13 11 2018

350 000 «Ճռռացողների» և նրանց հաշվին ապրողների մասին

350 000 «Ճռռացողների» և նրանց հաշվին ապրողների մասին

Նոր Հայաստանում «սևեր-սպիտակներ» բաժանումն այլևս թրենդային չէ, օրեր առաջ Աստանայում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հասարակությունը բաժանվեց աշխատողների և չաշխատողների՝ «ճռռացողների» և «լոդրերի»: Եվ մինչ, հավանաբար, հասարակությունը փորձում է պատասխանել փաշինյանական հարցին՝ ճռռա՞լ, թե նպաստ ստանալ, անդրադառնանք վարչապետի պաշտոնակատարի ելույթի թվային հատվածին, որը պակաս ուշագրավ չէ:

Այսպես, ըստ՝ վարչապետի պաշտոնակատարի՝ Հայաստանում 350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 մարդու: Ի՞նչ 350 հազարի և 800 հազարի մասին է խոսքը՝ զբաղվածների և գործազուրկների՞, տնտեսապես ակտիվ և տնտեսապես ոչ ակտիվ բնակչության հարաբերակցությա՞ն, թե՞ մեկ այլ բանի։

«Ճռռացողների» մասով: Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակումների՝ ՀՀ-ում աշխատանքային ռեսուրսները կազմում են մոտ 2 մլն մարդ։ Տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմում է մոտ 1.2 մլն մարդ, որից զբաղված են մոտ 1 մլն մարդ: Նշենք, որ տնտեսապես ակտիվ բնակչությունը 15-75 տարեկան զբաղված և գործազուրկ բնակչության հանրագումարն է, որը հետազոտվող ժամանակաշրջանում ապահովել է աշխատուժի առաջարկը`ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման համար։ 1 մլն զբաղվածներից 240 հազարը զբաղված են պետական հատվածում, իսկ 340 հազարը՝ գյուղացիական տնտեսություններում, մնացած մասը՝ մասնավոր հատվածում, նրանց մեջ են մտնում նաև ինքնազբաղված մարդիկ, որոնք հարկատու են:

«Ճռռացողների հաշվին ապրողների» մասով: 2017 թվականի տարեվերջին ընդհանուր թոշակառուների թիվը կազմել է շուրջ 458 հազար, միջին կենսաթոշակը կազմում է շուրջ 40 հազար դրամ:

Նույն ժամանակահատվածում շուրջ 100 հազար է կազմել ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը, նպաստի միջին չափը՝ շուրջ 31․000 դրամ, մեկ ընտանիքի անդամների միջին թիվը 3․5 է։ Նշենք նաև, որ նպաստառու ընտանիքների շարքում մինչև 5 տարեկան երեխա ունեցող ընտանիքների թիվը 29 921-ն է, հաշմանդամություն ունեցող երեխայով ընտանիքների թիվը՝ 3156 է, միակողմանի ծնողազուրկ երեխա ունեցող ընտանիքների թիվը՝ 4352: Ի՞նչ է առաջարկվում, աշխատե՞ն։

Ստացվում է, որ Փաշինյանի ասած 800 հազար չաշխատողներից 458 հազարը թոշակառուներն են, որոնց պետությունը պարտավոր է ապահովել արժանապատիվ ծերությամբ և ոչ թե մեղադրել ուրիշի հաշվին ապրելու մեջ: 800 հազարի մեջ մտնում են նաև բյուջեից աշխատավարձ ստացող, պետական սեկտորում աշխատող 240 հազար մարդիկ, որոնք աշխատում են նաև կառավարությունում, ՊՈԱԿ-ներում, դպրոցներում, պետական բուժհաստատություններում, նախարարություններում, որոնց ուղղված «չեք աշխատում»-ը, մեղմ ասած, այլ երանգ ու կոնտեքստ ունի:

Ինչ վերաբերում է նպաստառուներին, ապա նրանց շարքում են նաև երեխայի նպաստ ստացող մայրեր, որոնց, ի դեպ, Կառավարությունը քաջալերում էր «բեյբի բում» ապահովել: Հուսանք, ճռռացողների հաշվին ապրողի այս պիտակը «բեյբի բում»-ին չի խանգարի:

Պետությունից նպաստ ստացող հաջորդ խումբը հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք եթե ուզում ենք աշխատեն, ապա պետք է կոնկրետ ներառական կամ քվոտավորման ծրագրեր լինեն հենց պետության կողմից:

Ստացվում է, որ այդ 102 հազար նպաստառուներից անապահովության նպաստ ստացողներին էր վերաբերում վարչապետի խոսքը: Բայց նրանցից մի մասն էլ գուցե Զբաղվածության պետական գործակալությունում գրանցված 82.2 հազար աշխատանք փնտրողների շարքում է, հույսը՝ պետության վրա դրած:

Ասվածից հետևում է, որ կամ, այնուամենայնիվ, վարչապետի պաշտոնակատարը այլ տվյալներ ունի և յուրահատուկ մեթոդաբանությունից է օգտվում, կամ էլ պարզապես իրավիճակին չի տիրապետում:

Աստանայում արված հայտարարությունից հետո շատ քննարկվեց նաև պետական ապարատը՝ իր կադրերով՝ թե ով որքան արդյունավետ է աշխատում, կամ այլ կերպ ասած՝ արժե՞, որ օրինակ վարչապետը 13 խորդականներ և հինգ օգնականներ ունենա, որոնք մյուս «ճռռացողների» հաշվին աշխատավարձ ստանան:

Այս համատեքստում առնվազն նրանք վատ են աշխատում, որովհետև վարչապետը գոնե տարրական վիճակագրությանը չի տիրապետում՝ հնչեցնելով նման մտքեր: Նիկոլ Փաշինյանի աշխատելու հորդորը, թերևս, առաջինը հենց նրանց պետք է վերաբերեր:

Մարդիկ արդարացիորեն մատնանշում են նաև անդադար պետական ուռճացումից խոսող կառավարության ուռճացված ծախսերը՝ սկսած Արարատ Միրզոյանի պետական ինքնաթիռով Դուշանբե մեկնելուց, մինչև Տիգրան Ավինյանի՝ իր ընտանիքին պատկանող ընկերությանը տրամադրած դրամաշնորհից, Աննա Հակոբյանի ուղղաթիռով մարզեր այցերից, մինչև իր՝ Արցախում ծառայող որդուն թանկարժեք թռիչքներով գրեթե ամենշաբաթյա տեսակցության գնալուց: Չմոռանանք, ի դեպ, սրանք նույնպես «ճռռացողների» հաշվին են։

Ստացվում է, որ թոշակառուներին և հաշմանդամություն ունեցողներին, հղիներին և պարզապես աղքատներին տրվող չնչին նպաստն ու թոշակը աչք են ծակում, բայց այ այն ծախսերը որոնք կարելի է ավելի համեստ միջոցներով իրականացնել, չե՞ն տեսնում։

Արդար չէ, պարոն վարչապետ, պարզապես արդար չէ։

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ