11 03 2019

Ո՞վ է պայքարում Ռոբերտ Քոչարյանի դեմ և ինչու

Ո՞վ է պայքարում Ռոբերտ Քոչարյանի դեմ և ինչու

Հայաստանի 2018 թվականի իշխանափոխությունից կարճ ժամանակ անց, թոհուբոհից հետո, երբ արդեն նշանակվել և հաստատվել էին բոլոր ուժային պատասխանատուները, անմիջապես սկսվեց նոր իշխանության ձեռնարկած՝ մարտի մեկի իրադարձությունների բացահայտման նոր փուլը։ Սկզբից հաղորդագրություն տարածեց ՀՔԾ-ն, որ գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել Միքայել Հարությունյանին։ Կարճ ժամանակ անց՝ արդեն հուլիսին, երկրորդ նախագահին հարցաքննության հրավերելու մասին հայտարարություն եղավ։ Օրը փոխեցին, քանի որ նախագահը երկրում չէր։ Ի վերջո, երկրորդ նախագահը ներկայացավ ՀՔԾ, և պարզվեց, որ նրան նույնպես մեղադրանք է առաջադրվում՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Նախագահին մեկուսացրեցին՝ իրենց մեկնաբանմամբ, որ նախաքննությանը չխանգարի, կարողանան իրենց գործն անկաշկանդ անել՝ բացահայտել ամենը։ Այս իրադարձություններն այնքան շոկային էին այդ ժամանակ, որ որոշ կարևոր տեղեկությունների հասարակությունը պատշաճ ուշադրության չդարձրեց։

Վերադարնանք 2019 թվական․ մարտի 4-ին ասուլիսի էր հրավիրել  «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կամ ինչպես ընդունված է ասել Սորոսի հայաստանյան հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։ Թեման հիմնականում «Ռեստարտ» նախաձեռնության անդամների բռնի գործողություն էր հրապարակախոս Նարեկ Մալյանի նկատմամբ։ Հիմնադրամի տնօրենը մերժում և դատապարտում էր արարքը և հիմնականում այն պատճառով, որ բոլորը «Ռեստարտի» անդամներին կապում են հենց իրենց հիմնադրամի հետ՝ նշելով, որ դա իրենց դրդմամբ և ֆինանսավորմամբ է տեղի ունեցել։

Շատ է խոսվում այն մասին և բերվում են նաև փաստեր, որ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամը մեծ ներդրում է ունեցել 2018-ի իրադարձությունների ժամանակ։ Հիմնադրամի ֆինանսավորմամբ աշխատող կազմակերպությունների բավականին մեծաթիվ անձինք տեղավորվեցին պետական ապարատում։ Նրանք պատգամավոր են, նախարար, տարբեր տրամաչափի չինովնիկներ ու հիմնականում՝ ղեկավար, նկատելի պաշտոնյա։ 

Հիշյալ ասուլիսի ժամանակ տիկին Լարիսա Մինասյանը, հերքելու համար, թե «Ռեստարտ»-ին տված գրանտը կապ ունի Նարեկ Մալյանին ծեծելու հետ, ասաց․ «Ի՞նչ է նշանակում գրանտ ենք տվել «Ռեստարտ» նախաձեռնության անդամներին: Որ Ալումյան Հայկին էլ ենք գրանտ տվել ժամանակին, հո չի՞ նշանակում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանելու համար ենք տվել»։ Այս հռետորական հարցն ուշագրավ է դրան նախորդած իրադարձությունների համատեքստում։

Ի՞նչու է բերվում հենց այդ օրինակը, ի՞նչու ուրիշ մեկի մասով օրինակ չբերվեց։ Չէ՞ որ հիմնադրամը տարբեր փուլերում դրամաշնորհներ է տվել շատ թվով փաստաբանների, իրավաբանների, որոնք էլ պաշտպանել են հանրությանը հայտնի բազմաթիվ գործիչների՝ իհարկե, ոչ դրամաժշնորհի շրջանակներում, հուսանք։ Եվ ուրեմն ինչո՞ւ է բերվում հենց Ռոբերտ Քոչարյանի օրինակը։

Միգուցե այն պատճառով, որ ի սկզբանե իրենց գործունեության թիրախում եղել է հենց երկրորդ նախագա՞հը, նպատակն էր օգնե՞լ մեկուսացմանը, չթողնե՞լ ազատ գործի և խանգարի իրենց նպատակներին։

Ուշագրավ մեկ փաստ ևս․ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրող ՀՔԾ ղեկավարը ոչ այլ ոք է, քան՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը։

Իսկ ինչի՞ց ենք ենթադրում, որ Ռոբերտ Քոչարյանն է իրենց թիրախը։

Ներկա իշխանությունն արդեն բացահայտել է, որ պայքարում է Ռոբերտ Քոչարյանի դեմ, իսկ կալանքից ազատման միջնորդությունները դեմ են առնում պատի։ Գործով անցնող մյուս բոլոր անձանց նկատմամբ որպես խափանման միջոց գրավ ու ստորագրություն է կիրառվել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանին անգամ նախաքննության ավարտից հետո բաց չեն թողնում, չնայած որ ազատ չարձակելու հիմնական պատրվակն այն էր, թե նախաքննությանը կխոչնդոտի։

Օգոստոս ամսին ազատ արձակվելուց հետո երկրորդ նախագահը մամուլի ասուլիսի ցանկություն հայտնեց՝ պարզաբանելու համար տեղի ունեցողը, պատասխանելու մի քանի տասնյակ, այդ թվում՝ արտասահմանյան լրատվամիջոցների հարցերին, առանց սահմանափակումների։ Ասուլիսը տապալեցին մի խումբ անձինք, որոնք վարչապետի և առաջին նախագահի կողմնակիցներն էին։ Նրանց թվում ամենաագրեսիվները, ինչպես կարելի է տեսնել տեսանյութերում, «Ռեստարտի» անդամներն էին՝ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Արձանագրենք՝ Ռոբերտ Քոչարյանի՝ լրագրողների հետ շփվելուն խոչընդոտեցին Փաշինյանի, Տեր-Պետրոսյանի և այսպես ասած՝ Սորոսի մարդիկ։

Տեր-Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ատելությունը հայտնի է՝ Վազգեն Սարգսյանի հետ մեկտեղ իր հրաժարականն են պարտադրել, Փաշինյանի վերաբերմունքը հայտնի է, իսկ Սորոսինը նոր է պարզվում։

Հատկանշական է որ իշխանափոխության և հատկապես այսօրվա իշխանության կորիզը գրեթե ամբողջապես կազմում են ոչ թե այսպես ասած՝ հպարտ ժողովուրդը, այլ այս երեք միավորները։ Իսկ սրանք իրենց իշխանության հիմնական վտանգ են տեսնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվությունը։

Եվս մեկ նկատառում․ դեռ օգոստոս ամսից տեղեկություն կար, որ Սորոսի հիմնադրամի կողմից, ուղիղ կամ միջնորդավորված գումարներ ստացած լրատվամիջոցներին հրահանգ էր իջեցված երկրորդ նախագահի վերաբերյալ որևէ պաշտպանական կամ դրական երանգով նյութ չտեղադրել, նախագահի որևէ աջակցի եթերում չհյուրընկալել, իսկ հակառակ կողմին ու դատապարտողներին, նախագահի ոխերիմ հակառակորդներին հաճախ հյուրընկալել և տալ բոլոր այն հարցերը, որ կօգնեն հնարավորինս շատ «թույն թափել»։

Համաձայն մեր դիտարկումների, օգոստոսից մինչ հիմա, իրոք, այդ պատկերն է։ Այդ լրատվամիջոցներում գրեթե բացակայում է դրական երանգի հրապարակում, չհաշված պաշտպանական կողմի, գրասենյակի կամ հենց Քոչարյանի լուսաբանվող ինֆորմացիոն առիթները։ Դրանք էլ սակավ են, «անջիգյար», հիմնականում անհասկանալի ու անկարևոր խորագրերով։ Իսկ մեղադրող կողմի հետ՝ հարցազրույցներ, երկրորդ նախագահին դատապարտող վերլուծություններ, ծաղրանկարներ՝ ինչքան ուզեք, պակաս չկա։

Կասեք՝ ամեն մեդիահարթակ իր կողմնորոշումն ու ճաշակը կարող է ունենալ։ Այո, բայց մեծ զուգադիպությամբ դրանք ֆինանսավորվում են հենց այդ հիմնադրամների կողմից։

Ստացվեց՝ Տեր-Պետրոսյան-ՀԱԿ-ական, Փաշինյանական կայքերն ու նրա ընտանեկան թերթն ու կայքը և Սորոսի հիմնադրամների ֆինանսավորմամբ լրատվամիջոցներն են, որ Ռոբերտ Քոչարյանի անձին միայն բացասական առումներով են ներկայացնում։ Շրջանակը, ինչպես ասում են, ամբողջացավ։

Այս օրերին ևս այդ կայքերը ջանք չեն խնայում հարձակվել երկրորդ նախագահի վրա, և տպավորություն է, թե այսօր ևս նա է երկրի ղեկավարը և աշխատում է շատ վատ, Նիկոլ Փաշինյանի պես։ Մոռացել են, որ Փաշինյան վարչապետ ունենք, որն ինքը և թիմը ամեն օր մեզ՝ լրատվամիջոցներիս շունչ քաշել չեն թողնում․ այսօրվա կառավարության սխալների ժողովածուն անսպառ ուսումնասիրության թեմա է։

Բայց ոչ, խոսում են հիմնականում Ռոբերտ Քոչարյանից ու այնպիսի երանգավորումներով, կարծես մեր ազգի և պետության թշնամու կերպար են ուզում ստանալ հանրության մոտ, ավելի հուժկու, քան, ասենք, Ադրբեջանը և իր ղեկավարը․․․

Ի դեպ, ով չգիտի, տեղեկացնենք, որ հարգարժան Ջորջ Սորոսը տասնյակ տարիներ է, ինչ մտերիմ է Ալիև ընտանիքի հետ, և Ալիևին այնքան հաճախ է հանդիպում, որ միայն պաշտոնական հանդիպումներից տասյակ լուսանկարներ կարող ենք գտնել համացանցում։ Գուցե Ալիև կրտսե՞րն է միջնորդավորված պայքարում Հայաստանում ժողովրդավարության ու ազատություն սերմանելու համար և որպես այդ «բարի» գործի թշնամի դիտարկում է նույն Ռոբերտ Քոչարյանին։

Ամեն դեպքում, ունենք փաստ, որ մեկ անձի կողմից ստեղծված մի քանի տասնյակ հիմնադրամներ տարիներ շարունակ գործունեություն են ծավալել մեր երկրում, տարբեր ծրագրեր իրականացրել, հետո իրենց կադրերով համալրել պետական համակարգի առանցքային ոլորտները, ունեն սեփական լրատվամիջոցները և անխնա տարածում են իրենց «բուժիչ խոսքը», ու այդ մեկ անձը մտերիմ է Իլհամ Ալիևի հետ։

Հետևություններ կարող եք անել ինքներդ՝ չափազանց կարճատես կամ հեռուն գնացող։

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ