Եթե մեկը մեկ ուրիշին չարացած է նայում, պատկերավոր ասում են. «Ի՞նչ ես նայում, ինչպես թուրքը՝ խոզի մսին»: Ասացվածք է: Բայց, դատելով իրողություններից, նիկոլականները Արցախի դրոշին ավելի չարացած են նայում, այնքան անհանդուրժողական, որ տեսնելուն պես հոգեխանգարմունքի մեջ են ընկնում:
ՔՊ-ական դեպուտատ Վահագն Ալեքսանյանը, որպես Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ, բավականին հուզախռով վիճակի մեջ ընկավ այն բանից, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ ամբինին Արցախի դրոշակն էր ամրացրել: Նիկոլ Փաշինյանին ներկայացնող քաղաքական խմբակի անդամներից Վահագն Ալեքսանյանը, բնականաբար, զայրույթով պոկեց Արցախի դրոշակը:
Հետո նա ինչ-որ բաներ խոսեց, մասնավորապես այս ոճով. «…30 տարի շարունակ այս դրոշը ճիշտ տեղերում դնելու փոխարեն ու այս դրոշի եւ Հայաստանի դրոշի ամրությունը ապահովելու փոխարեն զբաղված են եղել մի բանով՝ թալանով»:
Սա քրեական բնույթի մեղադրանք է: Ուստի, կա՛մ Վ.Ալեքսանյանը «թալանով զբաղվելու» վերաբերյալ կոնկրետ և ստուգելի փաստերով հաղորդում է ներկայացնում իր շեֆի՝ Ն.Փաշինյանի կրնկի տակ գտնվող իրավապահ մարմիններին, կա՛մ, եթե չունի փաստեր, հրապարակավ ներողություն է խնդրում սուտ մատնության համար, կամ էլ՝ պայմանականորեն «ինքնասպանություն» գործում:
Ինչ վերաբերում է «30 տարի թալանելուն», ապա քպ-ականը թող դիմի իր թիմակից, ժամանակին բանակի թիկունքի վարչության պետ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանին՝ խորհրդատվության համար (իսկ դո՞ւք ինչ կարծեցիք):
Ի դեպ, այդպես հավեսով որ 30 տարի են ասում, թող չմոռանան, որ նշված 30-ից 4 տարին իրենց իշխանությունն է, իր բերած երկրաքանդ աղետներով ու գլխակերությամբ, սերունդների կոտորածի մատնելով:
Եվ շատ, այսպես ասենք՝ զավեշտական է, երբ պոպուլիստների պոպուլիստ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանն ընդդիմադիրներին մեղադրում է… Պոպուլիստական ելույթներ ունենալու մեջ: Ավելի անհեթեթ բան իսկապես դժվար կլիներ հորինել:
Ա.Հ.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը