18 10 2018

Վարկերի ու ավանդների աճի մասին․ իրական հայացք՝ վարչապետի վիճակագրությանը

Վարկերի ու ավանդների աճի մասին․ իրական հայացք՝ վարչապետի վիճակագրությանը

Յուրաքանչյուր օր հաստատում է այն տխուր կացությունը, որի մեջ հայտնվել է Հայաստանի տնտեսությունը վերջին 5-6 ամիսներին։ Նախօրեին Հայաստանի մրցունակության զեկույցը ներկայացնելիս, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը հայտնեց, որ եթե այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ներդումները կազմել են 91 մլն դոլար, ապա երկրորդ եռամսյակում՝ ընդամենը 9 մլն դոլար։ Սա իհարկե նորություն չէր, նույնը՝ չնչին շեղումով (երկրորդ եռամսյակում ներդրումների ծավալի 11 անգամ նվազման մասին, իրականում 10 անգամ նվազելու պարագայում) հայտարարել էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար» վերնագրով գրառմանը։

Այստեղ միջանկյալ մի փաստ արձանագրենք՝ «թավշյա հեղափոխական» իշխանության ներկայացուցիչները հաճախ են կիրառում նույն աճպարարությունը՝ իրենց հետ կապ չունեցող իրադարձությունները կամ առօրյա հունով ընթացող պետական կառույցների աշխատանքները ներկայացնելով որպես սեփական նվաճում։ Նիկոլ Փաշինյանի գրառումն այդ շարքից էր։

Այժմ տնտեսական վատթարացման ֆոնին «տնտեսական թռիչքի» մասին գրառման և ցուցանիշների մասին։

«Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս, բանկային համակարգի ակտիվներն աճել են 10,5 տոկոսով, վարկերը աճել են 7 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10,4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4,3 տոկոսով։ Ավանդներն աճել են 9,2 տոկոսով», գրել էր վարչապետը։

Նախ՝ եթե իսկապես խոսքը գնար տնտեսական թռիչքին նախորդող շրջանի մասին, ապա պետք է ներկայացվեր նախորդ տարիների արձանագրվող համանման ցուցանիշները, որոնց համեմատ այս տարվա ցուցանիշները պետք է կտրուկ բարձր լինեին, որպեսզի հնարավոր լիներ խոսել թռիչքի մասին։ Դա, բնականաբար, չկա։

Երկրորդը՝ տնտեսական թռիչքը կապել վարկերի հետ, հատկապես ֆիզիկական անձանց տրված վարկերի աճի հետ, պարզապես զավեշտալի է։ Իրավաբանական անձանց 4,3 տոկոս վարկերի աճը նախ ընթացիկ գործընթաց է։ Այնուհետև, դրանք, այսպես ասած, թանկ փողեր են, որոնց ոչ մեծ աճը էական ազդեցություն չի կարող թողնել տնտեսական աճի վրա, ինչ մնաց թռիչքային աճի բերի։ Դե իսկ ֆիզիկական անձանց տրված վարկերը հիմնականում սպառողական վարկերն են, որոնք մարդիկ վերցնում են կենցաղային սարքավորումներ և տեխնիկա ձեռք բերելու համար։ Ավելին, հայտնի է, որ շատերը վարկեր են վերցնում հարկադրված և դա ավելի շատ կարող է խոսել սոցիալական վիճակի վատացման, քան թե երկրի տնտեսության աճի նախապատրաստման գործոն լինելու մասին։

Ավանդների 9,2 տոկոսով աճը տնտեսական թռիչքի նախապատրաստում համարելը ոչ միայն դիլետանտություն է, այլև ճիշտ կլիներ, որ այդ մասին կառավարության ղեկավարը ընդհանրապես չհայտարարեր։ Դա Հայաստանի տնտեսության նկատմամբ հնարավոր ներդրում կատարողների կողմից անվստահության նշան է։

Հիշեցնենք, որ նախ՝ ապրիլյան ցնցումների ժամանակ Հայաստանի բանկային ավանդները նվազեցին 103 մլրդ դրամով, ինչի մասին փաստելէ հենց Նիկոլ Փաշինյանը։ Հետո դրանք վերակագնվեցին և, դարձյալ վկայակոչելով Նիկոլ Փաշինյանին, «գերազանցեցին նախահեղափոխական մակարդակը»։ Սա նորմալ տրամաբանության մեջ տեղավորվող գործընթացի մասին է խոսում։ Մարդիկ նախ զգուշացան, որ իրենց գումարները կարող են կորչել հեղափոխության պատճառով և դրանք հանեցին բանկերից, ապա տեսնելով, որ մեր բանկային համակարգը կայուն է նման ցնցումների նկատմամբ, վերադարձրեցին իրենց գումարները։ Հետագայում այդ գումարներն ավելացան։ Այսինքն, տնտեսության մեջ ներդրվելու փոխարեն մարդիկ նախընտրեցին իրենց գումարը ի պահ դնել բանկերում և անգամ ավելացնել դրանք՝ որոշ դեպքերում հետ կանգնելով նախապես որոշված ներդրումներից։ Իսկ կայուն բանկային համակարգը, որը ստեղծվել է «20 տարի երկիր քանդելու» ընթացքում և որի ակտիվների աճը արտառոց կամ կտրուկ փոփոխություն արձանագրած երևույթ չէ, միանգամյան վստահելի է։

Թերևս տրամաբանական է, որ մարդիկ չեն վստահում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ու չեն ցանկանում գումարները ներդնել մի տեղ, որին կարող է հաջորդել իրենց «ասֆալտին պառկեցնելու», «պատերով տալու» կամ «կոռուպցիոն սխեմաների» մեջ մեղադրանքներ առաջադրելու հեռանկարները։ Ոչինչ չես կարող ասել՝ մարդկանց չի գրավում նման հեռանկարները։

Արա Մարտիրոսյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ