06 08 2020

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը. ուղիղ



Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ օգոստոսի 6-ին, ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ տևական ժամանակ դատական նիստերը հետաձգվում էին՝ համավարակով պայմանավորված։

Նախորդ նիստին դատարանում քննարկվել է դատական նիստերը վերսկսելու հետ կապված հարցը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին գործով ամբաստանյալները ներկա չէին, ներկա էին միայն նրանց պաշտպանները։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա և Սերժ Սարգսյանն առերեսվել են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ