08 01 2024

ՏԵՂԵԿԱՆՔ № 16՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

ՏԵՂԵԿԱՆՔ № 16՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

07.06.2018թելույթ՝ ԱԺ-ում

Ելույթ - Կարծում եմ, ակնհայտ է, որ կառավարության առաջիկա ամենալուրջ մարտահրավերներից մեկը պետք է լինի կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը, որոշում կայացնելը: Ինչպես գիտեք, հուլիսի մեկից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը 1974 թվականից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար: Ու քանի որ հարցը ունի հսկայական քաղաքական ենթատեքստ, կառավարությունը պետք է լրջագույն որոշումներ կայացնի այս կապակցությամբ: Իհարկե, մենք պիտի կայացնենք բացառապես այնպիսի որոշում, որը բխում է Հայաստանի ազգային շահերից և այդ որոշումը պետք է լինի գիատկցված ու պատասխանատու: 

2014 թվականին, երբ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման փորձ էր արվում, «Դեմ եմ» շարժումը նախաձեռնվեց, որն ակտիվ ակցիաներ էր անում՝ ընդդեմ համակարգի։ Ակցիաներն ուղեկցվում էին ոստիկանության հետ բախումներով։

22032014թ Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Այստեղ եմ ասելու, որ դեմ եմ պարտադիր կուտակայինին և ինձնից կախված ամենը կանեմ այս լուսավոր շարժման հաղթանակի համար․․․ Կասկած չկա, որ այս պայքարը պսավելու է հաղթանակով․․․ Թալանված ժողովուրդը փող չունի այլևս, հեռու մնացեք նրա գրպանից․․․»։

Իրական պատկեր – 11․06․2018թ․ կառավարությունը քննարկեց կուտակային համակարգը 2018թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելու հարցը։ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը դեմ արտահայտվեց՝ նշելով․ «Պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը դեմ եմ եղել և եթե հիմա կողմ քվեարկեմ, կնշանակի դեմ գնալ իմ սկզբունքներին»։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, ստիպեց կողմ քվեարկել՝ ասելով․ «Եսել եմ դեմ եղել։ Դեմ եմ եղել, դեմ եմ քվեարկել, երբ եղել եմ պատգամավոր հիմա ես կառավարության անդամ եմ, և ունենք կոնկրետ իրավիճակ․․․ Ես թույլ չեմ կարող տալ, որ իմ կառավարությունում այլ հաշվարկներով փորձեն մարդկանց բաժանել առավել սկզբունքայինների և պակաս սկզբունքայինների»։

Համակարգին դեմ էր նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, որը, ի դեպ, ընդդեմ պարտադիր կուտակայինի ստեղծված «Դեմ եմ» շարժման ակտիվիստներից էր։ Թանդիլյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, սակայն չպնդեց հրաժարականը և շարունակեց աշխատել։

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց երկու ամիս անց՝ 2018թ հուլիսի 1-ից, կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչը մտավ ուժի մեջ:

 

20072018թմամուլի ասուլիս

Խոստում -  Մեզ համար կարևոր է, որ մենք ամփոփենք որոշակի փուլ և այնպիսի որոշում կայացնենք, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին և ընդանհանրապես, պետական պարտքն ավելացնել։

2018թ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը ներկայացրել էր նախընտրական ծրագիր, որում պետական պարտքի մասով գրված էր․ «Առաջարկվող տնտեսական մոդելով շարունակաբար պարտքեր կուտակելու փոխարեն այսուհետ միջոցները խնայելու ենք` մարդկային ներուժի եւ ավելացված արժեք ապահովող ենթակառուցվածքների զարգացմանն ուղղելու, հետագայում արտահանման ծավալները մեծացնելու նպատակով»։

Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր եղած ամբողջ ընթացքում դեմ է քվեարկել նոր վարկերի ներգրավման բոլոր նախագծերին՝ առանց բացառության։

10092016թ նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարում է․ «Մեզ համար կարևորագույն հաջորդ խնդիրը արտաքին պետական պարտքն է, որը հատել է 5 մլրդ դոլարի սահմանագիծը․․․ Պետք է արտաքին պետական պարտքը աուդիտի ենթարկվի՝ որքանո՞վ է արդյունավետ օգտագործվել, ինչքանո՞վ են մսխվել միջազգային կազմակերպություններից վերցված վարկերը և այդ կազմակերպությունները որքա՞ն են տեղյակ եղել կոռուպցիոն ռիսկերի մասին և ներգրավված եղել»։ 

Իրական պատկեր – 2018թ մայիսին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու դրությամբ, ՀՀ պետական պարտքը կազմում էր 6 մլրդ 704 մլն դոլար։ 2023թ նոյեմբերի 27-ին ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 11 մլրդ 322 մլն դոլար։ Նիկոլ Փաշինյանի վարչապետության 5 տարում պարտքն աճել է 5 մլրդ դոլարով։ 

Կառավարության գրեթե յուրաքանչյուր նիստում արտաքին պարտքի մեծացման որոշումներ են կայացվում։

10052021թ․ - ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Պարտքից եկեք ընդհանրապես չվախենանք։ Էսօր երկրներ կան՝ իրենց ՀՆԱ-ի 200 % պետական պարտք ունեն»: 

Հավելենք, որ ի հակառակ Նիկոլ Փաշինյանի՝ դեռ 2016 թվականին տված խոստման, ՀՀ պետռական պարտքը աուդիտի չի ենթարկվել։

 

07.06.2018թելույթ՝ Ազգային ժողովում

Խոստում - Այս գործողություններով մենք ներդրումային բարենպաստ միջավայր ենք ապահովելու. յուրաքանչյուր ներդրող Հայաստան մտնելուն պես պետք է պաշտպանված զգա իրեն։ Եվ ուզում եմ հայտարարել, որ վարչապետի պաշտոնում անձամբ ինձ համարում եմ Հայաստանում իրականացված ցանկացած ներդրման երաշխավորը: 

Իրական պատկեր – Հայաստանի կառավարությունը չի կարողանում ապահովել ներդրման անվտանգությունը։ 14122023թ կառավարությունը որոշում կայացրեց՝ Երասխում «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ կողմից կառուցվող պողպատի գործարանը տեղափոխելու համար։ Գործարանի մի մասը կառուցվել էր, սակայն 2023թ․ հունիս ամսից սկսած՝ ադրբեջանական կրակոցների պատճառով կանգ էր առել կառուցման աշխատանքը։ Վիրավորվել էր երկու արտասահմանցի բանվոր։ Գործարանի անխափան կառուցման համար կազմակերպվեց ԱՄՆ դրոշի տեղադրման արարողություն, որպեսզի թշնամին չկրակի, սակայն դա ևս չօգնեց։

Նշենք, որ ընդհատումներով է գործում նաև Երևան-Կապան չվերթը։ Չվերթները պետք է տեղի ունենային շաբաթական երկու օր, սակայն հնարավոր չի լինում պահել չվացուցակը։ Համաձայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ պատճառը եղանակային պայմաններն են և այն, որ քաղաքացիները տոմսեր չեն գնում։

Համաձայն մամուլի հրապարակումների՝ քաղաքացիների՝ տոմսեր չգնելու պատճառը դարձյալ անվտանգային խնդիրներն են։ Բանն այն է, որ 17082023թ Նիկոլ Փաշինյանն առաջին չվերթն արեց դեպի Կապան, իսկ մեկ օր անց Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը կրակոցներ է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։ Նիկոլ Փաշինյանը ավտոմեքենայով վերադարձավ Սյունիքից։ Օդանավակայանի ուղղությամբ կրակոցները դարձան շարունակական, ինչը քաղաքացիներին դրդել է հրաժարվել օդանավով Երևան գալ-գնալու մտքից։ 

Ներդրումների անձեռնմխելիությունը խախտելու մի շարք դրվագների անդրադարձել ենք «Տեղեկանք № 7»-ում։

 

27082020թ Կառավարության նիստ

Խոստում – 3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ զրոյից գյուղ ենք կառուցելու։

Նիկոլ Փաշինյանը նոր գյուղի մասին հայտարարել է մի քանի անգամ։

06.09.2023թ․ Շիրակի մարզ այցի ընթացքում ևս հայտարարել է․ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ զրոյից գյուղ ենք ստեղծելու»։

Խոսքը Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի մասին է, որը պետք է տեղափոխվի Կապսի ջրամբարի կառուցման արդյունքում։ Ջրամբարևի կառուցման վարկային համաձայնագիրը Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի (KFW) միջեւ կնքվել է 2014 թվականին։

Նոր գյուղի կառուցման արժեքը գնահատվում է 4,9 մլրդ դրամ։

Իրական պատկեր – Գյուղի կառուցումը խոստանում են ավարտել 2026 թվականի գարնանը։ 

Դատելով նրանից, որ, օրինակ, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի տներից 13-ը Ադրբեջանին հանձնելուց հետո կառավարությունը երեք տարում չի կարողացել կառուցել 13 տուն, խիստ կասկածելի է թվում, որ 2,5 տարում հնարավոր կլինի կառուցել 74 տուն։

Այն, որ կառավարությունը մեկ գյուղ է կառուցելու, այն էլ՝ դեռ նախկին ժամանակից մնացած նախագծով, դա դեռ ծրագիր է, սակայն փաստ է, որ վերջին 3,5 տարում Ադրբեջանին է հանձնվել ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ, Դավիթ Բեկ, Որոտան գյուղերի մի մասը։ 2023թ մայիսի 22-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ են մտնում Հայաստանից ևս 8 գյուղ։

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին է հանձնվել Արցախից շուրջ 210 գյուղ ու քաղաք, որոնց մի մասը՝ հենց զրոյից կառուցված։ Պատերազմից հետո՝ 2022 թվականին հանձնված Աղավնո գյուղը ամբողջությամբ նորակառույց տներ էին։ Արցախը, որն ամբողջությամբ հանձնվել է Ադրբեջանին, կազմում էր 380 գյուղ ու քաղաք։ 

 

29.11.2023թ, Ուղերձ՝ Հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով     

Ուղերձ - Այսօր Հայաստանի Հանրապետության հեռուստատեսային եթերն ազատ է և բազմազան, ինչն աննախադեպ է մեր երկրի պատմության համար: 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության նոր մակարդակ բերեց, ինչն առաջին հերթին հենց հեռուստատեսության ոլորտի աշխատողներն են տեսնում և վայելում:

Հիմա Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա:

Իրական պատկեր – 31122023թ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ Ամենայն հայոց Կաթողիկոսի ուղերձը Հանրային հեռուստաընկերությունը չցուցադրեց։ Ամեն տարի տարեմուտին Կաթողիկոսի ուղերձը հեռարձակվում է բոլոր հեռուստաալիքներով՝ կեսգիշերից շուրջ 10 րոպե առաջ։ Համաձայն Մայր Աթոռի հայտարարության, այս տարի «Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց»։

Ըստ տարբեր գնահատականների, պատճառն այն է, որ ուղերձում Գարեգին Բ-ն մի քանի անգամ Արցախ բառն է օգտագործել, նշել, որ այն բռնազավթված է և վերադարձի հույս հայտնել։ 

 

Շարունակելի

 

Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 14–ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 15–ը

 

Անցնել ամբողջ շարքին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ