Դե ինչ, կարծես ամեն ինչ բացահայտորեն «իր տեղն ընկավ»: Թուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպման ընթացքում, հուլիսի 26-ին, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարն ուղղակիորեն սպառնացել է Հայաստանի ընդդիմադիր գործիչներին, կոնկրետ՝ «Դիմադրության» շարժմանը, միաժամանակ ու նույնքան անմիջականորեն կանգնել փաստացի իրենց Նիկոլի թիկունքին:
Նախ, ադրբեջանական «Կա-Գէ-Բէ»-ի ղեկավարի հայտարարության այդ հատվածը.
«Ցավոք, Հայաստանում ռևանշիստական ուժերը դեռ չեն հրաժարվել իրենց սադրիչ մտադրություններից, և այս երկրի ընդդիմությունը լուրջ փորձեր է անում՝ խաթարելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ադրբեջանական հատուկ ծառայությունների զգոնության արդյունքում դրա հետ կապված հնարավոր բացասական իրավիճակները վճռականորեն կկանխվեն»:
Սա, ամենից առաջ, նշանակում է, որ ադրբեջանական, ու, անկասկած, նաև՝ թուրքական հատուկ ծառայություններն արդեն այն աստիճան են տնավորվել Երևանում ու Հայաստանի տարածքում, որ ուղիղ տեքստով նման սպառնալիքներ են հնչեցնում տեղի ներքաղաքական գործիչներին:
Սա նշանակում է, որ Հայաստանը կամ այն, ինչը դեռ համարվում է Հայաստան, չունի հատուկ ծառայություններ, չունի ԱԱԾ, հակառակ դեպքում արդեն հուլիսի 27-ին հնչած կլիներ այդ կառույցը ներկայացնողի հակադարձումը:
Սա նշանաակում է նաև, որ «Դիմադրության» շարժումը և Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացմանը ձգտող քաղաքացիները այն աստիճանի վտանգավոր են գնահատվում ադրբեջանական ու թուրքական իշխանությունների կողմից, որ վերջիններս պատրաստ են իրենց հատուկ ծառայությունների միջոցով իրականացնել Հայաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչների չեզոքացում: Այն աստիճանի վտանգավոր են գնահատում իրական հայկական օրակարգերով առաջնորդվողներին, նիկոլական ռեժիմի տակ չկզածներիս, որ ադրբեջանական հատուկ ծառայության ղեկավարը բաց տեքստով նման հայտարարություն է հնչեցնում:
Թուրքերն ու ադրբեջանական թուրքերն իսկապես լուրջ վտանգ են զգացել, հակառակ դեպքում այսպես ափաշկարա չէին գործի, չէին «վառի ալիքներն» ու չէին բացահայտի իրենց Նիկոլ Փաշինյանին ու նրա ուսապարկերին:
Սա նաև նշանակում է, որ այս ամիսների ընթացքում ընդդիմադիր գործիչների, բողոքի ակցիաներին մասնակցող քաղաքացիների դեմ ամենավայրագ, ամենաֆաշիստական, ամենակեղտոտ հետապնդումների, բռնությունների դիմելով, Նիկոլ Փաշինյանը, նրա ոստիկանապետը, նրա ԱԱԾ-ն, նրա «ոստիկանները» ուղղակիորեն կատարում էին ադրբեջանական ու թուրքական իշխանությունների, հատուկ ծառայությունների օրակարգերից բխող ամենը: Շատ հնարավոր է, որ այդ նույն օրակարգով էր, որ նիկոլական իշխանությունն ու դատավորը դատարանի դահլիճում փաստացի սպանեցին Արմեն Գրիգորյանին:
Հատկապես այն դեպքերից հետո, երբ նիկոլական «ոստիկանները», դրսևորելով թրքաբարո պահվածք, ցուցադրական ագրեսիայի էին դիմում ու բորենիների ոհմակի նման հարձակվում էին հոշոտելու հայ կանանց, պատանիներին, հայ երիտասարդներին, լրջորեն կասկածներ ծագեցին, որ Ալիևն ու Էրդողանը օգնական ուժեր են ուղարկել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս թուրք ստահակների միջոցով կարողանա պահել իր աթոռը: Ադրբեջանական հատուկ ծառայության ղեկավարի վերջին հայտարարությունը է՛լ ավելի է ամրապնդում այդ կասկածները, որ հատկապես մայիս-հունիս ամիսներին, ՀՀ ոստիկանության «կարմիր ու «սև» բերետավորների համազգեստների տակ հնարավոր է, որ թաքնված են եղել ամենաիսկական թուրք մարդակերներ:
Մի հատ նորից հիշեք դրանց հակահայ դեմքերը, դրանց կատաղի-ենիչերական պահվածքը, համաձայնվե՛ք, որ բավականին նման էին:
Պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը գտածո է Ալիևի ու ադրբեջանական կողմի, Էրդողանի ու թուրքական կողմի համար, եթե չասենք այն հիմնավոր ենթադրությունը, որ պարզապես նրանց կողմից իշխանության բերված դրածո է: Պարզ է նաև, որ Ալիևն ու Էրդողանը ամեն գնով կպաշտպանեն ու հենց պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին ու փաշինյանական «կառավարությանը»:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը