Կառավարության գործունեության ծրագրին, երբ դա ներկայացվեց, մի շարք համառոտ բնութագրումներ տրվեցին՝ «կենացների ժողովածու», «մտադրությունների կամ ցանկությունների հավաքածու»: Իսկ 168.am-ին տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այդ փաստաթուղթը այսպես բնութագրեց. դա ծրագիր է՝ ծրագրի բացակայության մասին:
Ու էլի գնահատականներ են եղել, որ տարվա կտրվածքով 5 տոկոս տնտեսական աճի թիրախային նպատակ սահմանելով տնտեսական հեղափոխությունից չեն խոսում: Կամ էլ՝ նման նապատակադրումներով միայն խոսել էլ հնարավոր է: Անընդմեջ խոսել, կոչեր անել, հետո՝ միտինգ, երթ, պառադ, ինչպես սովետական երկրի միակ կուսակցության ղեկավարներն էին վարվում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, իր կառավարության անդամներն էլ, ուր գնում են՝ տնտեսական հեղափոխություն բառակապակցությունը շուրթերին է:
Կառավարության ծրագրից հեղափոխական փրփուրը թափես, տակը անկազմակերպ, կցկտուր և ամբողջական մոտեցման տեղ չթողնող կիսաքայլերի, կիսատ-պռատ պատկերացումների հավաքածու է մնում: Բայց ծրագրի անծրագիր լինելու տպավորությունը ենթադրության տեղ է տալիս, որ այն, ինչը Ազգային ժողովում հաստատվեց, ընդամենը ձևի համար գրված մի բան էր, իսկ կառավարության հիմնական գործողությունը կանոնակարգվում է բոլորովին ուրիշ՝ սիրելի ժողովրդին բացահայտ չցուցադրվող, բայց քայլ առ քայլ իրագործվող թաքուն ծրագրով: Կան մարդիկ, որ ամենայն լրջությամբ ասում են՝ սա Սորոսի ծրագիրն է ու նրան է հայտնի ամբողջական սցենարը: Կան մարդիկ, որ ասում են՝ սա Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն է, կան հաստատ համոզվածներ, որ սա միայն Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է ու ինքը գիտի, թե ինչ է անում:
Բայց այդ անծրագրության տակ ինչ-որ ծրագրավորվածություն է նկատվում, իսկ կառավարության մշակած տարբեր նախագծերով ու նախաձեռնություններով բացահայտվում է իրական մտադրությունների մի որոշ մասը: Մասնակի են բացահայտվում, դիպվածաբար, ինչի պատճառով էլ մեծ և հրապարակային հակազդեցության չեն արժանանում: Մի քանի օր սոցիալական ցանցերում մի քայլի մասին են տարբեր մարդիկ աղմկում, մի քանի օր՝ մեկ ուրիշ նախագծի, և՝ վերջ, քննարկման թեման փոխվում է, հետո մեկը մի անհեթեթ բան է ասում, և բոլորն անցնում են դրան:
Կառավարությունն, օրինակ, նախատեսում է օպտիամալացման և նախարարությունների կրճատման հեղափոխական գործողություն անել: Ու, ինչպես բացահայտեց նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, կառավարության ղեկավարների մակարդակով քննարկվում է տասնյակ հազար մարդկանց՝ փողոցում հայտնվելու հնարավորությունը՝ հանուն պետական շահերի:
Շոշափում են 10000 թիվը ու դա անում են այնպես, որ կասես՝ մարդկանց մասին չեն խոսում, այլ կահույքի կամ գրասենյակային պարագաների:
Կամ նախարարությունների կրճատումն ու մեկը մյուսին միացնելու ծրագիրը. աչքաչափով, մոտավորապեսով ուզում են կպցնել իրար: Ոչ մի հիմնավոր, համոզիչ հետազոտություն, բացատրություն կանխատեսվող արդյունք չի նշվում: Եթե հարց տվող լինում է, պատասխանը «պարապ կոֆե խմողներից...», «հավելյալ արժեք չստեղծողներից ազատվում ենք» պրիմիտիվ ֆրազներից այն կողմ չեն անցնում:
Դա կարելի է հեղափոխական քայլ համարել: Բայց դրա գինը պետական կառավարման համակարգի ինսուլտը՝ կաթվածահարումը կարող է լինել: Երբ արդեն իշխանությունը վերցրել են, նրանց մոտ ստացվում է միայն ամեն ինչ իրար խառնելն ու խառնաշփոթ ստեղծելը: Խառնաշփոթ՝ պետական կառավարման համակարգում, կառույցներում, այս նախարարությունը վերացնել, այն մեկը միացնել երրորդին, այս մեկին այստեղից հանել՝ 10․000-ին կրճատել: Հենց դա էլ մարդիկ տեսնում են արդեն մոտ 11 ամիս շարունակ: Տեսածից արվող հետևությունն այն վատ ենթադրությունն է, որ այդ՝ կենացների, ցանկությունների անծրագիր ծրագիրը իրականում ոնց որ թե՝ ծրագրավորված է ու նպատակաուղղված անցած տասնամյակներում ձևավորված պետական կառույցները վերացնելուն կամ ավիրելուն:
Դա նմանվում է գլխացավից ազատվելու համար գլուխը կտրելուն:
Հարություն Մինասյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը