Հունիսի 3-ին հրավիրած ԱԺ արտահերթ նիստը «Դիմադրության» շարժումը նախանշում է, որպես կարևոր իրադարձություն: Ընդգծվում է նիկոլական իշխանության հակահայ էության վերջնական մերկացման պահը, նշվում է, որ վերջնական ջրբաժանի օրն է:
Իհարկե, կարելի է մյուս կողմից ասել, թե՝ էլ ի՞նչ է մնացել մերացնելու, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո, վերջին մեկուկես տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ պրոադրբեջանական, ուղղակիորեն Ադրբեջանի և Թուրքիայի շահերն սպասարկող քայլերից, հայտարարություններից ու ելույթներից հետո, բրյուսելյան հանդիպումներից հետո, վերջապես:
Սկզբունքորեն, ԱԺ հայտարարության նախագիծը, որն ընդունելու համար էլ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստը, միաժամանաը յուրօրինակ թեստ է, ինդիկատոր, «լակմուսի թուղթ»: Եվ, եթե այդ 7 կետերի բովանդակությունը հնարավորինս սեղմենք, ապա կստացվի Նիկոլ Փաշինյանին ու նրա ՔՊ-ոներին հասցեագրված միանգամայն պարզ հարց. «Հիմա վերջիվերջո, դուք հա՞յ եք, թե՞ հայ չեք»:
Եվ մինչ կային մեկնաբաններ, որ երևակայական սցենարներ էին դիտարկում, թե՝ «ինչ կլինի, եթե...», Փաշինյանի ՔՊ-ն արագորեն մերկացավ:
Դեռևս մայիսի 27-ի ուշ երեկոյան տարածվեց ԱԺ ՔՊ խմբակցության հայտարարությունը առ այն, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի մասնակցի ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին: Այնպես որ, մերկացման կամ ջրբաժանի գիծն արդեն իսկ գծված-վերջացրած է: Մնում է թերևս արձանագրել այն, իսկ ավելի քան 1 ամիս ակտիվ ընթացքի մեջ գտնվող պայքարը հասցնել տրամաբանական եզրակետին՝ Հայաստանն ազատագրել Նիկոլ Փաշինյանից ու նրա հակահայ ռեժիմից:
Այնուամենայնիվ, զուտ որպես ուսումնասիրության նյութ, հետաքրքիր է, թե ինչ ձևակերպումներով է Փաշինյանի ՔՊ-ն հրաժարվում մասնակցել ներկայացված հայտարարությունն ընդունելու օրակարգով ԱԺ արտահերթին:
Միանգամից նկատենք. մերկապարանոց ու մտացածին մեղադրանքներ, իրականության նենգափոխմամբ ներկայացված անհիմն պնդումներ և անհեթեթ «մտահանգումներ»: Կարելի է ասել, որ կա ցինիզմ, կան սուտ ու կեղծիք, և կա այդ ամենի սինթեզը՝ նիկոլություն ու ՔՊ:
ՔՊ հայտարարության մեջ, օրինակ, նշվում է, թե նախորդ իշխանությունները... «դավաճանել են Արցախի շահերը», «հարցը մտցրել են փակուղի» ու, ավելին, ըստ ՔՊ-ի, դա, իբրև թե՝ «ապացուցված է»: Ո՞վ է, նախ, նման բան ապացուցել: Գուցե Նիկոլ Փաշինյա՞նը, յուր տիկնոջ հետ, իրենց թերթոնի էջերում, կամ էլ՝ ՔՊ-ի «նեղ կռուգով» նիստերի ժամանա՞կ:
Երկրորդ, ո՞վ է ինչից խոսում, ընդհանրապես: Չէ՛, լուրջ:
Նիկոլի ՔՊ-ն հանդգնում է որևէ մեկին մեղադրել բանակցային գործընթացը փակուղի մտցնելու մե՞ջ, Արցախի շահերին դավաճանելու մե՞ջ: Կներեք, սա ոչ թե սոսկ ցինիզմ է կամ անպատկառություն, սա ուղղակիորեն ցինիզմի ու անպատկառության մեջ թաթախված տխմարություն է նաև:
Այսինքն, բանակցային գործընթացը միտումնավոր փակուղի մտցրած, հատուկ հաշվարկով ադրբեջանական ռազմական նկրտումները լեգիտիմացրած, վերելակներում Ալիևի հետ «ջան-ջիգյար» արած, պատերազմ հրահրած, ապա կանխամտածված հիմար որոշումներով պատերազմը տանուլ տված, Արցախի 75-80 տոկոսը թշնամուն հանձնած, Հադրութն ու Շուշին թուրքին նվիրած, հազարավոր հայ զինվորների միտումնավոր մահվան մատնած Նիկոլն ու նիկոլականնե՞րն են համարձակվում ինչ-որ ծպտուն հանել, դեռ մի բան էլ մեղադրել այլո՞ց:
Եվ ո՞ւմ են մեղադրում: Նախկինների՞ն: Հայաստանի նախկին իշխանությունները, ինչ արել կամ չեն արել, մեկ բան հաստատ է. բանակը պահել են մարտունակ, Հայաստանի ու Արցախի սահմաններն՝ անառիկ, թշնամու ագրեսիվ մղումները արագորեն կանխել են համարժեք հակահարվածներով: Բանակցային գործընթացն էլ այնտեղ են հասցրել, որ Ադրբեջանի ղեկավարն էր հրապարակավ նեղսրտում, որ «միջազգային հանրությունը» իրեն ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը:
Մի բան էլ: ՔՊ-ն հայտարարում է, թե՝ ընդդիմությունն Արցախի հարցն ուզում է օգտագործել ներքաղաքական նպատակներով: Ավելի հիմար բան դժվար էր ասել: Նախ, Արցախի հարցը, ի լրումն՝ Հայաստանի Հանրապետության տարածքային խաթարված ամբողջականության, մեր երկրի ու մեր ժողովրդի անվտանգության հարցերը գերքաղաքական են, ավելին՝ վերքաղաքական են: Դրանք «ներքաղաքական նպատակներով օգտագործելը» ո՞րն է, եթե եղած-չեղած քաղաքական պրոցեսների նպատակային թիրախներում հենց այդ հարցերն են ու պիտի լինեն: Միանգամից ասեին՝ «մի՛ քաղաքականացրեք... քաղաքականությունը»։
Այ քեզ բա՜ն, իրենք՝ Նիկոլ Փաշինյանն ու իր կամակատարները դրած կտոր-կտոր ամեն ինչ տալիս են ցեղասպան թուրքին, որին հռչակել են իրենց սիրելի գործընկեր ու եղբայր, իրենք ուրացել են Արցախը, Հայաստանը, Ցեղասպանությունը, իրենք դավաճանել են Հայաստանի ու հայության շահերին, լծվել են թշնամու շահերի սպասարկմանը և դեռ ինչ-որ հիմա մեղադրանքներ են դաշտ նետում, թե՝ «Արցախի հարցն ուզում են օգտագործել...»:
Մի խոսքով՝ ՔՊ-ի ու նրանց մարած առաջնորդի հարցը պարզ է: Մնում է ուղղակի այդ քաղաքական դիակները նետել իրենց վաստակած տեղը:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը