02 11 2023

Քանի՞ ընկերության վճարած հարկ է կառավարությունը «գցել ջուրը»

Քանի՞ ընկերության վճարած հարկ է կառավարությունը «գցել ջուրը»

 

Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուպ Դոգի համերգը Երևանում անցկացնելը «կենսական անհրաժեշտություն» ուներ: Այս մասին իմացանք նախօրեին, երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը խոսեց այդ մասին:

Միևնույն ժամանակ, այդպես էլ չկարողացավ պատասխանել, թե այդ կենսական նշանակության համերգը երբևէ կկայանա թե ոչ:

Թե ինչպես է իշխանությունը որոշել համերգի կենսունակությունը, դժվար է ասել, բայց նույն անհասկանալի ձևով էլ կառավարությունը որոշել է ՀՀ քաղաքացիների հարկերից գոյացած բյուջեն տնօրինել իր նախասիրություններով:

Հիշեցնենք, որ Սնուպ Դոգի չեղարկված համերգի համար գումարն այնուամենայնիվ փոխանցվել է: Կառավարությունը պետական բյուջեից չկայացած համերգի համար հատկացրել է շուրջ 2.3 մլրդ դրամ:

Ժամանակ առ ժամանակ ՊԵԿ-ը ներկայացնում է 1000 ամենախոշոր հարկ վճարողների ցուցակները: Հիմա եկեք հասկանանք, թե քանի ընկերության հարկ է կառավարությունը «գցել ջուրը»:

Այսպես, ներկայացնում ենք  2023 թվականի առաջին ինն ամիսների ցուցակը եզրափակող 10 ընկերությունները: «ՍՊԱՐՏ», «ԱՎՏՈՎԻՆԳ», «ՌԵՆՅՈՒԱԲԼ ՔՈՔԱՍԸՍ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ընկերությունները 9 ամիսների կտրվածքով վճարել են 243 մլն-ական դրամ, իսկ «ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ», «ՏԻԳԱ ՇԻՆ» և «Մ.Լ.Ն.ՖԱՐՄ» ընկերությունները՝ 245 մլն-ական դրամ, «ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ, ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ», «ԱՐՔԹԻՔՍ ՍՈԼՅՈՒՇՆ» և  «ՋՈԼԻ ՖԵՄԻԼԻ» և «ԳԱԼԱՔՍԻՍ» ընկերությունները՝  246 մլն-ական դրամ:

Այս 10 ընկերությունների 9 ամսվա վճարած հարկերը կազմում են մոտ 2.3 մլրդ դրամ: Իսկ օրինակ, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ  առանձին բյուջե է վճարել 2,4 մլրդ, «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆը» 2,3 մլրդ դրամ:

Ստացվում է, որ այս ընկերությունները ամիսներ շարունակում աշխատում են, արդյունք են ստեղծում, բյուջե հարկեր են վճարում՝ հույս ունենալով, որ իրենք ներդրում են ունենում երկրի զարգացման հարցում: Իսկ երկրի կառավարիչները նրանց հարկերը տնօրինում են այս կերպ, իսկ օրնակ տուն և հայրենիք կորցրած արցախցիներին խոստացած գումարները չեն տալիս, եթե հաշիվների վրա գումար ունեն։ Այսինքն՝ գաղթականների վրա խնայում են։

Վստահ ենք, եթե կառավարությունը հարցում աներ հարկատուներին, թե ինչի վրա կուզենային ծախսվեր իրենց հարկերը, կամ եթե նրանց արտոնություն տրվեր հարկերն այլ տեղ ուղղելու, այդ գումարով նրանք գուցե գնեին նոր սարքավորումներ, բացեին նոր աշխատատեղեր, ընդլայնվեին, բայց հաստատ չէին համաձայնի իրենց վճարած հարկերն ուղղել ինչ-որ համերգի վրա, այն էլ՝ չկայացած։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ