Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն ավելի քան մեկ տարի պահվում է ադրբեջանական բանտում, մեկուսացված է իր ընտանիքի վարձած փաստաբաններից։ Դրա մասին RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վարդանյանի որդին՝ Դավիթը:
Նա նշել է, որ Ռուբեն Վարդանյանին տեսակցելու փաստաբանների բոլոր դիմումները «կամ ուղղակի անտեսվել են, կամ մերժվել»։ «Անկախ բժիշկները» ևս չեն կարողանում այցելել ԼՂՀ նախկին պետնախարարին:
«Միակ քայլը հետազոտությունն էր, որ պետական հիվանդանոցն արեց նրա հացադուլից հետո <...> Որոշ այցեր կան, ինչպես հասկացանք, Կարմիր Խաչից, բայց, դարձյալ, սա բավարար չէ, քանի որ դրանք բավականին մակերեսային այցեր են»,-համարում է Դավիթ Վարդանյանը:
Նամակները կարող են ուղարկվել նաև միայն Կարմիր Խաչի միջոցով, որն ունի «շատ խիստ կանոնակարգեր»՝ ոչ ավելի, քան չորս էջ, վստահեցնում է նա։
«Նրանք (Կարմիր խաչը. - նշում է RTVI-ն) աշխատում են այնպես, ինչպես կարող են, բայց նրանց ձեռքերը այնտեղ ևս շատ կապված են: Մենք չենք կարող կանոնավոր նամակներ ուղարկել։ Ինչպես ինձ ասաց հայրս, վերջին վեց ամսվա ընթացքում նա արդեն անսահմանափակ թվով նամակներ է ուղարկել։ Դրանցից ոչ մեկը հասցեատիրոջը չի հասել, այսինքն՝ մեզ մոտ էլ է այս կապի միջոցը խզված»,- հայտարարել է Դավիթ Վարդանյանը։
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի որդին նշել է, որ ինքը զանգում է հորը, սակայն հեռախոսով «որոշ հարցեր» քննարկել չեն կարող։ Նա միաժամանակ նշում է, որ ընտանիքը երախտապարտ է տեղի փաստաբանին, որը «վտանգում է իր կյանքը»:
Դավիթ Վարդանյանը հաստատեց, որ իր հորը 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել։ Նա հավելել է, որ քրեական գործը պարունակում է 25 հազար էջ ադրբեջաներեն, որոնք իր համար բանավոր թարգմանում է «քննիչի և դատախազության» նշանակած թարգմանիչը։
«Սա բավականին հին ռազմավարություն է. եթե նորմալ գործ չունես, ուղղակի սարի չափ մակուլատուրա ես գրում, ներողություն եմ խնդրում, և դրանով փորձում խեղդել քո մեղադրյալին»,-ասում է ԼՂՀ նախկին պետնախարարի որդին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը