Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի տեղի է ունենում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Հիշեցնենք, որ նախորդ դատը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի թարգմանչի բացակայության պատճառով։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ի դատական նիստին պաշտպանները շարունակեցին ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:
Պաշտպաններից հետո ելույթ ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանը բարձրացնելով «Մարտի 1»-ի մայր գործի ամբորղջական նյութերը չտրամադրելու հարցը։ Նրա խոսքով, պաշտպաններին տրամադրված հատորների մեջ ԱԱԾ-ից կա ընդամենը երկու նյութ, ինչին անհնար է հավատալ։
«Հնարավո՞ր է հավատալ, որ այդ ժամանակ մեր ամենից կայացած կառույցներից մեկը որևէ վերաբերմունք, նյութ չունի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, որևէ տեղեկատվության չի տիրապետել այդ ամբողջ ըւնթացքում», - ասել էր Քոչարյանը, հավելելով, որ իր պաշտոնավարման օրերին առնվազն շաբաթը մեկ անգամ ԱԱԾ տնօրենն իրեն զեկուցել է իրավիճակի մասին։
«Ամբողջական նյութերի չտրամադրումը ողջամիտ կասկածներ է առաջացնում։ Վեց հարյուր հատորում կան բավարար նյութեր մարտի 1-ի տասը սպանությունները բացահայտելու համար», - ասել էր Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարայանն անդրադարձել էր նաև Վիկիլիքսի հրապարակած նյութերին։
«Վիկիլիքսի նյութերը կարդալիս՝ տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ դեսպանատունը շատ ավելի ինֆորմացիա ուներ ներքաղաքական իրադարձությունների մասին, քան ԱԱԾ-ն։ Այն, ինչ այնտեղից ես կարդում եմ, այդ ամենն ինձ զեկուցվում էր։ Քրեական գործում՝ զրո։ Մեզ նույնիսկ չեն տրամադրել այդ 750 էջ՝ 3 հատորը, որն ուղարկվել է քննչական մարմիններին»,- նկատել էր Ռոբերտ Քոչարյանը։
Նշենք նաև, որ նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն
Ռոբերտ Քոչարյանի համար: Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը ներկայումս պատրաստում է անհրաժեշտ փաատաթղթերը, որպեսզի առաջիկա դատական նիստերից մեկի ընթացքում ներկայացնի համապատասխան միջնորդությունը։
Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը