ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով ըստ իրենց հաղորդման, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տարածքում հայտնաբերված զենքի փորձաքննությանը, հոկտեմբերի 13-ին լրագրողներին հայտարարեց. «Փորձաքննությունն ավարտվել է, և մարտի մեկի դեպքերի հետ համընկնումներ չկան»։
Այսքան բան: Մեկ նախադասություն, որը դարձյալ փաստում է ՀՀ երկու կարևոր մարմինների վատ աշխատանքի, ժողովրդահաճո, այլ ոչ՝ իրավական քայլերի մասին:
Ինչի՞ մասին է խոսքը:
ՀՀ ՀՔԾ ղեկավարը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ մարտի 1-ին եղել են օլիգարխներին պատկանող խմբեր, որոնց տրվել է համազգեստ և զենք, և նրանք մասնակցել են մարտի 1-ի գործողություններին՝ կրակելով ժողովրդի վրա:
Օգոստոսի 8-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց. «ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք»: Այնուհետև հայտնաբերվեց ռազմամթերք, ձերբակալեցին Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը: Հաղորդագրությունն ավարտվում էր այսպես. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համատեղ իրականացնում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը»:
ԱԱԾ-ի հաղորդագրությունն աչքի էր ընկնում մի քանի տեսանկյունից: Մամուլին բնորոշ ձրևակերպումներն էին. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում»: ԱԱԾ-ն արդյո՞ք պետք է նման հայտարարություն աներ՝ ով է շահագործում, ով է իրական տերը և այլն, թե՞ պարզապես պետք է նշեր փաստաթղթերով գրված սեփականատիրոջն ու հասցեն, քանի դեռ նախաքննությունն ընթացքում է: Հաջորդն այն է, որ ԱԱԾ-ն նախապես հայտարարեց, իսկ մեկ օր անց՝ օգոստոսի 9-ին, ԱԱԾ տնօրենը վերահաստատեց, թե այդ զենքերը, ըստ օպերատիվ աղբյուրների կրակել են մարտի 1-ին՝ նույնպես անտեսելով նախաքննության ընթացքը: «Մենք հայտնաբերել ենք զենքեր, որոնք նախնական օպերատիվ տեղեկությունների համաձայն, հնարավոր է` օգտագործվել են 2008թ մարտի 1-ի, 2-ի դեպքերի ժամանակ: Օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում: Ես չեմ կարող ասել, որ դրանք Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են: Դա դեռ վարկած է, որը դեռ պետք է ստուգվի, պետք է կատարվի համապատասխան փորձաքննություն: Այդ ամենը կպարզվի ՀՔԾ–ին բացատրության և նախաքննության արդյունքում»,- ասաց Վանեցյանը:
Հանրության մեջ միանգամից երեք բացասական կարծիք ստեղծվեց Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ՝ նա ունի ուրիշի անունով ձևակերպած գործարան, նա գործարանում զենք է պահում, նա հենց այն օլիգարխն է, որի հանցավոր խմբերը կրակել են մարտի 1-ին: Էֆեկտիվության «փայլուն» արդյունք։
Ու թեև Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ մեղադրանքը շինծու է, իսկ գործարանն իրեն չի պատկանում, բայց գործող ԱԱԾ ղեկավարի ասածը մնաց «հիմնավոր», իսկ նախկին վարչապետինն էլ հետաքրքիր չէր:
Հարց ԱԱԾ-ին ու ՀՔԾ-ին. արդյո՞ք պետք չէր ունենալ առավել հիմնավոր կասկածներ, ապա նոր հայտարարել մարտի 1-ի հետ Հովիկ Աբրահամյանի առնչության մասին: Երկրորդ. եթե դուք նախապես տարածել եք հաղորդագրություն և ունեցել եք ելույթներ, որոնք կարող են արատավորել նախկին պետական բարձրաստիճան պաշտոնիայի անունն ու հեղինակությունը, ապա փորձաքննության ավարտից հետո, երբ պարզվեց, որ հանիրավի մեղադրանք է հնչեցվել, ինչո՞ւ չեք հայտնում, որ օպերատիվ տվյալները սխալ էին: Ինչո՞ւ է այդ մասին մամուլին լրիվ պատահական ասում ՀՔԾ պետը: Առնվազն ազնիվ չէ, իսկ իրականում ոչ պրոֆեսիոնալ։ Ու արդարացումները, թե՝ «Մենք ասել ենք կասկածներ կան», բոլորովին տեղին չեն:
Սա հերթական դեպքն է, երբ քննչական մարմինների օպերատիվ աղբյուրները զուտ լծված են իշխանության համար ոչ ցանկալի անձանց պախարակելու գործին` հոլիվուդյան ֆիլմերից ստացած տպավորություններով սցենարներ մշակելու ճանապարհով:
Սա ցույց է տալիս, որ ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն էյֆորիայի մեջ գտնվող ժողովրդի շրջանում զբաղված են սեփական հեղինակության բարձրացմամբ և բոլոր այն անձինք, որոնց հասարակության մի մասը չի սիրում, դառնում են «գործ կարելու» զոհ: Հետո, արդեն, երբ պարզվում է մեղադրանքի շինծու լինելը, քննչական մարմինները, հրապարակայնորեն ներողություն խնդրելու փոխարեն, լռում են՝ տպավորությունը չեզոքացնելու համար:
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը