20 01 2023

Սիրտ չկա՞, թե՞ ամոթ

Սիրտ չկա՞, թե՞ ամոթ

Նախօրեին տեղի ունեցավ ողբերգական դեպք, Գեղարքունիքի մարզում գտնվող զորանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվեցին 15 զինծառայողներ: Կատարվածից ժամեր անց Կառավարության հերթական նիստն էր: Նիստն ընթանում էր ամբողջական կազմով: Ո՛չ ԱԻ նախարարը, ո՛չ Պաշտպանության նախարարը, ո՛չ անգամ երկրի վարչապետը դեպքի վայրում չէին: Առավոտյան արթնացել էին և եկել կառավարություն՝ նիստի:

Իհարկե մեղավորներին նշանակելուց հետո հայտարարեցին, որ սիրտ չկա հարցերը զեկուցելու և գնացին:

Եվ սա այն դեպքում, երբ օրինակ 2020-ին Զեյթունում մի շենք էր փլուզվել և փրկարարներից առաջ դեպքի վայր էր հասել Նիկոլ Փաշինյանը, երբ Սուրմալուում պայթյուն էր եղել, իրար հերթ չտալով թիմի անդամները այնտեղ էին հայտնվում, անգամ Տիգրան Ավինյանն իր նախընտրական քարոզարշավն էր այնտեղից մեկնարկում: Իսկ հիմա, եկել էին նիստի, որ ասեն՝ սիրտ չունենք:

Չնայած, նախորդ երկու դեպքերում, եկել էին, որ ասեին, տեսեք նախկիններից մնացած հին շենքեր են, մենք ինչ կապ ունենք: Իսկ հիմա գնային Ազատ գյուղ, որ ի՞նչը ցույց տային, թե որտեղ են 2020 թվականից տեղավորել զինվորներին, ի՞նչ պայմաններ են ապահովել նրանց համար:

Բայց ճաղավանդակներով, կիսախարխուլ, փայտից տանիքով շինությունից ու մոխրից զատ, այնտեղ նաև զոհվածների հարազատներն էին, ծնողներն էին, որ եկել էին իրենց որդիների հետևից, նրանց հարցերն էին, այլևս երբեք չմխոխրացող ցավն էր ու տառապանքը:

Իսկ հարցերի հասցեատերերը նիստ էին անում: Նիստ, որի ընթացքում օրինակ որոշվեց, որ դատախազների աշխատավարձը քչություն է անում, պետք է հավելավճարներն ավելացնել: Կառավարությունը գտնում է, որ դատախազների «առանձնակի ռիսկային» է և առաջարկում է նրանց աշխատավարձը համարյա կրկնակի բարձրացնել՝ 92 տոկոս հավեավճար տալ: Պետբյուջեի վրա կարժենա լրացուցիչ 2 մլրդ 443 մլն դրամ։

Մյուս հարցով էլ կառավարությունը գումար հատկացրեց նորաստեղծ Ներքին գործերի նախարարությանը, որ 50 հաստիք ավելացնի: Ըստ հաշվարկների, ամսական կպահանջվի 2 մլն 124 հազար դրամ, տարեկան 25 մլն 488 հազար դրամ, սակայն ներկայացված նախագծով առաջարկվում է ապահովել 6 ամսվա գումարը:

Այսքանից հետո զուտ մարդկայնորեն հարց է առաջանում՝ սիրտ չկա՞, թե՞ ամոթ չկա:

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ