06 12 2018

Իրականությունը՝ 350 հազար և 85 հազար մարդկանց, նրանց աշխատավարձերի և թոշակների մասին

Իրականությունը՝ 350 հազար և 85 հազար մարդկանց, նրանց աշխատավարձերի և թոշակների մասին

Մեր նախորդ հրապարակմամբ անդարադարձել էինք Նիկոլ Փաշինյանի կառավարության վեցամսյա գործունեությունն ամփոփելիս վարչապետի պաշտոնակատարի ներկայացրած ցուցանիշներին՝ կետ առ կետ ներկայացնելով դրանց խեղաթյուրված լինելը, իրականությանը չհամապատասխանելը կամ ցանկալին իրականության տեղ ներկայացնելը։

Ինչպես վեց ամսվա գործունեությունը ներկայացնելիս, այնպես էլ նախկինում նախընտրական հավանքների ժամանակ, երկու կարևոր ցուցանիշների մասին խոսելիս, Նիկոլ Փաշինյանը բերեց թվեր, որոնց հավաստիությունը խիստ կասկածելի են, եթե չասենք՝ անվստահելի։ Որո՞նք են դրանք։

Առաջինը, վարչապետի պաշտոնակատարը հայտարարել էր, որ 2019-ին 350 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, երկրորդը՝ 2019-ին բարձրանալու են 85 հազար մարդու թոշակները և նպաստները։

Եթե փորձենք վերլուծել հնչեցրած թվերը, ապա կստացվի, որ եկող տարի 435 հազար մարդու եկամուտներ ավելանալու են։ Դա մեր բնակչության զգալի հատվածն է, չասենք, որ 350 հազար մարդ աշխատող բնակչության մեծամասնությունն է՝ գյուղատնտեսության մեջ ներգրավվածները չհաշված։

Հավանաբար, զգալով, որ 350 հազար մարդու մասին խոսելիս իրականության չափն անցել է անգամ իր համար, Նիկոլ Փաշինյանը հաջորդ ելույթում, որտեղ ամփոփում էր կառավարության վեց ամսվա «կատարածը», արդեն խոսեց 200 հազար մարդու աշխատավարձի բարձրացման մասին։ Այսինքն, անհայտ մնաց, թե ո՞ր թիվն է իրականը՝ 350 հազարը, թե՞ 200 հազարը։ Ի վերջո, 150 հազար բնակչության մեծ հատված է, ինչպե՞ս կարելի է նրանց միանգամից մի կողմ դնել։ Միաժամանակ, հերթական անգամ ապացուցվեց, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ակնհայտորեն միմյանց հակասող տվյալներ ներկայացնել առանց աչքը թարթելու։

Այպես թե այնպես, անհայտ մնացին այդ հայտարարությունների հետ կապված մի շարք հարցեր։ Մասնավորապես, ի՞նչ չափով է բարձրանալու այդ 350 հազար կամ 200 հազար մարդու աշխատավարձը և խոսքն, ի վերջո, 350 հազարի, թե՞ 200 հազարի մասին է, ո՞ր ոլորտների աշխատողների և ի՞նչ չափի աշխատավարձ ստացողների մասին է խոսքը, միջինում որքանո՞վ են բարձրանալու աշխատավարձերը։ Նույնը նաև թոշակների և նպաստների պարագայում՝ որքա՞ն թոշակ և նպաստ են ստանում այդ մարդիկ հիմա, ո՞ր պաշտոնական աղբյուրից է հնարավոր ճշտել վերոնշյալ 85 հազար թվի հավաստիությունը և նախատեսվո՞ւմ է արդյոք բոլոր թոշակառուների և նպաստառուների թոշակների և նպաստների բարձրացում։

Վերոնշյալ հարցերն ուղարկեցինք ֆինանսների նախարարություն՝ ակնկալելով, որ, ի վերջո, պաշտոնական տվյալներ կստանանք վարչապետի պաշտոնակատարի միմյանց հակասող հայտարարությունների վերաբերյալ։ Սակայն ստացված պատասխանն անորոշ էր և ըստ էության չէր անդրադառնում մեր վերոնշյալ հարցեին։ Սրանից կարող ենք եզրակացնել, որ պետական օղակներն անգամ կրակն են ընկել Նիկոլ Փաշինյանի՝ մեկը մյուսին հաջորդող հայտարարությունների ձեռքը և չգիտեն, թե ի՞նչ պատասխանեն, որպեսզի չհայտնվեն տհաճ իրավիճակում։

Ուստի, հիմա ընդունելով վիճակագրական ծառայության տվյալները, կարող ենք փաստել,որ աշխատավարձերի բարձրացումը չի վերաբերվելու ոչ 200 հազար, ոչ էլ առավել ևս 350 հազար մարդու։

Եկամտային հարկի համահարթեցման շնորհիվ 150 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողների եկամուտը բարձրանալու է, իսկ ահա դրանից ցածր ստացողներինը՝ մնալու անփոփոխ։ Ակնհայտ է, որ Հայաստանում չկա նման բարձր աշխատավարձ ստացող 200 հազար մարդ։ Բանն այն է, որ միջին աշխատավարձը Հայաստանում 168 հազար դրամ է,այդ թվում պետական հատվածում 143 հազար դրամ, իսկ մասնավորում՝ 182 հազար դրամ։ Սրանց մեջ ներառված է եկամտային հարկը։ Եթե հանենք եկամտային հարկը, ապա կստնանք վերոնշյալ թվերից մոտ մեկ քառորդ չափով պակաս «մաքուր» աշխատավարձ։ Ինչը նշանակում է, որ թե՛ միջին «մաքուր» աշխատավարձը թե՛ պետական և թե՛ մասնավոր աշխատողների համար 150 հազար դրամից ցածր է։ Ինչն էլ նշանակում է, որ բարձր աշխատավարձ ստացողները, որոնց աշխավարձը բարձրանալու է, չեն կարող լինել 200 հազար հոգի։ Այդ թիվն անհամեմատ, թերևս անգամներով փոքր է և անհայտ է, իսկ բարձրացման միջին չափի մասին տեղեկատվության բացակայությունը փաստում է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ է խոսել։

Ինչ վերաբերվում է 85 հազար մարդու նպաստ և թոշակ ավելացնելուն, ապա դա պարզապես հեքիաթի ժանրից է։

Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, 2018 թ․-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում կենաթոշակառուների թիվը 461 հազար է, որից աշխատանքային կենսաթոշակառուները 458 հազարն են և որոնց թոշակը չի ավելանալու։

Ծերության նպաստ՝ 16 հազար դրամ, Հայաստանում ստանում է մոտ 5 հազար մարդ։ Դրանք այն մարդիկ են, որոնք ողջ կյանքում չեն աշխատել և չունեն աշխատանքային ստաժ, որոնց նպաստը դառնալու է 25 հազար դրամ։ 46700 մարդ էլ ստանում է միջինը 17 հազար դրամ հաշմանդամության նպաստ։ Ենթադրաբար նաև նրանք են սկսելու ստանալ 25 հազար դրամ։ Կերակրողին կորցրած և միջինը 17 հազար դրամ են ստանում 12 հազար մարդ, որոնք նույնպես այն սոցիալական խմբի մեջ են, որոնք հունվարի 1-ից կստանան 25 հազար դրամ։ Այս բոլորը իրար հետ կազմեցին ոչ 85 հազար, այլ մոտ 63 հազար մարդ, որոնց նպատսները բարձրանալու են մինչև 25 հազար դրամ։ Այսինքն, այս դեպքում ևս Նիկոլ Փաշինյանը նպաստների բարձրացման մասին խոսելով, սխալ և 22 հազարով ուռճացված թիվ է հայտարարում։

Եվ ամենակարևորը, նկատի ունենալով, որ տնտեսական հետընթացը շարունակվում է արագ տեմպով, մեծ դժվարություններ են լինելու նաև եկող տարի պետական բյուջեի համալրման համար՝ դժվարացնելով սահմանափակ թվով մարդկանց համար անգամ նման աննշան չափի բարձրացումները կյանքի կոչելը։ Բարձր գնաճն էլ արդեն հասցրել է «խժռել» դեռևս չբարձրացած չնչին գումարները, ինչն ամբողջականացնում է ներկայիս կառավարության քաղաքականության պատճառով բնակչության սոցիալական կացության եկող տարվա իրական պատկերը։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ