27 10 2018

Ի՞նչ արժե ամերիկյան բլիթը

Ի՞նչ արժե ամերիկյան բլիթը

Ջոն Բոլթոնն ըստ էության պատասխանեց բոլոր օդում կախված հարցերին ու վերացրեց կասկածները, որ «թավշյա հեղափոխությունը» ամերիկյան նախագիծ է և սպսարկում է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերը։ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը երբևէ Հայաստան ժամանած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներից է։ Իհարկե այս իրողությունները հայրենական արևմտամետներին կարող է ուրախացնել, հաճելի թվալ, ահագնացնել Եվրոպայում կամ ԱՄՆ-ում ապրելու նրանց նվիրական սպասումը, բայց նույնիսկ նրանք պարտավոր են հասկանալ, թե` ի՞նչ գնով։  

ԱՄՆ-ի ռազմաքաղաքական գլխավոր հակառակորդ և Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ղեկավարի հետ Բոլթոնի հանդիպումը տևել է մեկուկես ժամ։ Մեկ օր հետո Բոլթոնը Փաշինյանի հետ զրուցել է նույնպես ժամուկես և հենց հանդիպման սկզբին շեշտել է, թե «ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն»։ Իրենց զրույցի մասին Բոլթոնի մեկնաբանություններից պարզ դարձավ, որ վարչապետի ժպ-ի հետ իր շփումը «ամերիկյան բազեն» սկսել է «կուտ տալով», իսկ շարունակել է «իմ թշնամո՛ւ դաշնակիցը ի՛մ դաշնակիցը կարող է դառնալ» բանաձևով։

Անկասկած է, որ Բաքվից Երևան ժամանած Բոլթոնը Փաշինյանի հետ աշխարհաքաղաքական խնդիրներ չի քննել։ Նա փաղաքշել է ու սիրաշահել, որ մեր վարչապետի ժպ-ն «ճիշտ» հասկանա «ԱՄՆ-ն Հարավային Կովկասը ռազմավարական շատ կարևոր տարածաշրջան է համարում։ Ուստի ԱՄՆ վարչակազմի համար Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելը կարևոր առաջնահերթություն է» ուղերձը։ Ոչ դիվանագիտական լեզվով, այն բավականին սպառնալի է հնչում. Վրաստանը մեր դաշնակիցն է, և եթե Հայաստանը չհամաձայնի նրան հետևել, ապա մենք կհամոզենք Ադրբեջանին։

Բոլթոնը անմիջապես էլ մի պարզ կոչով ցույց է տվել համոզելու գործիքը. «կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, բացել հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական սահմանները»։ Այս ամնեղ հորդորով Բոլթոնը պարզ ընդգծել է, որ ողջ Հարավային Կովկասը ԱՄՆ-ին հետաքրքրում է լոկ որպես տարածք` Ռուսաստանի շուրջ ռազմական օղակը սեղմելու և Իրանի նկատմամբ ճնշումները առավելագույնս խստացնելու համար։ Փաշինյանի նախ լռությունից, ապա` Բոլթոնի հետ զրուցելու գոհունակությունից էլ պարզ դարձավ, որ վարչապետի ժպ-ն մոռացել է և՛ հյուսիսային ռազմավարական դաշնակցության, և՛ հարավային հարևանի հետ ռազմավարական անփոխարինելի գործակցության մասին։

Հենց այս փուլում Հայաստան ժամանելով Բոլթոնը ԱՄՆ-ի շահերը սպասարկող մի քանի խնդիր լուծեց։ Նախ նա տեղում ստուգեց Փաշինյանի ժողովրդականության աստիճանը, արտահերթ ԱԺ ընտրություններից հետո ծրագրված իրավիճակն ստանալու երաշխիքները և ամերիկահայերին նոյեմբերյան միջանկյան ընտրությունների ժամանակ հարկ եղած ձևով քվեարկելու հետևողական կոչեր հասցեագրելը։ Բոլթոնն, իհարկե, գիտի, որ հայրենիքը հեռվից սիրող ամերիկահայերի մեծամասնությունը ռեստորաններում ու նույնիսկ դպրոցներում վերջին ամիսներին միայն «դուխով»-ն է երգում ու դրա տակ պարում։ Ուստի և պայմանավորվել են, որ Փաշինյանը քարազչությունն կսկսի անհապաղ` երկրորդ անգամ չընտրվելուց անմիջապես հետո։

Փոխարենը, Բոլտոնն ինքը` ուղղակի սպառնալիքով ու վարչապետի ժպ-ի լուռ համաձայնությամբ, ասաց այն, ինչը կարող է ասել միայն մեր երկրի ղեկավարը` սեփական քաղաքական կործանման գնով։ Նա պարզորոշ շեշտեց, որ Արցախի հիմնախնդրի առաջարկվող լուծումը չընդունելու դեպքում կփակվի Իրանի հետ մեր հարավային սահմանը, հյուսիսային սահմանին Վրաստանի հետ անլուծելի դարձող խնդիրներ կառաջանան, Ադրբեջանը ու Թուրքիան սահմանային նոր խնդիրներ կառաջադրի, իսկ ԱՄՆ կառավարությունը կվերանայի ոչ միայն Հայաստանի հետ տնտեսական համագործակցության բոլոր ծրագրերը, այլ նաև Ադրբեջանին օգնություն տրամադրելը սահմանափակող 907-րդ բանաձևը։

Այս սպառնալիքների տարափից հետո, Փաշինյանի լուռ համաձայնությամբ, Բոլթոնը նույնիսկ Փաշինյանի օգտին քարոզչության մեկնարկը տվեց` առանց նշույլ իսկ կասկածի, որ միջամտում է ինքնիշխան Հայաստանի ներքին գործերին. «եթե դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը ստանա գերակա մանդատ, դա լավ հնարավորություն կլինի` ավելի վճռական և որոշիչ քայլերի համար»։ ԱՄՆ պաշտոնյան իր այս քայլով ակամա հիշեցրեց, որ արտահերթ ԱԺ ընտրությունները անպայման դեկտեմբերին անցկացնելու որոշումը Փաշինյանը Հայաստան փոխանցեց Վաշինգտոնից։ Անկասակած, այս որոշման հիմքում նուրբ հաշվարկ է, որին ընդունակ չեն վարչապետի ժպ-ի շրջապատի իրավաբաններից ու վերլուծաբաններից ոչ մեկը։

Մինչև ամերիկաներում կամ եվրոպաներում անտեր ու սոված թափառելու համար հեղափոխական դառնալը, մեր հայրենական արևմտամետները պետք է իմանան, որ դրա գինը` ազատագրված տարածքներն են, Արցախն է ու Հայաստանն է։

 Գոռ Հարությունյան

 

Թեմայի վերաբերյալ կարդացեք նաև՝

Դուք ավերում եք այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով. Վ․ Սարգսյանը՝ Փաշինյանին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ