28 11 2018

Փաշինյանը ոտնահարում է բոլոր օրենքներն ու ողջամիտ խորհուրդները

Փաշինյանը ոտնահարում է բոլոր օրենքներն ու ողջամիտ խորհուրդները

Հանրապետության գլխավոր դատախազը ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորման որոշումը անձեռնմխելիության հիմքով վերացնելու որոշումը բողոքարկող դիմումի հեղինակն է, այլ նաև անձամբ և իրեն ենթակա առնվազն վեց հսկող դատախազների հետ մասնակցում է վերաքննիչ դատարանում իր դիմումի քննարկմանը: Նույնիսկ վարչապետի ժպ-ի սեփական օրաթերթն է «խոստովանել», որ «աննախադեպ երևույթ է, որ երկրի գլխավոր դատախազն անձամբ է մասնակցում կալանքի գործով դատական նիստին»:

Բացահայտ է, որ գլխավոր դատախազի խիստ շահագրգիռ ու վեց հոգանոց թիմով մասնակցությունը դատական նիստին որոշակի ճնշում է նիստը նախագահող դատավորի նկատմամբ: Նման իրավիճակում, իրոք, շատ դժվար է հավատալ, թե վարչապետի ժպ-ն «ոչ մի կերպ» չի միջամտում դատական վարույթին: Նույնքան դժվար է պատկերացնել, որ գլխավոր դատախազը միայն այս գործով է որոշել՝ ապահովել օրենքի ճշգրիտ ու անկողմնակալ կիրառում և դատավարությանն անձամբ մասնակցելը որևէ կապ չունի վարչապետի ժպ-ի պատվերը կատարելու մասին ակամա առաջացող կասկածի հետ:

Մանավանդ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ևս լրագրողներին ուղղակի տեղեկացրել է, որ «բողոքի քննությանը դատախազության ներկայացուցիչներից ամենաակտիվը գլխավոր դատախազն էր»:

Գլխավոր դատախազի անձնական շահագրգռությունը հաստատող անուղղակի գործոն է նաև այն հանգամանքը, որ նա առարկել է՝ դատարանին մի քանի փաստաթղթեր ներկայացնելու պահանջի մասին պաշտպանական կողմի միջնորդությանը: Դատարանը, թեև, մերժել է առարկությունը և նշված փաստաթղթերը պահանջելու հնարավորություն ընձեռել է, սակայն ակներև է դարձել, որ բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով փորձ է արվում շրջանցել ՀՀ երկրորդ նախագահի անձեռնմխելիության խոչընդոտը և խափանման միջոց ընտրել՝ կալանքը:

Միաժամանակ ակնհայտ դարձավ, որ հիմնականում գլխավոր դատախազի ջանքերով, բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները գործադրվելու են, որպեսզի վերաքննիչ դատարանը բողոքի քննությունը կասեցնելու և այս գործով Սահմանադրական դատարան դիմելու որոշում չկայացնի: Նույնքան ակնհայտ է, որ վարչապետի ժպ-ն ահավոր շտապում է պարզ վրիժառության նմանվող այս գործը իր ուզած ավարտին հասցնել և միջազգային մասնագետների ներգրավման տարբերակը միտումնավոր անտեսում է: Մինչդեռ. մարտի 1-ի էջը մեկընդմիշտ փակելու հույսով նրան այս լուծումն են հուշում և՛ նախկին ու ներկա համախոհներից շատերը, և՛ գրեթե ամայացրած քաղաքական դաշտում մնացած բոլոր ողջախոհ գործիչները, և՛ առողջ տրամաբանությունը:

Օրենքներն ու ողջամիտ խորհուրդները կամայականորեն մերժելու ցայտուն վկայությունն է հենց գլխավոր դատախազի հերթական հայտարարությունը, որում նա դիրքորոշում է հայտնել, թե «մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ, դա գիտի միայն դատարանը»: Գլխավոր դատախազի «կարծում եմ» շեշտադրումը այս իրավիճակում միանգամայն մտահոգիչ է հնչում: Արտահայտված երկմտանքը տեղիք է տալիս կարծելու, որ դատավորից ու դատարանից առավել շուտ՝ կայացվելիք որոշման մասին արդեն իսկ գիտեն մարդիկ, ովքեր նման սահմանադրական իրավունք չունեն, բայց իրենց նման իրավունք վերապահում են:  

Մտահոգիչ է նաև, որ գլխավոր դատախազը ոչ միայն ամեն ինչ ձեռնարկել է՝ որպեսզի գործը որևէ կերպ չփոխանցվի Սահմանադրական դատարանին, այլ իրեն է վերագրում պետության ղեկավարի գործողությունների սահմանադրականությունը միանձնյա որոշելու իրավասություն: Այլապես նա չէր հայտարարի, թե «մեղադրանքը, որով այսօր մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը,  ոչ մի կերպ չեն կարող դիտարկվել՝ որպես նախագահի գործառույթներից բխող, որովհետև մեղադրանքից ակնհայտ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված արարքները իրենց առանձին մասերով վերցրած և՛ ձևի առումով, և՛ բովանդակության առումով համահունչ չեն Սահմանադրությանն ու օրենքներին»:

ՀՀ երկրորդ նախագահի դեմ քրեական գործ հարուցելու միջոցով վրեժխնդրություն մասին մինգամայն խոսուն վկայությունը և իր «կարծիքի» իրավիճակային լինելու հաստատումը հենց գլխավոր դատախազի խոսքում է բացահայտվում. «մարտի մեկի վերաբերյալ քրեական գործի այսօրվա փաստակազմը տրամագծորեն տարբերվում է 2008-ի քննության փաստակազմից: Այսինքն, ձեռք բերված տվյալները բացարձակապես այլ տեղեկությունների մասին են խոսում»: Այսինքն. գլխավոր դատախազն ինքն է հաստատում, որ դատարանի քննությանը ներկայացվում են ոչ թե բոլոր փաստերը, այլ կախված հետապնդվող նպատակից՝ միտումնավոր մատուցվում է որոշակի հասցեատիրոջ «ձեռնտու» փաստակազմ:

 

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ