Վարչապետ Փաշինյանի վերջին հանդիպումները Դուշամբեում հետաքրքիր էին ոչ միայն Հայաստանյան հասարակության համար, նաև Ադրբեջանական։ Դեռ չվերադարձած Փաշինյանը լայվերով պատմեց թե ում հետ ինչ է խոսել, ինչ պայմանավորվել։ Ամենից հետաքրքիրը, թերևս, Ադրբեջանի նախագահի հետ առաջին շփման մասին մանրամասներն էին։
«Իլհամ Ալիևը կրթված մարդու տպավորություն թողեց: Նորմալ, դրական տպավորություն թողեց: Նորմալ զրուցել ենք, քաղաքակիրթ զրույց է եղել»,- ասաց Փաշինյանը:
«Ես շատ կարևոր եմ համարում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարևոր է այդ կոնտակտը, որը մենք պայմանավորվել ենք հաստատել, և մենք նաև վաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին կտեղեկացնենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև՝ մշտական կապ հաստատել: Առայժմ պարզ չէ, թե տեխնիկապես ինչպե՞ս է դա իրականացվելու, որպեսզի մենք կարողանանք իրավիճակն ավելի օպերատիվ վերահսկել: Ես կարող եմ ասել, որ մեր զինված ուժերը 100 տոկոսով պահում են այդ պայմանավորվածությունը, և հույս ունեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը նույնպես կգան պայմանավորվածության լիարժեք դաշտ»,- հավելեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Արցախին բանակցային կողմ վերադարձնելու թեմային, վարչապետը նշեց. «Այդ հարցը նույնպես քննարկել ենք: Իհարկե՝ մեր տեսակետները տարբեր են: Ես ասեմ, որ հենց Դուշանբեից զանգել եմ Արցախի նախագահ Բակո Սահակյանին և տեղեկացրել, որ կա այսպիսի պայմանավորվածություն մեր մասով: Եվ նա ասել է, որ պայմանավորվախությունն ընդունելի է նաև իրենց համար: Այնպես որ՝ Արցախի իշխանությունը լիարժեք տեղեկացված է»:
Ի՞նչ ենք կարող եզրակացնել այս մանրամասներից։ Վարչապետը կիրթ մարդ է համարում մի անձնավորության, որը սպառնում է մեր ֆիզիկապես անվտանգությանը, գոյությանը, հերոսի կոչում է տալիս մեր սպային կացնահարած ոճրագործին և այլն։
Չնայած որ Արցախի թեմայով հենց սկզբից առաջ էր քաշել, թե չի պատրաստվում Արցախի հանրապետության փոխարեն բանակցություններ տանելու, մանդատ չունի՝ ինչպես Քոչարյանն ու Սարգսյանն էին, թող գնան Արցախի հետ խոսեն, այժմ առաջին իսկ Ալիևի հետ շփման արդյունքում ձեռք է բերում պայմանավորվածություն, հետո միայն դրա մասին տեղեկացնում Արցախի նախագահին։
Հիմա ամենակարևորի մասին։ Նշում է որ՝ «պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև՝ մշտական կապ հաստատել: Առայժմ պարզ չէ, թե տեխնիկապես ինչպե՞ս է դա իրականացվելու, որպեսզի մենք կարողանանք իրավիճակն ավելի օպերատիվ վերահսկել»։ Խոսքը գնում է պայմանավորվածության արդյունքում հասնել շփման գծում լարվածության թուլացմանը և լիարժեք վերահսկողությանը։ Որ պայմանավորվածությունը կարող է չաշխատել, նշում է նույն Փաշինյանը։ Բայց տարօրինակ է այս ամենը հետևել Ադրբեջանին ՀԱՊԿ գործընկեր դարձնելու մասին խոսակցությունների ֆոնին։
Մյուս կողմից երբ հապճեպ, առաջին իսկ հանդիպմանն ընթացքում խոսվում է նման պայմանավորվածության մասին, հարց է առաջ գալիս․ Իսկ ի՞նչ գնով․
Չէ՞ որ ցանկացած բանակցության արդյունքում պայմանավորվածություններն ունենում են կոնսենսուսի հասնելու որոշակի փոխզիջման առկայություն։ Իսկ ի՞նչ երաշխիք ունենք, որ մեզ չեն համոզել, այսպես ասած «պայմանավորվածություն» դեմ տվել, ձեռքի հետ էլ Ադրբեջանին մտցնեն ՀԱՊԿ, իբրև թե ավելի վերահսկելի կլինի և այլ անհեթեթ պատճառաբանություններով։ Եթե մեր իշխանությունները դա չեն հասկանում, հուշենք՝ դա կլինի մեր արտաքին քաղաքականության մինչ այժմ չտեսնված ամենից խոշոր ձախողումը։
Առաջ չընկնենք, բայց հաշվի առնելով որ գոնե մեր տեսած Փաշինյան-Ալիև շփման հանրավորությունը եղել է նախ լուսնկարվելուց, ապա՝ վերելակում, իսկ այլ ձևաչափով հանդիպման մասին երկու կողմերի պաշտոնական աղբյուրներն այդպես էլ տեղյակ չպահեցին, հնարավոր է՝ եղել է նաև այլ հանդիպում, որի մասին տարօրինակ լռություն է։
Տիգրան Մելիքյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը