Հայաստանի Ազգային ժողովը հերթական անգամ արտահերթ նիստ է անցկացնում: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն է (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում): Արտահերթ նիստի նախաձեռնողը կառավարությունն է:
Այս առնչությամբ ԱԺ տնտեսական հարցեր մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը գրել էր. «Արտահերթ նիստի ընթացքում լուծում կտրվի մեր տնտեսվարողներին հուզող մի կարևոր խնդրի։
-Այս փոփոխությունը ոչ թե ժամանակավոր է, այլ մշտական։
Այսինքն, տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի մինչև մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որն ի օգուտ տնտեսվարողի է։
Այսպիսով, նախագծի ընդունումը ինչ-որ առումով հակաճգնաժամային միջոցառում է՝ հարկային արձակուրդ, որը թույլ կտա մեղմել կորոնավիրուսի հետևանքով տնտեսվարողների մոտ ծագած իրացվելիության խնդիրը՝ ազատելով նրանց 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։
Մյուս կողմից, շահութահարկի կանխավճարների համակարգը կդառնա ավելի ճկուն և տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից՝ նպաստավոր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը