Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
24.10.2013թ․, ելույթ՝ Ազգային ժողովում
Ազգային ժողովը քննարկում էր պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության բարձրացումը։ ԱԺ պատգմավոր Նիկոլ Փաշինյանը դեմ էր։ Հիմնավորեց այսպես․ «Տիկնայք և պարոնայք, Հայաստանում այսօր 1 մլն 146 հազար մարդ պաշտոնական վիճակագրությամբ աղքատ է, և այդ մարդիկ ամեն օր լուրի են սպասում, թե ի՞նչ կանի, այսպես կոչված, քաղաքական էլիտան իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար։ Եվ այսօր նրանք կստանան, չակերտավոր «բարի լուրը», որ քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել ինքն իր աշխատավարձը։ Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ՝ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին։ Սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմ։ Եվ սա ասում եմ հատուկ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կամ կփորձեն իմ դիրքորոշումը որակել որպես պոպուլիստական։
Ֆինանսների նախարարն՝ ի դեպ, պատգամավորների աշխատավարձերը 99%-ով բարձրացնելու հիմնավորում բերեց, թե դա կօգնի պատգամավորին առավել անկախ լինել։ Անկեղծ ասած, սա ինձ հիշեցրեց Օստապ Բենդերի հայտնի հարցը Շուռա Բալագանովին. «Շուռա, իսկ որքա՞ն է ձեզ հարկավոր երջանիկ լինելու համար»։ Կառավարության տրամաբանությամբ, ուրեմն, պատգամավորին, անկախ լինելու համար չի բավականացնում ընդամենը 329 հազար 805 դրամ։ Հենց այսքանով են պատրաստվում բարձրացնել պատգամավորի աշխատավարձը, և փաստորեն, նույնիսկ ընդդիմությունն է համաձայն այս տրամաբանությանը...
Ես չեմ կարող կողմ քվեարկել այս օրենքի նախագծին՝ ոչ այն պատճառով, որ չեմ ուզում աշխատավարձս բարձրանա, այլ որովհետև եթե վաղը փողոցում հանդիպեմ 30 տարվա ստաժ ունեցող իմ ուսուցչին և նա հարցնի՝ ինչո՞ւ իրենց թոշակն այնքան չենք վճարում, որ գոնե հաց ու ջրին հերիքի, իսկ իմ աշխատավարձը կրկնապատկելուն կողմ եմ քվեարկել, ես չեմ կարողանա պատասխանել նրա հարցին։ Իմ պատկերացումը հետևյալն է. պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը տոկոսային առումով չի կարող լինել ավելին, քան հաշմանդամի կամ ծնողազուրկ երեխայի նպաստինն ու թոշակինը՝ տոկոսային առումով։
Իրական պատկեր - Իշխանության գալուց շուրջ 1,5 տարի անց Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը կտրականապես փոխվել էր։ 05․06․2020թ․, երբ խորհրդարանում քննարկվում էր 2019թ․ բյուջեի կատարողականը, նույն խորհրդարանի նույն ամբիոնում արդեն վարչապետի կարգավիճակում հայտարարեց․ «Վերջին 1,5 տարվա քննարկումների համապտեքստում պետք է էական փոփոխություն տեղի ունենա նաև պետական պաշտոնյաների աշխատավարձերի և նրանց կատարվող վճարումների վերաբերմունքի համատեքստում, որովհետև ՀՀ քաղաքացին պետք է ուզենա, ՀՀ քաղաքացին պետք է ցանկանա, պետք է պահանջի, որ պետական պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ: Դա արտահայտությունն է պետականություն ունենալու կամքի»:
27.07.2023թ․ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մենք դատավորների և ընդհանրապես պաշտոնյաների աշխատավարձը առաջին հերթին բարձրացնում ենք քաղաքացիների համար, որովհետև քաղաքացիներն են, որ օգտվում են պաշտոնյաների ծառայությունից»:
23․02․2024թ․, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց․ «Պետական բյուջեից ծախսվող բոլոր միջոցները ծախսվում են համընդհանուր բարօրության համար: Հիմա կասեն՝ բա պետական պաշտոնյաներին պարգևավճարներ են տալիս: Դա էլ է նույն բանի համար»:
05․06․2020թ․ Նիկոլ Փաշինյանը հիմնավորելով պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը, ասաց․ «Ես միշտ այդ օրինակը բերում եմ, մենք մեր ընանիքի կարիքները հոգալիս ուզում ենք մեր առողջությամբ զբաղվի լա՞վ բժիշկ, թե՞ վատ բժիշկ: Մենք մեր ընտանիքի տեղափոխման հարցերը լուծելիս ուզում ենք, որ մեզ տեղափոխի լա՞վ վարորդ, թե՞ վատ վարորդ: Ուզում ենք մեր տան շինարարությունը անի լա՞վ արհեստավոր, թե վատ արհեստավոր: Բոլորս էլ գիտենք, որ երբ տանը ամենափոքր կենցաղային կարիքը լուծելու խնդիր կա և երբ մենք աշխատաշուկայից վարձում ենք հնարավոր ամենաէժան աշխատուժը, մենք այդ նույն վերանորոգման կարիքների վրա մեկ տարվա կտրվածքով ավելին ենք վճարում, քան եթե մենք սկզբից որոշեինք, որ դրա համար պետք է ձեռք բերենք որակյալ ապրանք, որակյալ ծառայություն և որակյալ վերահսկողություն իրականացնեինք:
Այն մեկ մլրդ դրամը, որով պետք է ֆինանսավորվի պաշտոնյաների, դատավորների աշխատավարձը, դա որպես գումար ՀՀ 3 մլն քաղաքացիների կյանքում ոչինչ չի կարող փոխել, բայց այդ գումարով որակյալ պաշտոնյաների, որակյալ ծառայողների վարձելը և ներգրավելը ՀՀ քաղաքացիների կյանքում շատ էական բան կարող է փոխել: Սա է մեր գործողությունների տրամաբանությունը»:
Թե որքանով է քաղաքացուն մատուցվում որակյալ ծառայություն, պետական պաշտոնյաները որքանով են մասնագետ, յուրաքանչյուրը կարող է փաստել սեփական օրինակով։
17.08.2018թ․, ելույթ Հանրապետության հրապարակում
Ելույթ - Ես կարող եմ ասել պաշտոնապես, որ էսօր Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիա չկա։
05.08.2019թ․, ելույթ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
Խոստում - Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից։ Կոռուպցիայի բոլոր դրսևորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների հանդեպ հարուցվող արհեստական խոչընդոտները պետք է արմատախիլ արվեն։ Կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը և ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն։
24.10.2019թ․, հարցազրույց ԱՄԷ «Gulf News» թերթին
Հայտարարություն - Երկրում հաղթահարված է համակարգային կոռուպցիան:
08.05.2019թ․, մամուլի ասուլիս
Նիկոլ Փաշինյանը կարդաց «100 փաստ Նոր Հայաստանի մասին», որի 73-րդ կետը հետևյալն էր․ «Մենք արմատախիլ ենք արել համակարգային կոռուպցիան Հայաստանում»:
Իրական պատկեր - Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության, կոռուպցիոն բնույթի հանցագործությունները հետևյալ պատկերն ունեն
Կաշառակերության պատկերը հետևյալն է․
Համաձայն վիճակագրական կոմիտեի պպաշտոնական թվերի, Հայաստանում կոռուպցիոն բացահայտումները և ուրեմն՝ կոռուպցիան 2018 թվականից ի վեր շատ ավելի մեծ թիվ է կազմում, քան նախահեղափոխական տարիներին։
Ինչ վերաբերում է համակարգային կոռուպցիան հաղթահարած լինելուն, հիշեցնենք, որ Հայաստանում կոռուպցիայի քրեական գործերով են անցնում Նիկոլ Փաշինյանի օրոք պաշտոնավարած երեք նախարար՝
Երեք նախկին նախարարների մասով քրեական գործերն էլ կապված են իրենց պաշտոնավարումների ժամանակ կոռուպցիոն գործերի հետ։
Հայաստանում կոռուպցիոն քրեական գործերով են անցնում Նիկոլ Փաշինյանի ժամանակ պաշտոնավարած փոխնախարարներ
2018թ․ խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը նախընտրական ծրագրում առանձին կետ էր հատկացրել Արցախին՝ «Արցախ և բանակցային գործընթաց» խորագրով, որում խոստանում էին․
«Հետևողական ենք լինելու բանակցային գործընթացում Արցախը` որպես հակամարտության հիմնական կողմ ներգրավելու հարցում: Արցախը հայ ժողովրդի արժանապատվության միջնաբերդն է։ Հայաստանի համար Արցախը պարզապես հողատարածք չէ, ինչպես և Արցախի հարցը տարածքային հարց չէ։ Արցախը ժողովուրդ է, սեփական ճակատագրին տեր կանգնած ժողովուրդ` իր միակ ու անզիջելի հայրենիքով։ Այդ հայրենիքի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման որևէ տարբերակ, որն ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար՝ ընդունելի չի լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության համար»։
Իրական պատկեր - 44-օրյա պատերազմից հետո անվտանգության երաշխավորության մասով ՔՊ-ական իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը չի կարողանում անգամ իր անվտանգություը երաշխավորել և աշխարհում փնտրում են անվտանգային գործընկերներ։
2021 թվականի նախընտրական ծրագրում ևս գրված էր ինքնորոշման իրավունքի մասին, սակայն հետո ինքնորոշումից դադարեցին խոսելը։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը 22․05․2023թ․ մամուլի ասուլիսում դեմ խոսեց Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքին՝ նշելով, թե՝ եթե բոլորն ինքնորոշվեն, աշխարհում պետություն չի մնա։
Ինչ վերաբերում է խոստմանը, թե․ «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման որևէ տարբերակ, որն ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար՝ ընդունելի չի լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության համար», ապա Հայաստանի և Արցախի ժաողովրդի համար անընդունելի էին այն լուծումները, որոնց Հայաստանի իշխանությունը գնաց՝ անգամ առանց հանրության կարծիքը հարցնելու և հաշվի առնելու։
Մասնավորապես, ի հեճուկս ՀՀ և Արցախի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման, Նիկոլ Փաշինյանը 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023թ․ հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնություն տվեց փաստաթղթերի, որոնցով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմ։
16.05.2020թ․, մամուլի ասուլիս
Նիկոլ Փաշինյանն ընթերցեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին», որի 93-րդը հետևյալի մասին էր․ «Ազգային ժողովը հաստատել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որով նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում, եթե դրա արժեքը գերազանցում է 50 մլն դրամը: Օրենքը թույլ է տալիս այնպիսի գույքի բռնագանձում, որի ձեռքբերումը չի հիմնավորվում եկամտի օրինական աղբյուրներով։ Օրենքը տարածվելու է միայն քաղաքական գործիչների և գործարարների չհաշվառված գույքի վրա, և ուսումնասիրության ենթակա են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքերը: Գլխավոր դատախազության կազմում գործելու է նոր իրավասու մարմին, որը թույլ կտա ակտիվների ուսումնասիրություն իրականացնել և պետության օգտին բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը»:
Իրական պատկեր - Սա ամենաչարչրկված թեմաներից է։ 23.11.2023թ. կառավարության նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ 2020 թվականից մինչև 2023 թվականի ավարտը, այսինքն՝ 4 տարում, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը ներկայացրել է 93 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ գույք, 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձում մասնակցություն։ Ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը։
Սակայն 4 տարում ընդամենը 4-ի դեպքում է հարցը լուծվել, կայացվել է հաշտության համաձայնություն, 6 անշարժ ու 1 շարժական գույքի մասով, ընդհանուր 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով։ Հաշտության համաձայնություններից 2-ը կնքվել է դատական փուլում, 2-ը՝ արտադատական։ Այսինքն, դատարան ներկայացված որևէ հայցով վճիռ չի կայացվել։
2024թ․ տարեսկզբին մամուլը հրապարակեց պաշտոնական հարցման պատասխան, ըստ որի՝
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված կարգով կայացվել է ուսումնասիրության դադարեցման վերաբերյալ թվով 121 որոշում, որոնցից 63-ը՝ 2023 թվականին։ Այս տարիներին ավելի շատ թվով ուսումնասիրություններ դադարեցվել են՝ չգտնելով գույքի ապօրինի ձեռք բերման հիմքեր, քան գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացվել դատարան. 121 ուսումնասիրություն դադարեցվել է, և միայն 94 դեպքով հայցադիմում ներկայացվել։
Շարունակելի
Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 37–ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 38–ը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը