Այն, որ կառավարության գործողությունները միտված են մեկ նպատակի՝ սահմանել համընդհանուր վերահսկողություն և ամրապնդել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, փաստացի ապացույցներ են ստացվում ամեն օր։ Քաղաքական հալածանքներին զուգահեռ, իրականացվում է տնտեսական դաշտը լիակատար հսկողության ենթարկելու անթաքույց քաղաքականություն, որպեսզի ցանկացած պահ, ցանկացած մարդու հնարավոր լինի «նեղը գցել» եկամուտների կամ ունեցվածքի ծագման մասին մեղադրանքներով։ Եթե ոմանց կարող է թվալ, թե դա կարող է վերաբերվել միայն ունևոր մարդկանց, ապա նրանք չարաչար սխալվում են։ Իշխանության այդ մոտեցման ամենաթարմ օրինակը համընդհանուր հայտարարագրման անցնելու մասին կառավարության նախաձեռնությունն է, որը պարզապես հետաձգվեց։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր ստանալ այդ նույն մարդկանց քվեն, որոնց (այսինքն բոլորի) եկամուտները նա պատրաստվում էր հայտարարագրել։ Անկասկած, մի օր այս նախաձեռնությունը կրկին օրակարգ է վերադառնալու։
Եվ ահա վարչապետը հայտարարեց ևս մեկ նախաձեռնության մասին, որը կոչված է ամրապնդել պետական ռեպրեսիվ համակարգը և ոչ ավել, ոչ պակաս ցանկացած պահի մարդուն զրկել սեփականությունից։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հետևյալն է ասել․ «Մարդը պետք է բացատրի իր գույքի ծագման աղբյուրը: Այս դեպքում չի գործում անմեղության կանխավարկածը, այլ, կոպիտ ասած, մեղավորության կանխավարկածը, եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ այդ գույքը օրինական է ձեռք բերել, այն համարվում է ապօրինի»։ Ի՞նչ է սա նշանակում։
Պետությունը կարող է ցանկացած պահի, ցանկացած մարդուց, առանց դատարանի որոշման հետ վերցնել նրա տունը, ավտոմեքենան, հողը կամ այլ ունեցվածք։ Ասել, որ սա կատարյալ ապօրինություն է, մարդու հիմնական իրավունքներից մեկի՝ մասնավոր սեփականության նկատմամբ ոտնձգություն, նշանակում է ոչինչ չասել։ Սրա նպատակն է, ինչպես արդեն նշվեց վերևում ստեղծել վախի մթնոլորտ և զերծ մնալ ցանկացած քննադատությունից, իսկ արվածը որպես արդար գործ ներկայացնելու համար դա անվանել «գողացածը ժողովրդին կամ բանակին վերադարձնել»։ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե մարդիկ կոչված են անընդհատ «ծամելու» իր բառապաշարի սիրելի բառերը՝ «թալան», «կոռուպցիա», «գողացված» և մի օր չեն հարցնելու՝ եթե դրանք հետ ես բերում, իսկ ինչո՞ւ մեր կյանքը ոչ միայն չի լավանում, այլ վատանում է, ինչո՞ւ է պետական աշխատավարձների վճարումը ուշանում և այլն։ Սակայն սա հարցի մի կողմն է միայն։ Կա մյուս կողմը, որը մի տեսակ աննկատ է մնում։
Ցանկացած փոքր կամ միջին խանութի, արտադրության, սպասարկման ոլորտի օբյեկտի սեփականատեր ունի քիչ թե շատ արժեքավոր տուն, ավտոմեքենա, բարձր եկամուտ, չխոսելով արդեն խոշոր գործարարների ունեցվածքի մասին։ Բնական է, որ նրանից յուրաքանչյուրի մոտ ցանկության դեպքում կարելի է հայտնաբերել հաշվապահական խնդիրներ կամ ստվեր։ Դրանից հետո, ինչպես ասում են, արդեն տեխնիկայի հարց է նրան մեղադրել «ժողովրդի ունեցվածը գողանալու» մեջ և բռնագանձել նրա ունեցվածքը։ Այս դեպքում հարց է առաջանում՝ որևէ մեկը կցանկանա՞ նման միջավայրում հավելյալ ներդրում անել, նոր բիզնես սկսել կամ ընդլայնել եղածը։ Խոսքը հատկապես վերաբերվում է ներքին ներդրողներին, որոնք երկրում հիմնական ներդրում կատարողներն են։ Արտաքին ներդրողների համար արդեն կան մեր երկրում ներդրումներ անելուց վանող գործոններ, որոնցից հիշատակենք ամենաարտառոցը՝ բանկային գաղտնիքը հրապարակելը երկրի ղեկավարի կողմից։ Հիմա էլ ներքին ներդրողներին ենք խրտնեցնում՝ դամոկլյան սրի նման նրանց գլխավերում պահելով բոլշևիկյան «ունեզրկման» սպառնալիքը և միաժամանակ հույս դնում, որ տնտեսական ա՞ճ կունենանք և կենսամակարդակի բարձրացո՞ւմ։ Գործարար շրջանակները արդեն իսկ վախեցած են մեր երկրում տեղի ունեցող նման գործընթացներից։ Նրանք գուցե ակտիվ ընդդիմախոս չեն լինի, բայց կսահամանափակեն իրենց գործարար ակտիվությունը։ Իսկ դա նշանակում է աշխատատեղերի փակում, հարկային եկամուտների նվազում, տնտեսական ակտիվոթւյան անկում։
Նիկոլ Փաշինյանին սակայն այլ բան է թվում։ Ըստ նրա, բավական է ՀԴՄ-ների կտրոնները մարդիկ պահանջեն և տնտեսությունը կզարգանա, բյուջեի եկամուտները կավելանան, թոշակներն ու աշխատավարձերն էլ կբարձրանան։ Սա խոսում է վարչապետի պաշտոնում հայտնված մարդու՝ տնտեսական իրողություններից հեռու լինելու մասին։ Եթե մի կողմից ստիպում ես համընդհանուր հայտարարագրում անել, մյուս կողմից՝ սպառնում ես գույքը բռնագանձել, իսկ երրրոդ կողմից էլ հույս տածում, որ ՀԴՄ-ների կտրոն պահանջելուց նման արդյունք կստանաս, ապա այլ եզրակացություն անելու հնարավորություն չի մնում։
Այն, որ ստվերային շրջանառության դեմ պետք է պայքարել և հնարավորինս բացահայտել փաստաթղթաշրջանառությունը, թերևս ոչ ոք չի կասկածում և բոլոր կառավարությունները իրենց քայլերն արել են այս ուղղությամբ։ Սակայն, դա չի կարող դառնալ պետության զարգացման անսպառ աղբյուր և դա պետք է ուղեկցվի միայն տնտեսական աճի բարձր տեմպով։ Այսինքն, տնտեսվարողների շրջանառությունը պետք է ավելանա, եկամուտները ևս, որից հետո միայն պետությունը պետք է պահանջի բիզնեսից՝ տվյալ դեպքում փոքր բիզնեսից իրական կամ գոնե իրականին մոտ շրջանառություն ցույց տալ և համարժեք հարկեր վճարել։ Եթե սա տեղի չի ունենում, ավելին՝ տնտեսական ակտիվությունը նվազում է, առևտրի շրջանառությունն էլ հետը, ապա ՀԴՄ կտրոններ պահանջելը պարզապես մահացու հարված կարող է դառնալ փոքր բինզեսի համար։ Ցածր եկամուտների պատճառով մարդիկ ուղակի կփակեն իրենց օբյեկտները, իսկ այդ դեպքում արդեն ոչ թե լրացուցիչ եկամուտներ չեն մտնի պետական բյուջե, այլ հիմա վճարվողն էլ չի լինի։
Սա է իրականությունը, որը մի օր հարվածելու է գործող իշխանությանը, որքան էլ նա փորձի համընդհանուր հսկողություն սահմանել քաղաքական և տնտեսական դաշտում, շարունակի հալածանքներն ու սպառնալիքները բնակչության ավելի ու ավելի շրջանակի նկատմամբ։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը