27 11 2018

Մատաղ սերունդը վազում է վարչապետի հետ սելֆի անելո՞ւ

Մատաղ սերունդը վազում է վարչապետի հետ սելֆի անելո՞ւ

«Իմ քայլը» դաշինքի միջոցառումներն անցնում են դպրոցահասակ երեխաների ակտիվ մասնակցությամբ։ Հավանաբար հասկանալով, որ դա օրենքի կոպիտ խախտում է, վարչապետ Փաշինյանը նրանց հետ սելֆիի տակ գրել է․ «Սելֆի՝ Լանջիկի դասից փախած երեխաների հետ: Վարչական ռեսուրսի եւս մեկ սաստիկ չարաշահում»։

Գրածում կա հեգնանք, բայց՝ իրականություն է։ Կասեինք՝ հանցավոր չարաշահում․ մատաղ սերնդին ներգրավում են քաղաքական պայքարի մեջ ու դեռ սա էլ քիչ է, ներգրավում են մի քաղաքական ուժի քարոզարշավի մեջ, որը ծեփելուց, փռելուց, հանձնելուց բացի այլ բան չի սովորեցնում։

2018թ․ նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց․ «Ուսուցիչներն ու տնօրեններն այլևս պարտավորություն չունեն որևէ կերպ ներգրավվելու ընտրական գործընթացներում»։

Նայեմբերի 14-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Ոչ ոք թող փորձ չանի հանկարծ դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին ներքաշել ընտրական պրոցեսների մեջ, ոչ ոք փորձ չանի որևէ վարչական լծակ օգտագործել, որովհետև մենք այդ երևույթի դեմ շատ հստակ պայքարելու ենք և հակազդելու ենք՝ անկախ նրանից, թե որ թեկնածուն որ կուսակցությունից ու դաշինքից կլինի, իշխանությունից թե ընդդիմությունից, և մենք, այո, ունենալու ենք երրորդ հանրապետության պատմության լավագույն ընտրությունները»:

Նոյեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հայտարարեց, թե առաջնահերթ պետք է բացառեն վարչական ռեսուրսի կիրառումը․ «Մասնավորապես, նախկինից հայտնի ավանդույթներ են եղել, երբ այս օրերին մասնավորապես հանրակրթության ոլորտը ներքաշվում էր քաղաքական պրոցեսների մեջ, պետք է բացառել դա, և պետք է այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու համար»:

Նոյեմբերի 27-ին քարոզարշավի ժամանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց․ «Ինձ լուրեր են հասնում «այն մտահոգներից», որ փորձում են դպրոցները ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ: Սա պետք է մերժել, արմատախիլ անել և այդ «մտահոգներին» ասել՝ գնացեք ձեր բիզնեսով զբաղվեք, ձեր տեղը նստեք: Ես ուզում եմ, որ ուսուցիչը մեջքը պարզած քայլի»։ Բայց նախարարը այդ ասելու հետ մեկտեղ հանրահավաքին ներկա դպրոցականներին չճանապարհեց դպրոց կամ տուն, այլ ասաց, որ այսուհետ արմատախիլ են անելու։ Այսուհետը, հավանաբար, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետոն է։

Ուշագրավ է այստեղ նաև երեխաների ներգրավման լեզվական ձևակերպումները։

Եթե ՀՀԿ քարոզարշավներին երեխաների մասնակցությունը համարում էին հանցավոր ռեժիմի կողմից մատաղ սերնդի պարտադրանքով մասնակցություն քաղաքական շոուին, ապա այժմ նշում են, թե երեխաները դասից փախել են, որ գան հանրահավաքի։

Խնդիրը, պարզվում է, ոչ թե երևույթի, այլ՝ ձևակերպումների մեջ է։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ