02 08 2022

«Գազի բալոնն» ու անհայրենիքության էտալոնը

«Գազի բալոնն» ու անհայրենիքության էտալոնը

Փաստը մնում է փաստ. օգոստոսի 1-ի առավոտյան թշնամին տարբեր ուղղություններում ռազմական ակտիվություն է դրսևորել: Փաստ է և այն, որ ՀՀ վարչապետ համարվող ոմնը՝ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով, արձակուրդում է եղել, ըստ լուրերի, իր ծննդավայր Իջևանում, Աղստևի ու մերձակայքի բնաշխարհի վայելքներին տրված: Ի դեպ, իջևանցիները թող շատ չոգևորվեն իրենց հողատու հայրենակցով ու թող համենայնդեպս նկատի ունենան, որ դա ընտանիքով ուր գնում է, ուրեմն մտքին կա դա էլ թուրքին նվիրել, ինչպես Շուշին տվեց...

Փաստ է և այն, որ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են ադրբեջանական կողմի ռազմական ակտիվության, սադրաանքների, մի խոսքով՝ հարձակողական բնույթի գործողությունների մասին:

Փաստ է և այն, որ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ա) չի ընդհատել իր «հովվերգական», խոզխանձողական արձակուրդը, բ) ոչ մի հայտարարությամբ, ոչ մի կոչով-մոչով հանդես չի եկել:

Այնուամենայնիվ, նա փորձեց ցույց տալ, որ ինքը դեռ գոյություն ունի, չի մեռել, կենդանի է, որքան էլ որ դա ցավալի ու վնասակար լինի Հայաստանի գոյության հնարավորության համար: Նիկոլ Փաշինյանի կենդանությունը երևաց «գազաբալոնների» ժխորի մեջ:

Բանն այն է, որ նիկոլական հակահայ կառավարիչները բնակչությունից փող քերելու նոր հնար են մոգոնել՝ ավտոմեքենաների գազաբալոնները պիտի ստուգվեն, չափանիշների համապատասխանեցվեն ու նման բաներ, ասում են ստուգվելու հերթը մինչև նոյեմբեր, անգամ փետրվար է հասել, իսկ տուգանում են երեկվանից:

Իմ սերնդակիցները կհիշեն Նիկոլ Փաշինյանի քաղաքական «պապաներից» Վանո Սիրադեղյանին ու ավտոկրակմարիչների նրա հնարքը. որոշվել էր, որ բոլոր ավտոմեքենաների մեջ պարտադիր կարգով պետք է կրակմարիչ լինի: Վանոյի համար ձեռնտու գործարք էր. որ մեքենայում կրակմարիչ չկար, դրա վարորդը տուգանվում էր՝ հօգուտ ոստիկանության կամ տվյալ կոնկրետ ոստիկանի գրպանի, իսկ ով էլ գնում ու կրակմարիչ էր առնում, դրանից էլ շահում էր Վանոյի «մոտիկ» օլիգարխը, ով մենաշնորհային կարգով տվյալ ապրանքն էր ներկրում: Հիմա Նիկոլի «գազաբալոններն» էլ, կարելի է չկասկածել, որ նման մի բան են:

Հա, ու ինչ փաստ ի հայտ եկավ. հազարավոր մեքենայատերերի իրենց գազի բալոնի ճակատագիրը հազարապատիկ ավելի է հուզում կամ հետաքրքրում, քան, ենթադրենք, Հայաստանի այս կամ այն հատվածի՝ թշնամուն անցնելը, քան՝ թշնամու հարձակումը, քան՝ առհասարակ, Հայաստանն ու իր կործանման ակնհայտ ընթացքը: Կարևորը՝ փորները կուշտ լինի, տակները չոր, գազաբալոնն էլ՝ լիցքավորված ու լիցենզավորված:

Մի խոսքով՝ գազաբալոնն ու անհայրենիքության էտալոնը:

Հա, իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ու այն իրողությանը, որ նա ընդհանրապես ոչ մի կերպ չարձագանքեց ադրբեջանական կողմի հերթական ագրեսիվ գործողություններին, ապա դա միանգամայն բնական է: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը, զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, գործնականում զբաղված է թուրքական ու ադրբեջանական շահերի սպասարկմամբ: Իսկ գուցե ադրբեջանական կողմի վերջին ագրեսիվ գործողությունների մասին Նիկոլ Փաշինյանն ավելի վա՞ղ պայմանավորվել է: Փաշինյանը շատ է ցանկանում Արցախի մնացորդներն էլ հանձնել Ալիևին, այդ թվում՝ Արցախը ՀՀ-ին կապող նեղլիկ արահետը, պարզապես դա, ըստ երևույթին, որոշել է անել պայմանավորված «մինի պատերազմ» բեմադրելով: Ինչպես, ասենք, Արցախի 70-80 տոկոսը նույն Նիկոլն ու նրա մանկալվիկները նվիրեցին թուրքին՝ մահվան մատնելով Հայոց բանակի հազարավոր զինվորների սպաների, իսկ հետո էլ ամենավերջին ստահակի նման կանգնեցին ու ցինիկաբար հայտարարեցին, թե «դե նույն բանն էր լինելու, բայց առանց զոհերի...»: Ասում են՝ այսօր Նիկոլ Փաշինյանի ավտոէշելոնը «1000-ի վրա» գալիս է եղել Երևան: Տեսնողներ են եղել: Դրա հետ կապված միակ դրական տեղեկությունն այն կլինի, եթե երեկոյան պարզվի, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն այս անգամ ոչ մի հայ մարդու չի սպանել: Չնայած, Սոնայի ու նրա չծնված երեխայի արյունը Նիկոլն ու ավտոշարասյան պետը լիուլի մարսել են, կարող են էլի ու էլի կանանց ու երեխաների կոտորել: Ո՜ւմ է դա ընդհանրապես հետաքրքրում:

Արմեն Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ