08 04 2022

Ինչո՞ւ էր Աննա Հակոբյանին անհրաժեշտ զոհվածների մայրերին բերման ենթարկելու շոուն

Ինչո՞ւ էր Աննա Հակոբյանին անհրաժեշտ զոհվածների մայրերին բերման ենթարկելու շոուն

Արցախը պարտության և կորուստների մատնած, Հայաստանը կործանման ընթացքի մեջ դրած Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, օրեր առաջ ուտուշ-խմուշ ու տաշի-տուշի հավաքույթ էր կազմակերպել՝ իր ամուսնու գործունեության հետևանքով որդեկորույս դարձած մեր մի խումբ հայրենակցուհիների ներգրավմամբ: Հանրային արձագանքը գերազանցապես մերժողական էր ու կտրուկ բացասական, հասկանալի է՝ հիմնականում ուղղված նույն Աննա Հակոբյանի ու նրա աղետաբեր ամուսնու դեմ:

Անգամ եղան մարդիկ, որոնք լրջորեն կասկածներ հայտնեցին, որ այդ «տաշի-տուշի փարթիի» մասնակիցներն իրականում մեր զոհված զինվորականների մայրեր են: Դե, եթե գործ ունես Աննա Հակոբյանի, Նիկոլ Փաշինյանի ու նրանց նմանների հետ, որոնք ընդունակ են պատերազմի հերոսի պապիկ կեղծել, ապա նշված կասկածները միանգամայն բավարար հիմքեր ունեն:

Հանրային բացասական արձագանքից հետո Աննա Հակոբյանը մի կիսալացակումած ելույթ ունեցավ՝ փորձելով նենգափոխել արտահայտված վերաբերմունքը: Դա էլ, կարելի է ասել՝ չանցավ:

Բայց նա որոշեց շարունակել զոհվածների մայրերի ներգրավմամբ կեղծ ու կեղծավորական շոուն և ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրվա առիթով, կրկին ընդունելության հրավիրեց, այս անգամ՝ արդեն ավելի մեծ թվով զոհվածների մայրերի: Ընդունելությունն էլ որոշել էին «տեսան ճակտից կախ» «դաչաների» տարածքում անցկացնել, մոնղոլ-թաթարական վրանների հետ ասոցացվող շարժական ծածկերի տակ դրված սեղանների շուրջ: Աննա Հակոբյանն էլ, իր դերի մեջ էր, սև հանդերձով, իբր տեսեք՝ ինքն էլ է վշտացած: Չնայած այդ սևազգեստ դեկորացիային, նրա տեսանկյունից իր հրավիրած կանանց զավակները «ոչնչի համար զոհվածներ» են, իսկ երեկ մի բան էլ ծաղրեց ներկաների վիշտը, թե բա՝ «սգալն անպտուղ գործողություն է» (դե իհարկե, իր զավակը ողջ է, իր կողքին, ինչո՞ւ այդպես չասի):

Բայց այս անգամ էլ Աննա Հակոբյանն ավելի շուտ ու ավելի շատ բորբոքեց իր հանդեպ ատելության նոր ալիք, չնայած, նրան դա այդքան էլ չի անհանգստացնում, քանի որ հրաշալի հասկանում է, որ մինչև յոթը պորտ, եթե ոչ՝ առհավետ վաստակել է շատերի նզովքը, էլ չենք ասում՝ հազարավոր մեր տղաների արյան մեղքի տակ հայտնվելը:

Նախ, զոհված մեր զինվորների մայրերից մի քանիսը սոցցանցերում շատ չոր ու տեղին վրդովմունքով հայտարարեցին, որ մերժում են Աննա Հակոբյանի հրավերը:

Երկրորդ. ինչպես գրեթե ամեն ինչ, Աննա Հակոբյանի իշխանությունը փնթի էր կազմակերպել նաև այդ ընդունելությունը: Այնպես, որ կառավարական առանձնատների համալիրի մուտքի մոտ մարդկանց կուտակում ու հերթ էր առաջացել, իսկ ըստ հրապարակումների, հանդիպման եկած որդեկորույս մայրերի մի մասը նեղսրտած, վիրավորված հեռացել է:

Երրորդ. Աննա Հակոբյանի խոսքն անկեծ չէր: Նա ինչ-որ տեքստ էր մշակել, որն ընթերցում էր հեռախոսից:

Եվ այնուամենայնիվ, ի՞նչ է նա ուզում ասել նշված հանդիպումը նախաձեռնելով:

Կարծում ենք, Աննա Հակոբյանը ցանկանում էր ցույց տալ, որ չնայած ինքն ու իր ամուսինը անմիջականորեն մեղավոր են հազարավոր հայ զինվորականների զոհվելու համար, բայց կոնկրետ Նիկոլ Փաշինյանի մեղքով կոտորածի մատնվածների մայրերը գրկաբաց ընդունում, կարելի է ասել՝ գուրգուրանքով ու երախտագիտությամբ են վերաբերվում թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ անմիջականորեն իրեն՝ Աննա Հակոբյանին: Երևի հաջորդ փուլում հնարավոր է տեսարան, որտեղ որպես զոհվածի մայր ներկայացվող մի կին տեսախցիկների առաջ Նիկոլ Փաշինյանին ծնկաչոք շնորհակալություն կհայտնի՝ իր որդուն պատերազմում զոհելու համար:

Աննա Հակոբյանը գործնականում ուզում էր զոհվածների հիշատակը վիրավորելու,  զոհվածների մայրերի նվաստացման ցուցադրական ակցիա անել՝ հանրությանը հոգեբանորեն ընկճելու, ճնշելու նպատակով: Կարելի է ենթադրել, որ զոհվածների մայրերի ներգրավմամբ նրա ցուցադրական ակցիաների հհիմնական նպատակներից մեկը հենց դա է: Դա ցինիզմի գերադրական աստիճանի ցուցադրություն է:

Ի վերջո, գերաբսուրդային պատկեր է: Աննայի ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը, կաշվից դուրս գալով, ամեն ինչ արեց, որպեսզի լեգիտիմացնի իր սիրելի գործընկեր Ալիևի ռազմատենչ նկրտումները: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը միտումնավոր արեց այնպիսի քայլեր, ընդունեց այնպիսի որոշումներ, հաստատեց այնպիսի գործողություններ, որոնք նշանակում էին մեկ բան՝ հնարավորինս արագ կործանել Հայոց բանակը, մահվան մատնել հնարավորինս շատ հայ զինվորականների: Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ «խաղաղության դարաշրջանից» է բարբաջում, բայց իր այդ «քաղաքականության» ընթացքում, 9.11․20-ից հետո, մինչև օրս, արդեն ավելի քան 150 մայր է էլի որդեկորույս դարձել: Այն Նիկոլ Փաշինյանը, ով ուներ ռեալ հնարավորություն՝ դադարեցնել պատերազմը ավելի նվազ կորուստների պայմաններում և հետևողականորեն մերժում էր այդ հնարավորություններն ու հազարավոր նոր զոհերի մեղք վերցնում իր վրա, իրեն բնորոշ ցինիզմով կապիտուլյացիան հանրության վրա «նաղդում է» «կյանքեր փրկելու», «խաղաղության դարաշրջանի» մասին անհեթեթ հայտարարություններով:

Եվ ահա, արի ու տես, որ գտնվում են զոհվածների մայրեր, որոնք սիրահոժար ընդունում են իրենց որդեկորույս դարձրած անձանց նախաձեռնած ինչ-որ քեֆերի հրավերներ:

Իհարկե, չի կարելի ու անթույլատրելի է մեղադրել կամ ավելորդ արտահայտություններ անել սգակիր մայրերի հասցեին: Փոխարենը, ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է համախմբվել ու իշխանությունից և մեր երկրի հետագա ընթացքից մեկընդմիշտ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, Աննա Հակոբյանով հանդերձ:

Մինչև նրանք չհեռացվեն պետության ղեկից, որևէ այլ տարբերակով այս կործանման ընթացքը հնարավոր չի լինի կասեցնել:

 

Արմեն Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ