25 07 2022

Անկանխիկի մասին օրենքը՝ կիրառության մեջ. ռիսկերն ու բացերը

Անկանխիկի մասին օրենքը՝ կիրառության մեջ. ռիսկերն ու բացերը

Դեռևս սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը /այսուհետ՝ Օրենք/, որի կիրառմամբ այսուհետ Հայաստանն անցնում է կանխիկ դրամի շրջանառության նվազեցմանը կամ այլ կերպ ասած «պակաս կանխիկ»-ի քաղաքականությանը, որը տեղի է ունենալու փուլային տարբերակով, քանի որ օրենսդիրը նախատեսել է կանխիկի շրջանառության սահմանաչափերի կիրառում ժամանակագրական և տարածքային առումներով։ Չնայած այն հանգամանքին, որ օրենքի մշակման հեղինակները հիմնավորման մեջ նշել են, որ միջազգային փորձն են ուսումնասիրել և դրա արդյունքում նաև համապատասխանեցրել օրենքի կիրառումը ՀՀ-ում, այս պարագայում ցանկանում ենք նշել, որ ուսումնասիրված երկրներում անկանխիկ գործարքների պարտադիրությունը պայմանավորված է փողերի լվացման դեմ ուղղված քաղաքականությանը, իսկ Հայաստանում սույն օրենքի կիրառմամբ շեշտը դրվել է հարկային վերահսկողության ուժեղացմանը։

Այսպես, նշենք Օրենքի հիմնական  կարգավորումները. 

  • Իրավաբանական անձի/անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի միջև կնքվող գործարքների դեպքում, եթե գործարքի արժեքը գերազանցում է 300,000 ՀՀ դրամը, ապա գործարքի արժեքը պետք է վճարվի անկանխիկ եղանակով։
  • Իրավաբական անձանց միջև կնքվող ցանկացած գործարք, ինչպես նաև պետական կամ համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում իրականացվում է անկանխիկ ձևով։
  • Ֆիզիկական անձանց միջև կնքվող գործարքները կրկին ունեն սահմանաչափ, այն գործարքները որոնցից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով (մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը 500,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքները, իսկ 2023 թվականի հուլիսի 1-ից նշված սահմանաչափը կդառնա 300,000 ՀՀ դրամ),
  • Աշխատավարձերի, կենսաթոշակի, ներկայացուցչական ծախuերի, ինչպես նաև բժշկական կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող վճարումները 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում իրականացվելու են անկանխիկ ձևով։
  • Գրավատները վարկերը տրամադրում են բացառապես անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ 80,000 ՀՀ դրամից ավելի, 2023 թվականից 50,000 ՀՀ դրամից ավելի և 2024 թվականից 20,000 ՀՀ դրամից ավելի տրամադրվող վարկերը։
  • Փաստաբանական, խորհրդատվական (հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլ խորհրդատվական) ծառայությունների մատուցման և նոտարական գործողությունների համար ամբողջությամբ գործում է կանխիկի բացառման սկզբունքը։
  • Բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները տրամադրվում են բացառապես անկանխիկ ձևով, իսկ վարկերի մարումները կիրականացվեն նաև կանխիկ ձևով, ինչպես նաև ավանդները կընդունվեն և կանխիկ և անկանխիկ ձևով:

 

Ի՞նչ խնդիրներ առաջ կբերի օրենքի կիրառումը

Նկատի ունենալով, որ Օրենքը ուղղակիորեն լայն կիրառություն է ունենալու առօրյա կյանքում, վերջինս նաև զերծ չի պահելու մի շարք խնդիրներից։

Այսպիսով, քաղաքացին ցանկանում է թանկարժեք զարդ կամ ցանկացած որևէ այլ իր գնել, որը գերազանցում է օրենքով նախատեսված սահմանաչափը, իսկ վերջինս չի ցանկանում, որ իր գնման մասին որևէ այլ անձ տեղեկանա, և այս պարագայում անձի կատարած գործարքի գաղտնիությունը չի ապահովվում, որով էլ սահմանափակվում է վերջինիս ազատությունը, իր կատարած գործարքի գաղտնիության պահպանման առումով,  ուստիև տվյալ պարագայում չկա խիստ վերահսկողության հիմնավորվածությունը անձի կատարած գործարքների նկատմամբ։

Ինչպես նաև ծանրանում է ֆինանսական բեռը, քանի որ բանկային ծառայությունները անվճար չեն և հավելյալ ծախսեր են առաջանում միջնորդավճարների տեսքով, իսկ բանկերը իրենց կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանած սակագները ժամանակի ընթացքում կարող են էլ ավելի բարձրացնել։

Բացի այդ հաշվի չի առնվել նաև քաղաքացիների իրազեկվածության մակարդակը՝ իրենց անկանխիկ դրամանակ միջոցները օգտագործելու համար, որն էլ ունի մի շարք ռիսկային գործոններ, քանի որ քաղաքացիները դեռևս սույն օրենքի ուժի մեջ մտնելը բազմիցս արձանագրել են իրենց հաշիվներից անօրինական գանձումների մասին, որոնք կատարվել են օնլայն խարդախությունների արդյունքում, այսինքն քաղաքացու բանկային քարտը օգտագործվել է այլ անձի կողմից, հետևաբար բանկային քարտի կամ օնլայն վճարային համակարգի կիրառումը զերծ չի պահելու նման լուրջ խնդրից։

Իրազեկվածության մասով նաև ցանկանում ենք նշել, որ Օրենքի պահանջները չկիրառելը կհանգեցնի գործարքի առոչնչության և կկիրառվի անվավերության հետևանքներ։ Այսինքն շահագրգիռ անձը կարող է դիմել դատարան՝ պահանջելով գործարքը ճանաչել առոչինչ, որի հետևանքով կողմերին պետք է վերադարձվի այն, ինչը ստացել են գործարքով, հետևություն՝ գործարքը ի սկզբանե չի էլ եղել։

Բացի գործարքի առոչնչության ռիսկից, սույն օրենքի պահանջները չկատարելը կհանգեցնի նաև վարչական պատասխանատվության․օրինակ՝ ֆիզիկական անձանց՝ 100․000 ՀՀ դրամի չափով տուգանք առաջին անգամ, իսկ 1 տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 200․000 ՀՀ դրամ։

Հիմք ընդունելով ողջ վերոգրյալը գտնում ենք, որ ՀՀ-ում նշված կարգավորումը կիրառելը նպատակահարմար չէր, քանի որ նշված մի շարք գործոնները հաշվի չեն առնվել, իսկ դրանք օրենքի պարտադիրության տեսանկյունից անպայման առաջացնելու են նաև այլ խնդիրներ։

Ինչպե՞ս կարող ենք օգնել մենք Ձեզ

 «ՋԵՅ-ՓԻ» փաստաբանական գրասենյակը պատրաստ է տրամադրել Ձեզ իրավական աջակցություն ցանկացած խնդրի լուծման համար, որին կհանդիպեք սույն օրենքի կիրառման արդյունքում, քանի որ մեր գործունեության բազմամյա տարիների ընթացքում շնորհիվ պրոֆեսիոնալ թիմի մենք հասել ենք խնդիրների և արտադատական և դատական կարգով լուծման։

 

«Ջեյ-Փի Փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի իրավախորհրդատու 

Մարինե Ղազարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ