21 11 2018

Պետբյուջեի չստացված եկամուտները

Պետբյուջեի չստացված եկամուտները

Մի քանի օր առաջ իշխանությունը վերջապես հրապարակեց ցուցանիշ այն մասին, թե որքա՞ն լրացուցիչ գումար է մտել պետական բյուջե այսպես կոչված «կոռուպցիոն բացահայտումների» արդյունքում։ Հիշեցնենք, որ նախկինում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը խոսում էին հարյուր միլիոնավոր դոլարների գողացված կամ թալանված լինելու մասին, չհաշված «Սաշիկի 50 տոկոս» կոչվող զավեշտը, ըստ որի՝ ամեն բիզնեսում Ալեքսանդր Սարգսյանն ունի 50 տոկոս և հենց դա վերանա, պետական բյուջեի եկամոուտներն ավելանալու են 50 տոկոսով, աշխատավարձերն ավելանալու են 50 տոկոսով և այլն։ Հիմա, անշուշտ, ոչ ոք չի հարցնում, թե ինչո՞ւ իրենց եկամուտներն ու հարկերն այդքանով չեն ավելանում։ Ինչևէ։

Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, ԱԱԾ-ն հրապարակել է քրեական գործերի կամ որ նույնն է՝ «կոռուպցիոն բացահայտումների» շնորհիվ այս տարվա մայիսից մինչև հոկտեմբեր լրացուցիչ պետական բյուջեն համալրած գումարի չափը։ Ըստ այդմ, խոսքը պետեկան բյուջե 12,8 մլրդ դրամ լրացուցիչ մտած գումարների մասին է։ Հետաքրքրական է, թե այս ցուցանիշը ՀՀ պետական բյուջեի ո՞ր մասն է կազմում և արդյո՞ք այն այդպիսի ֆանտաստիկ չափով ավելացրել է բյուեջի մուտքերը, ինչպես խոստանում էր ներկայիս վարչապետի պաշտոնակատարը։

2018 թ․ ՀՀ պետական բյուջեի եկամուտներն նախատեսված է են 1 տրլն 308 մլրդ դրամի չափով, իսկ միայն հարկային եկամուտմերից և պետական տուրքերից մուտքերը՝ 1 տրլն 248 մլրդ 500 մլն դրամ։ Հիմա սա համեմատենք վերոնշյալ 12,8 մլրդ դրամի հետ և կտեսնենք, որ կազմում է պետական բյուջեով նախատեսված հարկային մուտքերի ․․․ ընդմամենը 1 տոկոսը։ Ընդ որում, չմոռանանք փաստել, որ չնայած «թալանի», «գողության» վերաբերյալ քարոզչական աղմուկ-աղաղակին, «ասֆալտին պառկեցնելուն» և «պատերին ծեփելուն» պետական բյուջեի ծրագրով նախատեսված եկամուտները ․․․ թերակատարվել են։ Համաձայն ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվության, այս տարվա ինը ամսիներին հարկային եկամուտները պակաս են հավաքվել 28 մլրդ դրամով կամ 3 տոկոսով։ մասնավորապես, նախատեսված 915,1 մլրդ դրամի փոխարեն բյուջե մուտք գործած զուտ հարկային եկամուտները կազմել են 887,7 մլրդ դրամ։ Այսինքն, մի կողմից պակաս է հավաքվել 28 մլրդ դրամ, մյուս կողմից լրացուցիչ հավաքվել ․․․ 12,8 մլրդ դրամ։ Թերևս մաթեմատիկական մեծ գիտելիքներ պետք չեն համեմատելու համար այս երկու ցուցանիշները և եզրակացություններ անելու։ Սա ուղղակի հետևանք է ներդրողների և գործարարների նկատմամբ այն պետական ռեպրեսիվ գործողությունների, որոնք ստացել են «կոռուպցիայի դեմ պայքար» անվանումը և որոնց հետևանքով նվազել են տնտեսական բոլոր ցուցանիշները և որպես դրա հետևանք՝ նաև բյուջեի եկամուտները։ Սակայն սա ամենը չէ։

Բյուջեի ծրագրով նախատեսվածից շատ ավելի հարկային եկամուտներ կունենայինք, եթե շարունակվեր նախորդ տարի սկսված և այս տարվա առաջին երեք ամսիներին ավելի մեծ թափ հավաքած բարձր տնտեսական աճը։

Այսպես, այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստանի համախառն ներքին արդյունքը կազմել է մոտ 4 տրլն 151 մլրդ դրամ։ Ինը ամիսների արդյունքով Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 6,5 տոկոս՝ տարվա առաջին երեք ամիսներին արձանագրված 10,6 տոկոսից նվազելով 4,1 տոկոսային կետով։ Ի՞նչ կլիներ տնտեսության և մասնավորապես պետական բյուջեի հարկային եկամուտների հետ, եթե պահպանվեր տնտեսական ակտիվության 10,6 տոկոս աճի տեմպը և չլինեին ապրիլ-մայիսյան իրադարձություներն ու «թավշյա» կոչված հեղափոխությունը։ Թեև ակնհայտ է, որ տնտեսական ակտիվության աճը գնում էր ավելի բարձր տեմպ և այն ծանր հարված ստացավ վերոնշյալ ամսիներին տեղի ունեցածի հետևանքով, այնումենայնիվ հիմք ընդունենք 10,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը վերջնարդյունքում շատ չնչին է տարբերվում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշից։

Եթե պահպանվեր այս տարվա առաջին երեք ամիսների 10,6 տոկոս տնտեսական ակտիվության աճը, ապա համախառն ներքին արդյունքն ինը ամիսներին մոտ 170 մլրդ դրամով ավելի ավելի կլիներ՝ կազմելով 4 տրլն 321 մլրդ դրամ։ Այս դեպքում համախառն ներքին արդյունքի նկատմամբ 22 տոկոս հարկերի դեպքում կապահովվեր ոչ միայն ծրագրով նախատեսված 915 մլրդ դրամը, այլև ավելի քան 950 մլրդ դրամ։ Այլ խոսքերով, փաստացի 887,7 մլրդ դրամ բյուջեի եկամուտների փոխարեն ինը ամիսների արդյունքով կունենայինք ավելի քան 62 մլրդ դրամով ավելի բյուջեի եկամուտներ։ Սա համեմատեք 12,8 մլրդ դրամ «կոռուպցիոն» գումարների հետ և գնահատեք, թե «սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունից ի՞նչ ենք ստացել և ի՞նչ չենք ստացել։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ