06 10 2022

Երեկ ուշ էր, այսօր ավելի ուշ է, վաղը կլինի անդառնալի ուշ...

Երեկ ուշ էր, այսօր ավելի ուշ է, վաղը կլինի անդառնալի ուշ...

Խոսքը, միանգամից նշենք, իշխանությունից Նիկոլ Փաշինյանի ու նրա՝ հայակործան մանկլավիկների հեռացման մասին է:

Պարզվում է, ի դեպ, որ կան բավականին ամուր նյարդեր ունեցող հայրենակիցներ, որոնք դեռ կարողանում են ոչ միայն լսել Նիկոլ Փաշինյանի ձայնը, այլև ունկնդրել, թե նա անհեթեթությունների ու բլթոցների ինչ հերթական շարան է դուրս տալու: Դատելով հրապարակումներից ու արձագանքներից, հոկտեմբերի 5-ին նա ԱԺ-ում «բըլթբըլթոցներ» է արձակել իր տխմարամիտ քարոզչության ամենասիրելի ու ամենից ծեծված կաղապարի հանգույն՝ «սաղ նախկիններն են տվել» ձևակերպմամբ:

Եթե Նիկոլ Փաշինյանի ելույթները ձայնով լսելու կարողություն ունեցող հայրենակիցների մասին վստահաբար նշեցինք, որ ամրակուռ նյարդեր ունեն, ապա Նիկոլ Փաշինյանին վստահողների ու նրա ասածներին հավատացողների ինտելեկտուալ կարողությունների և ուղեղի հնարավորությունների մասին կարելի է նույնքան վստահաբար ամենից ցածր գնահատականներն ու բնորոշումները տալ:

Լավ, ի՛նչ աստիճանի պետք է զոմբիացած լինի որևէ մեկը, որ հավատա ինչ-որ ճղճղան ստախոսի հայտարարություններին, թե՝ «սաղ նախկիններն են տվել...»: Սա նույնն է, եթե մարդ սկսի հավատալ, որ ինքը 1988-2018 թվականներին գոյություն չի ունեցել, ոչինչ չի տեսել, ոչինչ չի իմացել, այդ 30 տարվա մեջ Արցախ չի գնացել, 30 տարվա մեջ իր հարազատությունից ոչ մեկը բանակում չի ծառայել, առհասարակ, 30 տարի չի ապրել, և բոլորը, անկախ տարիքից, ծնվել են 2018 թվականի մայիսի ու դրանից հետո միայն:

Հատկանշական է այն, որ չնայած շատերը վստահ են, որ ամեն անգամ, խոսափողին մոտենալիս, Նիկոլ Փաշինյանը հերթական անհեթեթություններն է արտաբերելու, միևնույն է, հաջորդ իսկ պահին սկսում են ամենատարբեր հարթակներում, այսպես ասենք՝ քննարկել նրա փչոցները:

Իրավիճակում, երբ կենսական անհրաժեշտություն է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, նստել-քննարկում ենք, թե նրա այս սո՞ւտն էր ավելի սուտ, թե՞ նախորդը: Իրականությունն այն է, որ մինչ այս, մինչ այն, Նիկոլ Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը շարունակում են Հայաստանի ոչնչացման համատեղ ծրագիրը:
Դրա դեմն առնելու առաջին անհրաժեշտ քայլը, բնականաբար, թշնամական գործակատարին Հայաստանի ղեկից հեռացնելն է: Ըստ որում, իրավիճակը կտրուկ մոտենում է այն կետին, երբ իշխանափոխության եղանակի հարցը կորցնում է իր կարևորությունը:

Լավ, «ինչի՞ մասին» են Նիկոլ Փաշինյանի վերջին հակահայ հայտարարությունները: Իսկ նրա այդ հայտարարություններն այն մասին են, որ ինքը, իշխանությունը կամովին չի թողնելու, անգամ եթե նրան «հումանիտար միջանցք» երաշխավորվի (այսինքն, որ տեղում ինքնադատաստանի չի արժանանա և կշարունակի իր ֆիզիկական գոյությունը): Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին են, որ ինքը արդեն իսկ Արցախը լիովին ճանաչել է Ադրբեջանի տարածք, հիմա հանձնարարություն ունի Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ, պաշտոնապես հռչակել Հայաստանի Հանրապետության գոյության ավարտը և իրեն այդպես հիմարաբար հանդուրժած հայությանը հանձնել ցեղասպան թուրքերի ողորմածությանը: Ասենք, նա գործնականում այդպես էլ հայտարարեց, ու  նրա «լեզվի սայթաքումն» ամենևին էլ սայթաքում չէր:  

Ի դեպ, բոլորը, ովքեր ոչ միայն գտնում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, այլև պատրաստ են պայքարել դրա համար, արժե որ նկատի ունենան առնվազն երկու էական հանգամանք: Առաջինը. «նիկոլականությունը» կամ ՔՊ-ն ոչ թե քաղաքական համախմբում է, այլ տոտալիտար աղանդի գրեթե դասական օրինակ: Երկրորդ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության, գործ ունենք ոչ թե անկարող-անտեղյակների, իրենց կողմնակիցների բառամթերքով ասած՝ «խեղճ հարիֆների», այլ թշնամական օկուպացիոն ռեժիմի հետ: Նրանք հիմարներ չեն, այլ բավականին վարպետորեն հիմար են ձևանում՝ իրականում էշի տեղ դնելով բոլորին: Առայժմ՝ իրենց համար բավականին հաջող ու, նկատենք՝ անպատիժ:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ