11 12 2018

Ժողովուրդն ընտրության չգնաց

Ժողովուրդն ընտրության չգնաց

ՀՀ ընտրողների 51․37 տոկոսը՝ կեսից ավելին, ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը չմասնակցեց։ Մի քանի պատճառներ են բերում քաղաքական ուժերը՝ ձյուն էր ու անձրև, դեկտեմբերին մարդիկ Ամանորին են պատրաստվում, արտագնա աշխատանքի են և այլն։ Բայց չի նշվում մեկ այլ պատճառ ևս, որը, թերևս, ամենագլխավորն է․ ընտրություններին չմասնակցելը ևս դիրքորոշում է և այս պահին նման դիրքորոշում հայտնողների թիվը շատ ավելին է։

Ընտրատեղամաս չգնալու մի քանի պատճառներ կարող են լինել․

  1. Մարդիկ չեն ունեցել թեկնածու, ուստի չեն մասնակցել ընտրության, 
  2. Մարդիկ չեն հավատացել, որ իրենց քվեով բան կփոխեն,
  3. Մարդիկ մտածել են ինչպես միշտ է լինում է իշխանության պարագայում՝ մեկ է՝ Նիկոլն է անցնելու,
  4. Մարդիկ մտածել են՝ դեռ էյֆորիան չի անցել և չարժե գլուխ դնել հետները,
  5. Մարդիկ մտածել են՝ եթե գնամ, իմ թեկնածուն անցնի, բայց մեկ է՝ Նիկոլի իշխանություն է լինելու, էլ ինչի՞ գնամ,
  6. Մարդիկ տեսել են, որ նոր իշխանությունը, նախորդի նմանությամբ, իրենց կյանքում որևէ դրական առաջխաղացում չի բերել,

Եվ այլն։

Իսկ 11 կուսակցության մասնակցությունն ընտրության դեռ չի նշանակում, թե քաղաքացին ընտրելու լայն հնարավորություն ունի։ Օրինակ՝ այն, որ 150 հազար ընտրող, ընտրելով «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը, որևէ թեկնածուի ձայն չի տվել, նշանակում է, որ մարդիկ չեն տեսնում իրենց թեկնածուին, պարզապես ուզում են, որ Նիկոլը վարչապետ լինի։ Թիմում այլ արժանի մարդ չեն գտել։

Ինչևէ, քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը բոյկոտել է ընտրությունները՝ ակամա, թե՝ գիտակցված։

Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ունի ժողովրդի 70․43 տոկոսի քվեն, այլ ընտրությանը մասնակցած 1 260 840 կամ 48․63 տոկոսի 70,43 տոկոսի քվեն՝ 884 456 հոգու։ Այսինքն, ստացվում է՝ նա ոչ թե պետք է խոսի 1 մլն 710 հազար քաղաքացու անունից, այլ՝ ՀՀ բնակչության 35 տոկոսի, լավագույն դեպքում։ Վաղը, ձմռան խորանալուն զուգընթաց, այդ 35 տոկոսը կդառնա շատ ավելի քիչ, ու այդ ժամանակ կարող է գլուխ բարձրացնել արդեն առկա 65 տոկոսը՝ Փաշինյանից դժգոհներով համալրվելով։ Նա ևս կարող է հեղեղել հանրապետության գլխավոր հրապարակն ու պահանջել հրաժարական չկատարած խոստումների համար։ Իսկ որ խոստումները չեն կատարվում, նախորդ 7 ամիսներին տեսանք բոլորս, իշխանությունն էլ՝ մեզ հետ միասին։

Հայաստանի քաղաքացիների ընդդիմադիր ձայները մնացել են խորհրդարանից դուրս, ու քաղաքացին ամեն կենցաղային, սոցիալական, հասարակական, քաղաքական խնդիրների պատճառով պատրաստ է փողոց դուրս գալ։ Անցել են ժամանակները, երբ խորհրդարան չմտած ուժը քաղաքական լուսանցքում էր հայտնվում, այժմ տեղեկատվական տեխնոլոգիաները, ինտեռնետի ու սոցիալական ցանցերի տարածականությունը խորհրդարանն ու փողոցն իրար զատում է միայն ամբիոնով ու պետական աշխատավարձով․ քաղաքական գործիչների ձայնը հասանելի է բոլորին։

Հարց կհնչի՝ ինչպե՞ս եղավ, որ ՀՀԿ-ին դիմանում էին, բայց հիմա պետք է քաղաքացիները դուրս գան փողոց։ Պարզ պատճառով․ նախ քաղաքացին այս իշխանության նկատմամբ շատ ավելի մեծ հույսեր է կապում՝ իր առօրյա խնդիրներից սկսած, մինչ երկրի անվտանգությունը, քան նախկիններից, և մերժելով նախկին իշխանությանը՝ իր պատկերացմամբ՝ դրանք չանելու համար, հասկացավ, որ իր ոտքի ելնելուց շատ բան է կախված։ Ուրեմն և ոտքի կելնի, քանի դեռ իր հարցերը մնացել են չորրորդական դերում։ Իշխանությունը շարունակ իր հարցերն է լուծում։ Հարց է՝ կստեղծվի՞ այն ուժը , որն առաջնորդի ժողովրդին։

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ