«2023թ. 9 ամիսների արդյունքներով Հայաստանի պետական պարտքը կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, 2023թ. 9 ամիսների պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։
Նրա խոսքով՝ երկրի պետական պարտքը արժույթով և դոլարով 9 ամսում ավելացել է 6,4 տոկոսով։ «Այն ավելացել է համամասնորեն, քանի որ փոխարժեքը, ըստ էության, այնքան էլ չի տատանվել նախորդ տարեվերջի համեմատ։ ԿԲ պարտքը նվազել է, իսկ պետական պարտքն ավելացել մոտ 7 տոկոսով։ Պետական պարտքը կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ։ Նախորդ տարվա վերջի 4 տրլն 186,7 մլրդ դրամի համեմատ կառավարության պարտքը կազմել է 4 տրլն 244 մլրդ դրամ։ Արտաքին պարտքը կազմել է 2 տրլն 354 մլրդ դրամ, ներքինը՝ 1 տրլն 890 մլրդ դրամ»,- նշել է Սիրունյանը։
Դոլարով արտահայտված՝ պետական պարտքը 2023թ. 9 ամսում կազմել է 11 մլրդ 322 մլն դոլար։ Կառավարության պարտքը կազմել է 10 մլրդ 790 մլն դոլար, իսկ ԿԲ պարտքը՝ 531 մլն դոլար։
Ըստ փոխնախարարի՝ պետական պարտքի գծով բոլոր կողմնորոշիչները ընդհանուր առմամբ պահպանվել են։ Միջին տոկոսադրույքը անցած տարեվերջի համեմատ ավելացել է 0,7 տոկոսային կետով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը