15 10 2018

Սակագնի թանկացումը 5 տարի առաջ օբյեկտիվ չէր, հիմա օբյեկտի՞վ դարձավ

Սակագնի թանկացումը 5 տարի առաջ օբյեկտիվ չէր, հիմա օբյեկտի՞վ դարձավ

Երևանում հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման մասին նոր քաղաքապետ Հայկ Մարությանը ասել է այն, ինչ ասում էին նախորդ իշխանությունները 5 տարի առաջ՝ ամեն ինչ թանկացել է, բայց տրանսպորտի սակագինը նույնն է մնացել։ Հայկ Մարությանն այդ վիճակը զարմանալի է համարել, մինչդեռ 5 տարի առաջ՝ ավելի կոնկրետ 2013-ի հուլիսին, նա ևս ակտիվորեն պայքարում էր սակագնի բարձրացման դեմ։ Այն ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցի, որ կգա ժամանակ, երբ «Կարգին Հայկո»-ն կդառնա Երևանի քաղաքապետ և ինքը ևս կխոսի տրանսպորտի սակագնի թանկացման մասին։ Իհարկե, դրա հետ մեկտեղ, նոր քաղաքապետը փորձում է «համ նալին խփել, համ՝ մեխին»՝ ասելով, որ «ինչպես և 5 տարի առաջ, այնպես էլ հիմա» ինքը դեմ է տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար, որ պետք է այնպիսի լուծում գտնել, որ «քաղաքացիների համար սակագինը չթանկանա» և այլն։

Իսկապես, 5 տարի առաջ իշխանությունները, չցանկանալով իրենց դեմ դժգոհության նոր ալիք բարձրացնել, հրաժարվեցին տրանսպորտի սակագնի բարձրացումից։ Արդյունքում, ինչպես և սպասվում էր, ոլորտում գործող ընկերությունները, ինչպես նաև մենք բոլորս, հայտնվեցինք վատթար վիճակում։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, անցած 5 տարիների ընթացքում իրենց գործունեությունն են դադարեցրել 28 միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ։ Պատճառը՝ ոչ շահութաբեր գործունեությունը, ինչը հօդս ցնդեցրեց այն մակերեսային պնդումները թե այստեղ կա գերշահութաբերություն, որ անգամ 50 դրամով կարելի է երթուղի շահագործել և այլն։ Ակնհայտ է, որ գերշահութաբեր բիզնեսից ոչ ոք չի հրաժարվում։ Այլ բան է, որ նախկինում այս բիզնեսն իսկապես բարձր շահութաբերություն է ունեցել։

Սակագնի անփոփոխ թողնելու հետևանքներից առաջինն այն էր, որ շուրջ երեք տասնյակ երթուղիների փակման հետևանքով դադարեց միկրոավտոբուսային երթուղիների փոխարինումը ավտոբուսայինով։ Այդ գործընթացի շարունակման դեպքում Երևանի տրանսպորտի գերբեռնվածծությունը կթեթևանար, բայց քանի որ տնտեսվարողները ավտոբուսները ներմուծել էին 150 դրամ սակագնով շահագործելու հաշվարկով, իսկ դա տեղի չունեցավ, այդ գործընթացը դադարեց։ Այնուհետև փակված երթուղիների ծանրաբեռնվածությունն ընկավ գործողների վրա։ Վերջիններս էլ, շահույթ ստանալու համար, սկսեցին ավելի ու ավելի գերբեռնած երթևեկել, իսկ փակված երթուղիներով նախկինում երթևեկող տասնյակ հազարավոր երևանցիներ ստիպված եղան երկու տրանսպորտ փոխել իրենց անհրաժեշտ վայր հասնելու համար՝ փաստացի վճարելով ոչ թե 100 դրամ, այլ՝ 200՝ դրա հետ մեկտեղ երթևեկելով ավելի գերբեռնված և առավել անմարդկային պայմաններով։ Մինչդեռ, այս վիճակից անտեղյակ Հայկ Մարությանը հայտարարում է, որ «այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք մի՛ թանկացրեք: Այս անգամ, որ չի թանկանում, օբյեկտիվ չի»։

Տեղին է շատերին հիշեցնելը, իսկ քաղաքապետին՝ տեղեկացնելը, որ 5 տարի առաջ տրանսպորտի սակագնին բարձրացման հիմնական պատճառը դիզվառելիքի և գազի գների թանկացումն էր։ 2013թ.-ի հուլիսին դիզվառելիքի 1լ գինը մոտ 470 դրամ էր, իսկ գազի 1 խմ գինը՝ 210 դրամ։ Անցած տարիներին դրանց գները որոշակիորեն նվազեցին, ինչը թույլ տվեց խուսափել ավելի շատ երթուղիների փակվելուց։ Ներկայումս, դիզվառելիքի և գազի գները դարձյալ նույնն են, ինչ եղել են 5 տարի առաջ։ Հետևաբար, ինչպե՞ս կարող է այն ժամանակ չթանկանալը օբյեկտիվ լիներ, իսկ հիմա՝ չթանկանալը օբյեկտիվ չլինել, եթե թանկացման պատճառ վառելիքի գները այն ժամանակ և հիմա նույնն են։

Պատճառը, թերևս, մեկն է՝ այն ժամանակ Հայկ Մարությանը քաղաքապետ չէր:

Դե եթե արդեն քաղաքապետ Մարությանը համարում է, որ հիմա օբյեկտիվ է թանկանալը, ապա ի՞նչն է խանգարում գնալ այդ քայլին։ Իսկ եթե հարցի լուծումը նա թողնում է ժողովրդին, ապա պարզ է, որ քաղաքապետը պետք է գնա «փոքր շախտայի մեջ կրկնակի մեծ վերելակ մտցնելու» տարբերակով, քանի որ ժողովուրդը դժվար թե համաձայնվի տրանսպորտի սակագնի թանկացմանը՝ անկախ նրանից որ Նիկոլը վարչապետ է, իսկ Հայկոն՝ քաղաքապետ։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ