05 11 2018

Ինչո՞ւ ու ինչպե՞ս ենք գնում ընտրությունների

Ինչո՞ւ ու ինչպե՞ս ենք գնում ընտրությունների

Դրսում ցուրտ է արդեն և բակային քաղաքագետներս ու ակտիվիստներս «ի՞նչ անել» հարցի շուրջ քննարկումները բեսետկաներից տեղափոխել ենք սուպերմարկետներ: Հետևում ենք, թե մեքենաների թիվը ինչպես է փոխվում, ժողովուրդն ինչպես է առևտուր անում, և փորձում ենք հասկանալ կամ գուշակել, թե դեկտեմբերի 9-ին ո՞ր կուսակցությունները կհասցնեն վերադասավորվել ու մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ընտրողները ինչպե՞ս կկողմնորոշվեն ու կքվեարկեն: Ամեն մեկս առաջացած իրավիճակը մեկնաբանում է իր կենսափորձի ու մինչ այս ունեցած քաղաքական հայացքների տեսակետից: Ես կփորձեմ մեր բանավեճերի ընդհանուր արդյունքը ներկայացնել:

Երևանի ավագանի ընտրելու ժամանակ հայտարարվեց, որ դա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությունն է: Երեկ վարչապետի կուսակցության ազդեցիկ անդամը, քանի դեռ Փաշինյանը արձակուրդում էր, հայտարարեց, որ արտահերթ ընտրությունները վարչապետի ուղղակի ընտրությունն է: Ստացվում է, որ ժողովուրդն ինչ-որ մի տրամաբանությամբ քվեարկում է, բայց արդյունքում ինչ-որ մի այլ բան է ընտրում: Մի տեսակ կասկած է առաջանում, որ ամեն մեր քվեարկելը մեզանից գաղտնի մի այլ նպատակ ունի:

Հոկտեմբերին, փաստորեն, դերասանին քաղաքապետ ընտրեցինք, որ արտահերթ խորհրդարան ընտրենք: Մի քանի օր առաջ ասում էին, որ Փաշինյանին երկու անգամ պետք է չընտրեն, որ գործող խորհրդարանը չլինի: Հիմա էլ ասում են, որ Փաշինյանին վարչապետ ընտրելու համար պետք է քվեները տանք ՔՊ-ին, որոնցից ոչ մեկին չենք ճանաչում: Բացի այդ, բոլորն արդեն համոզված են, որ այդպես էլ լինելու է: Ստացվում է, որ ժողովրդի կարծիքից ու քվեարկությունից ոչ մի բան էլ կախված չի ու ամեն ինչ որոշված է: Էլ ինչո՞ւ են արտահերթը դեկտեմբերին անում. թող հիմա անեն: Ոչ ծրագիր կա, ոչ ցուցակ կա, ոչ ցուցակում ընդգրկված մարդկանց ենք ճանաչում, բայց նրանք արդեն ընտրված են ու անպայման Փաշինյանին են վարչապետ ընտրելու: Դեռ չեն ասել, բայց ենթադրվում է, որ Փաշինյանին վարչապետ ընտրելն էլ ինչ որ անհայտ նպատակ ունի:

Ո՞վ գիտի, թե մեկ ամիս հետո ինչե՞ր են փոխվելու, որ կուսակցությունը ինչե՞ր է խոստանալու, ինչպիսի՞ մրցակցություն է լինելու, ժողվուրդն ի՞նչ է անելու: Հայտնի չէ, բայց արդյունքը արդեն հայտնի է: Եվ այդ ամեն ինչը միայն մի մարդու վրա է հիմնված: Ամեն ինչ մի մարդու վրա հիմնելը շատ վտանգավոր է: Մանավարդ, որ ոչ ոք չգիտի, թե Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ի՞նչ է անելու: Ո՞վ ասաց, որ մեզ համար միայն վարչապետն է կարևոր: Ո՞վ ասաց, որ կարևոր չէ, թե ովքե՞ր են խորհրդարանում լինելու, Փաշինյանը ո՞ւմ է պատգամավոր դարձնելու կամ ո՞ւմ է փոխվարչապետ ու նախարար նշանակելու, ովքե՞ր ու ինչպե՞ս են վաղը մարզպետ դառնալու:

Մինչև վերջերս ասում էին, թե հանրապետականի դեմ խաղ չկա, բայց վերջին երկու ընտրություններին ԲՀԿ-ն հայտարարում էր, թե ինքն է մեծամասնություն լինելու: Լավ. ՀՀԿ-ն հիմա թուլացել է, շատերն ասում են, որ նույնիսկ նոր ԱԺ մտնելու շանսեր չունեն: Եթե այդպես է, ուրեմն ԲՀԿ-ն հիմա ավելի մեծ շանսեր պետք է ստացած լիներ, քանի որ նրանց գոնե ճանաչում ենք: Բայց դրա մասին ոչ ոք չի խոսում, իսկ Ծառուկյանն ամեն օր ասում է՝ ձեռք ձեռքի տված Փաշինյանի հետ գնում ենք: Փաշինյանն էլ ասում է՝ միայնակ ենք գնում: Հիմա մենք ինչ՞ մտածենք: Ստացվում է, որ եթե առաջ ԲՀԿ-ն մրցակցում էր շատ քվե ստանալու համար, հիմա համաձայնել է ստանալ միայն այն քվեները, որոնց Փաշինյանը տեր չի կանգնի: Ի՞նչ է, սա քաղաքական պայքա՞ր է, թե՞ քաղաքական պայմանավորվածություն: Բա ընտրողի դերը ո՞րն է: Առաջ ասում էին՝ պատգամավորներն են դակում, հիմա ընտրողնե՞րն են դակելու:

Մի քանի օր առաջ լուր տարածվեց, թե Փաշինյանն ուզում է, որ Դաշնակցությունն էլ լինի ԱԺ-ում: Մենք էլ ուզում ենք հասկանալ. ժողովրդի՞ ուզելով է Դաշնակցությունը լինելու ԱԺ-ում, թե՞ Փաշինյանի: Լավ, եթե Դաշնակցությունն էլ իր պատմությանն ու ավանդական տեսլականին տեր չի կանգնելու և գնալու է քաղաքական առևտրի, բա ո՞վ է լինելու ընդդիմություն: Ընդհանրապես իրական ընդդիմություն լինելո՞ւ է: Առանց ընդդիմության քաղաքականությո՞ւն է լինում: Թե՞ ընդդիմությունն էլ է նշանակվելու: Ժողովրդի՞ ուզելով է Փաշինյանը վարչապետ ընտրվելու, թե՞ Փաշինյանի ուզելով մանդատ ստացած պատգամավորներն են ուզած-չուզած քվեարկելու այնպես, ինչպես դա անում էին վերջին տարիներին ու մանավանդ վերջին ամիսներին:

Ավելի ճիշտ չի՞ լինի, որ հիմա, քանի դեռ ցուցակները չեն կազմվել, նախընտրական պայքարն էլ չի սկսել, բոլորը միասին որոշեն ու հայտարարեն, որ արտահերթ ընտրություններով կազմված ԱԺ-ն ժամանակավոր է լինելու՝ գործելու է մեկ կամ երկու տարի: Տվյալ ժամանակահատվածում նոր ԱԺ-ն անպայման այս ու այն անհարժեշտ օրենքները կընդունի, որ հանգիստ, առանց շտապելու, բոլորի ուզած ձևով ու բոլոր ցանկացողների մասնակցությամբ գնանք նոր ընտրությունների: Եթե այդպես արվի, արդեն սկսվող լեգիտիմության մասին խոսակցություններ էլ կդադարեն: Փաշինյանն էլ ժամանակ ու հնարավորություն կունենա կատարել ժողովրդին տված իր խոստումները: ԱԺ մտած ու չմտած մյուս բոլոր կուսակցություններն էլ բավարար ժամանակ կունենան՝ ուշքի գալու ու նոր ընտրություններին նորմալ նախապատրաստվելու համար:

Տիգրան Ուզունյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ