25 02 2019

Ինչպես են չարաշահում զոհերի հարազատների ողբերգությունը

Ինչպես են չարաշահում զոհերի հարազատների ողբերգությունը

Մարտի 1-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երթ է նախաձեռնել: Անցած 10 տարիների ընթացքում էլ, այդ օրը, բայց ՀԱԿ-ի նախաձեռնությամբ, հիշատակի երթեր են կազմակերպվել, որպես հարգանքի տուրք՝ 2008-ի մարի 1-ի ողբերգական դեպքերի հետևանքով զոհված մեր 10 հայրենակիցների հիշատակին: Թե ՀԱԿ ղեկավար, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր այն ժամանակվա ըիմի նկատելի անդամներն ի՛նչ դերակատարություն են ունեցել այն բանում, որ մարտի 1-ի ցերեկն ու երեկոյան դեպքերը արյունալի ընթացք ստանան, դա առանձին վերլուծության հարց է: Մանավանդ, որ դրա մասին շատ է ասվել ու գրվել:

Այս անգամ մարտի 1-ի երթը տարբերվում է այն տեսակետից, որ նախաձեռնողը գործող իշխանությունն է՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որ 2008-ի մարտի 1-ին հենց Լ.Տեր-Պետրոսյանի թիմի հիշատակված նկատելի դեմքերից մեկն էր, ով նշված դեպքերի ժամանակ ու դրանց բախումնային ընթացքի վրա որոշակի ազդեցություն ունեցել է:

Այժմ նա վարչապետ է և հնարավորություն ունի պետական մակարդակով երթ կազմակերպել մարտի 1-ին: Արդեն կան խոսակցություններ, որ երթը իրականում էլ պետական մակարդակով է կազմակերպվում։ Պետական հաստատությունների հատկապես միջին ու ստորին օղակներին վերևից հանձնարարված է այդ օրը ներկա գտնվել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթին: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ հանձնարարված է, որ անձնական ներկայությունից բացի, պետական աշխատողները իրենց հարազատներին ու ազգականներին «բերեն» կամ գոնե՝ հորդորեն, որ մասնակցեն: Նույն ձևով, խոսակցություններ կան, որ կրթական հաստատությունների՝ դպրոցների ու բուհերի ղեկավար կազմերին ներքին կարգով հրահանգվում է ներկայություն ապահովել մարտի 1-ի երթին:

Դրանք, կրկնենք, խոսակցություններ են: Իսկ մարտի 1-ի 10-ը զոհերի հարազատների անունից տարածված կոչ-հայտարարությունը արձանագրված փաստ է, որն ավարտվում է երթին մասնակցելու կոչով: Հարազատներին կորցրած սգակիր մեր հայրենակիցները, օրինակ, ասում են, որ մարտի 1-ին երթ անելու վերաբերյալ Նիկոլ փաշինյանի կոչը իրենց հույս է տալիս, որ՝ «վերջապես, մարտիմեկյան ոճրագործությունից 11 տարի անց կատարվում են հստակ քայլեր այդ հանցագործության բացահայտման և մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ»:

Որո՞նք են այդ հստակ քայլերը: Ե՞րթը կարող է լինել այդպիսին: Որևէ հրապարակային միջոցառմամբ, հիաշատակի արարողությամբ, երթով կամ հանրահավաքով հնարավո՞ր է բացահայտել որևէ հանցագործություն, առավել ևս՝ մարտի 1-ին կատարվածը, իսկ մեղավորներին կանչել պատասխանատվության: Ավելի շուտ, կարելի է հասարակական տրամադրվածություն ձևավորել և եղածն ուժգնացնել՝ որևէ մեկին մեղավոր հռչակելու և առանց դատուդատաստանի հաշվեհարդար տեսնելու, ինչ-ինչ շրջանակների քաղաքական շահերն սպասարկելուն ուղղված քայլեր անելու համար: Ցանկացած դեպքում՝ երթը քաղաքական դաշտում է, քաղաքական ու հասարակական դրսևորում է, իսկ գործ բացահայտելը, մեղավորներ բացահայտելը և պատասխանատվության ենթարկելը՝ իրավական, քրեաիրավական, դատաիրավական հարթության մեջ են: Մեկը մյուսին խառնելը ամենավատ բանն է, որ կարելի է պատկերացնել:

Քրեական գործերը քննելու, բացահայտելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, բսովորաբար լինում են պետական համապատասխան կառույցներ, մարմիններ, հաստատություններ: Եթե կա ինքը՝ պետությունը:  

Մարտի 1-ի զոհերի հարազատները սակայն հայտարարում են. «Մենք երկար տարիներ սպասել ենք, որ կգա այն օրը, երբ մեր հարազատներին սպանողները կկանգնեն արդարադատության առաջ և պատասխան կտան օրենքի ամբողջ խստությամբ: Նոր իշխանությունը մինչ այս պահը կատարել է անհրաժեշտ քայլեր, դրսևորել է կամք՝ մեր տարիների պահանջը կատարելու համար: Գտնում ենք, որ Մարտի 1-ին պետական մակարդակով կազմակերպած երթը այդ ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է, որը կունենա իր տրամաբանական շարունակությունը»:

Դա մարդկանց ակնկալիքն է: Իսկ ի՞նչ կա իրականում: Ի՞նչ քայլեր է արել հայտարարության մեջ նշված «նոր իշխանությունը»: Մարտի 1-ի գործը վարող ՀՔԾ-ն արդյոք բացահայտե՞լ է մարտի 1-ին զոհված 10 հայրենակիցների (8 քաղաքացիական անձ և ՆԶ երկու զինծառայող) մահվան և սպանության կոնկրետ մեղավորներին, պարզե՞լ է նրանցից յուրաքանչյուրի կոնկրետ դերակատարումն ու մեղավորությունը: : Կամ ՀՔԾ-ն վերջին կես տարվա ընթացքում ի՞նչ քայլեր է ձեռնարկել՝ կոնկրետ սպանությունները բացահայտելու ուղղությամբ:

Հայտնի է, որ ՀՔԾ-ն քննել և ավարտել է գործը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարարին, ԳՇ նախկին պետին ուղղված մեղադրանքներով և ուղարկել դատարան: Նրանց սպանությա՞ն համար է մեղադրանք ներկայացված: Ոչ և կրկին՝ ոչ: Ընդամենը՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանք, որը, ինչպես պնդում են մեղադրվողներն ու իրենց փաստաբանները՝ փուչիկ է: Այդ բոլոր հարցադրումները ավելի են սրում այն տպավորությունը, որ մարտի 1-ի զոհերի հարազատներին շատ կոնկրետ օգտագործում են՝ խաղալով մարդկանց վշտի ու ողբերգության վրա, շահարկելով այն, արդեն նաև՝ չարաշահելով պետության ղեկավարի պաշտոնեական դիրքը:

 

Գալուստ Գրիգորյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ