01 12 2018

Փաշինյանն ահավոր շտապեց ու անհույս ուշացավ

Փաշինյանն ահավոր շտապեց ու անհույս ուշացավ

Իշխող քաղաքական ուժի ընտրական ցուցակը հրապարակելուց անմիջապես հետո վարչապետի ժպ-ի մերձավոր, կառավարական ու ՔՊ շրջանակներից տեղեկատվական աննախադեպ արտահոսք սկսվեց: Հեղափոխական վարչախմբի ներքին վիճակն ու քաոտիկ էությունը պատկերացնելու համար արտահոսող տվյալները որոշ չափով հետաքրքիր էին: Հասարակական լսարանի համար, սակայն, «նեղացածների» տրտունջները, միջանձնային նշանակության մարտերը, հին ու նոր «հաշիվներ մաքրելու» մանրամասները, միջանցքերի բանբասանքը ներկայացնելը կնմանվեր հարևանի դռան անցքից ներս նայելուն: Ուստի, ընթերցողի ուշադրությունը չծանրաբեռնեցինք «թեթև ժանրի» համայնապատկեր ցուցադրելով: 

Տեղեկատվական արտահոսքի ծավալն ու որակը կտրուկ փոխվեց ՔՊ-ի ու «Իմ քայլը» նախընտրական դաշինքի ծրագիրը ներկայացնելուց, վարչապետի ժպ-ի ու այլ իշխանավորների հայտարարություններից հետո: Փաշինյանի սերտ աջակիցներից, ռեյտինգայիններից, կառավարական ու քպական ազդեցիկ գործիչներից բացի, զարմանք առաջացնող ու անակնկալ տեղեկատվություններ սկսեցին տարածել նաև դրամաշնորհային, բնապահպանական, իրավապաշտպան կազմակերպությունները, տարատեսակ սեռական ու կրոնական փոքրամասնությունները, իրազեկ տնտեսական, իրավապահ ու քրեական շրջանակներ:

Ստացված տեղեկություններից առաջացած ողջ համապատկերն ըստ էության ու շատ արագ արտացոլվեց շաբաթօրյա երևանյան քայլերթի ու կիրակի կայացած դրամահավաքի ընթացքում: Իրազեկ տեղեկատուների օդում կախած լուրերից իմացանք, որ Փաշինյանը քայլերթից հետո անհապաղ միջոցներ է ձեռնարկել՝ ցայտուն ու խայտառակ տապալման պատճառները պարզելու համար: Շտապել է «պատժել» մի քանի «մեղավորների»: Նաև փոքրաթիվ վստահելիներից օպերատիվ խումբ է կազմել՝ իրավիճակն արագ շտկելու ուղիներ գտնելու նպատակով: Շատ արագ էլ պարզվել է, որ այս ձեռնարկներից ոչ մեկի անհարաժեշտությունը չկար, քանի որ պատճառները բացահատվել են ինքնաբերաբար և բացահայտել են, որ Փաշինյանը թեև շտապում էր, բայց արդեն ուշացել է:

Բանն այն է, որ Փաշինյանին, ՔՊ-ին ու «Իմ քայլը» նախընտրական դաշինքին իրենց աջակցությունը դադարացնելու մասին դեռ դրամահավաքի ընթացքում, ապա նաև՝ ավելի ուշ տեղեկացրել են հիմնական աջակիցների ու «հովանավորների» մեծ մասը: Իրազեկները պնդում են, որ իրենց գոյությունը, գործունեությունն ու ֆինանսական բարեկեցությունը օտարերկրյա դրամաշնորհների միջոցով ապահովող գրեթե բոլոր անձինք ու կազմակերպությունները չեն մասնակցել ոչ քայլերթին, ոչ էլ դրամահավաքին: Իրենց այս քայլի մասին նրանք հստակ հայտնել են Փաշինյանի մերձավորներին: Որպես պատճառ էլ՝ նշել են բոլոր քաղաքացիների եկամուտները հայտարարագրելու և բոլորին համար 23% հարկային բեռ սահմանելու ծրագիրը: Այս մտադրությունը վերանայելու և այն իր «հովանավորյալների» վրա չտարածելու նախազգուշացում են Փաշինյանին հղել նաև որոշ դեսպանատներ:

Իրազեկները տեղեկացնում են նաև, որ քայլերթին, նաև՝ դրամահավաքին իրենց լուման չեն ներդրել աղանդավորական կառույցներն ու տարատեսակ փոքրամասնությունները, քրեական հեղինակությունները և նրանց ազդեցության ներքո գործող թաղային խմբավորումներն ու «տնտեսական» միավորները: Ըստ օդում կախվող լուրերի, այս «ընտրազանգվածի» բոլոր բաղադրիչներն իրենց որոշակի դժգոհություններն են փոխանցել Փաշինյանին և պահանջել են՝ լրացնել կամ վերանայել արդեն կայացված պայմանավորվածությունները: Վարչապետի ժպ-ի վստահելիների օպերատիվ խումբը, որի մեջ չկան փոխվաչապետերն ու ԱԽՔ-ը, արդեն հաշվարկել է, որ նոր պայմանավորվածություններ ձեռք չբերելու դեպքում կորուստների հանրագումարը կարող է կազմել ակնկալված քվեների առնվազն 40 %-ը, իսկ նախընտրական գանձարանն այս աղբյուրներից ուղղակի չի համալրվի:

Արդեն իսկ պաշտոնապես հրապարակվել է, որ կիրակնօրյա դրամահավաքի արդյունքում հանգանակվել է ընդամենը 236 մինիոն դրամ: Այսինքն. կես միլիոն դոլարից էլ պակաս: Այս գումարով նույնիսկ մեկ ռեյտինգային թեկնածուն չի կարող իր գերկարճ քարոզարշավն ավարտին հասցնել ցանկալի արդյունավետությամբ: Համեմատության համար՝ նշենք, որ մայրաքաղաքային ավագանու ընտրության ժամանակ ԲՀԿ առաջնորդը ծախսել է առնվազն հարյուր անգամ ավելի և ստացել է 7%-ից նվազ արդյունք:

Ստեղծված իրավիճակում, ինչպես հուշում են ոչ միայն իրազեկ իշխանամերձ ու քպական աղբյուրները, այլ նաև կանխատեսում են իրատես վերլուծաբանները, Փաշինյանն ուղիներ է որոնում՝ նախընտրական փուլում ներպետական քաոս հրահրելու կամ արտաքին ռեակցիա սադրելու և ընտրությունները կասեցնելու, չեղարկելու համար: Նրա արտաքին խորհրդատուները դեռ չեն գտել ուղիներ ու լուծումներ և վարչապետի ժպ-ին մղում են՝ խաղը մինչև վերջ շարունակելուն: Ենթադրություններ են շրջանառվում, որ խաղը փրկելու համար Փաշինյանը դիտարկում է նույնիսկ Իլհամ Ալիևի հետ ուղիղ կապն օգտագործելու տարբերակը, բայց մտավախություն ունի, որ ոխերիմ հարևանի օգնությունը շատ ավելի թանկ կարող է ստացվել:      

 

Տիգրան Ուզունյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ