դրա վկայությունն է հունվար և փետրվար ամիսներին աշխատավարձեի և սոցիալական վճարների ուշացումները։ Այս պարագայում, այդ ո՞ր մի հաջողության համար են պարգևատրումները և ի դեպ, նաև աշխատավարձերին հավելումները, որոնց մասին այստեղ չենք անդրադարձել։
Նման չափերով ինքնապարգևատրման շռայլություն իրեն թույլ տվող իշխանությունը, ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է պետական համակարգի 10 հազար աշխատողներին կրճատելու անհրաժեշտության մասին։ Ի՞նչ օբյեկտիվության և արդարության մասին կարող են խոսել վարչապետն ու կառավարությունը, եթե առանց հիմնավորման, առանց այլընտրանքային առաջարկներ ներկայացնելու ցանկանում են կրճատել 10 հազար մարդու, իսկ փոխարենը իրենք իրենց նման պարգևատրումներ տալիս։
Պոպուլիստական խոստումների առատությամբ աչքի ընկնող Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը վերոնշյալ 3,3 մլրդ դրամը կարող էր ուղղել սոցիալական կոնկրետ ծրագրերի։ Օրինակ, ավելի 30 տարի մեր կողքին ապրող Ադրբեջանից գաղթած մեր հայրենակիիցների համար, որոնցից շատերը բնակվում են 20 քմ մակերեսի վրա բնակարան հիշեցնող տարածքում և անմարդկային պայմաններում, կառուցեր 4-5 բազմաբնականար շենքեր։ Կամ այդ գումարն ուղղեր գյուղերում մշակութային և մարզական կյանքը աշխուժացնելուն, նորոգեր մշակությային տներն ու կառուցեր մարզասրահներ։ Այս շարքը կարելի է երկար շարունակել, բայց դա անիմաստ է՝ իշխանության գլուխ հայտնվածները նախընտրում են վայելել իրենց կարգավիճակը՝ շատ ավելի ցինիկ և անբռնազբոս ձևով, քան երբևէ է եղել է նախկինում։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը