07 10 2020

Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնում



Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը։  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկման է ներկայացրել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ օրինագծով սոցիալական փաթեթի շրջանակում հատկացվող գումարները պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հայեցողությամբ կարող են փոխանցվել նաեւ այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը:

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվելու են այն հիմնադրամները, որոնց կթույլատրվի փոխանցումներ կատարել:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը եւ նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը 4 առաջարկ են ներկայացրել, որոնք Կառավարության ներկայացուցչի համար ընդունելի են եղել:

Մասնավորապես առաջարկվել է նախագծի 2-րդ մասից հանել «պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հայեցողությամբ» արտահայտությունը, նախագծում ներառել «սոցիալական փաթեթի շահառուներ» արտահայտությունը, սահմանվող դրույթի իրագործման համար սահմանել մեկ տարի ժամկետ:

Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ