13 12 2018

Ինչո՞ւ հանկարծ որոշեցին միլիարդներ կտակել պետությանը

Ինչո՞ւ հանկարծ որոշեցին միլիարդներ կտակել պետությանը

Վաչագան Ղազարյանը 6 մլն դոլար է կտակում պետությանը։ Ուշագրավ լուր՝ չափազանց բարի ու հայրենասիրական քայլի մասին, այն էլ՝ մի մարդու կողմից, որը մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ։ Բայց երբ փոքր հայացք ես նետում տարածած հայտարարության վրա, պարզորոշ երևում է, որ ինչ-որ բան այն չէ։

Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին, հուլիսի 24-ին ազատ արձակվել՝  1 մլրդ դրամ գրավի դիմաց։ Այնուհետև դատարանը նոյեմբերի 15-ին կրկին կալանավորեց՝ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ դժգոհեց կալանքը գրավով փոխարինելու որոշումների հաճախակիությունից։

Դեկտեմբերի 12-ին դատարանը մերժեց գրավով ազատ արձակելու միջնորդությունը, որից հետո Վաչագան Ղազարյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե ինքն ու ընկերը պատրաստվում են հաշվին եղած ամբողջ դրամական միավորը` 6 մլն դոլար, փոխանցել պետությանը՝ ՀՀ և ԱՀ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի կամ պետական այլ կարիքների համար։ Իսկ դեկտեմբերի 13-ին, արդեն, ևս երկու ամսով կալանավորման որոշում կայացրեց։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման համար, ինչը նա տարածված հաղորդագրությամբ մերժում է․ «Քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել եմ իմ և իմ կնոջ բանկային հաշիվներին շուրջ տաս տարի առկա, ինչպես նաև մեր բնակարանում խուզարկության ժամանակ առգրավված կանխիկ դրամական միջոցների ծագման աղբյուրները։ 

Մասնավորապես, հայտնել եմ , որ դրանց զգալի մասը պատկանում է ՀՀ-ից դուրս բնակվող հայտնի գործարար և բարերար իմ մտերիմ ընկերոջը, որի տվյալները նպատակահարմար չեմ համարում այս պահին հրապարակել։ Այդ գումարների ծագման աղբյուրները օրինական են, որի վերաբերյալ ապացույցներ ներկայացվել են  վարույթն իրականացնող մարմնին։ Այդ գումարները ստացվել են մինչև ապօրինի հարստացման քրեականացումը այսինքն, մինչև  2017 թվականի հուլիս 01-ը»։

Տարօրինակ է՝ եթե այդ գումարներն օրինական են, ապա ինչո՞ւ է Վաչագան Ղազարյանը փոխանցում պետությանը, այն դեպքում, երբ նույն պետությունը հրաժարվում է նրան շատ ավելի փոքր գումարի դիմաց ազատ արձակել։

Հատկանշական է որ հայտարարությունը տարածվում է, անմիջապես խափանման միջոցը փոխելու մերժող նիստից հետո, որն առնվազն տարօրինակ է։

Պատճառը գուցե այն է, որ այդ գումարը ցանկանում են խլե՞լ իրենից, պատա՞նդ են պահում, մինչև չվճարի՞։

«Նշված գումարները հօգուտ պետության բռնագրավվելու նպատակով քրեական վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությամբ տարբեր պետական մարմինների կողմից փորձ է արվում տարբեր եղանակներով իմ և իմ ընտանիքի անդամների հետ կապել մի շարք ընկերություններ, բիզնեսներ, ապօրինի կալանքի տակ են գտնվում ինձ հետ ազգակցական և խնամիական կապի մեջ գտնվող անձանց պատկանող գույքերը և դրամական միջոցները։

Ինձ հետ կապ չունեցող ընկերություններում իրականացվում են հարկային ստուգումներ, որոնց արդյունքները փորձ է արվում կապել իմ անվան կամ վերը նշված դրամական միջոցների հետ»,- գրում է Վաչագան Ղազարյանն ինքը։

Այսինքն, որ ընկել են իր հետևից, դա հասկանալի է, բայց որ ինքն էլ հայտարարում է որ նվիրում է՝ «առեք ու ինձնից մի կողմ քաշվեք» տարբերակով, ու շարունակում է մնալ կալանքի տակ, տարօրինակ է։

Նշենք, որ ունեցվածքը խլելու վերաբերյալ դատողություններն ի հայտ եկան ոչ միայն Վաչագան Ղազարյանի պարագայում, ավելին՝ նա չորրորդն է։ Նախ հայտարարվեց, որ իր՝ Արշալույս գյուղի սեփականությունը համայնքին է նվիրում Մանվել Գրիգորյանը։ Հետո Էջմիածնի քաղաքապետը հայտարարեց, որ ևս 40 անուն անշարժ գույք կհանձնվի համայնքին, քանի որ Մանվել Գրիգորյանն օրենքի որոշ խախտումներով է ձեռք բերել։

Հետո Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Սարգսյանի անունից հայտարարեց 30 միլիոն դոլար պետբյուջեին նվիրելու մասին։ Հետո Արմեն Ավետիսյանի անունից հայտարարեց 20 մլն դոլարանոց հյուրանոցը պետությանը կտակելու մասին։ Փաստացի Հայաստանում տեղի է ունենում սեփականության խլում՝ 90-ականներին դրան ասում էին ռեկետ։ Ոչ թե դատ ու դատաստանով ապացուցվում է հարուստ անձանց ապօրինի հարստացման հանգամանքը, այլ՝ խլում են ունեցվածքը։ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը, օրինակ, բոլորովին էլ ապօրինի հարստացման շուրջ չէ, առաջադրված մեղադրանքներն էլ չի ընդունում, բայց նա բանտից դուրս է գալու որպես տնանկ, չնայած հայտնի տեսագրության մեջ «դափոնով» սեփականության վկայականին։

Այս տարի կալանավորվեցին Սաուդյան Արաբիայի 12 արքայազներ, որոնք ազատ արձակվեցին 100 մլրդ դոլարի դիմաց։ Դա գործարք էր՝ այդքան գումար պետբյուջեի կարիքների համար և դուք ազատ եք։ Հիմա սա է՝ կյանք ու ազատություն՝ փողի դիմա՞ց։ Բայց բանն այն է, որ այն մարդիկ, որոնք կալանքի մեջ են, շարունակում են մնալ կալանավորված նաև ունեցվածքը տալուց հետո։ Նիկոլ Փաշինյանը խոստումը չի կատարում նաև այս պարագայում․ նա խոստացել էր գումարները պետբյուջե հանձնելուց հետո ազատ արձակել։

Այդ տեսակ գործարքներ կարող են լինել, բայց միմիայն թափանցիկ ընթացակարգով, հանրության համար հասկանալի։ Այլապես, ստացվում է՝ մարդկանց բռնում են, խայտառակ են անում, մեղադրանքները ներկայացնում անմեղության կանխավարկածի կոպիտ խախտումով, այնուհետև, խափանման միջոցի ընտրության փուլում, մեղադրյալները (որոնք, ի միջի այլոց, չեն ընդունում մեղադրանքը՝ ներկայացնելով հիմնավորում) հանկարծ որոշում են իրենց գույքն ու գումարը հանձնել պետությանը։

Այստեղ, ինչպես ասում են, ինչ-որ բան այն չէ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ