24 11 2018

Ես կարող եմ հանգիստ իմ տեղը զիջել նոր թեկնածուի․ Արտակ Շաբոյան



Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նոյեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀՀ մրցակցային մարմնի տարեկան գործունեության հաշվետվությունը և պատասխանեց հարցերին: 

Ասուլիսը ներկայացնում ենք ամբողջությամբ, ինչպես նաև որոշ մտքեր նախարարի պատասխաններից։ 

Համաշխարհային տնտեսական ֆորումի այս տարվա գնահատականներով Հայաստանը 2018 թվականին մրցակցության ոլորտում իր դիրքերը բարելավել է 9 կետով և ներկայումս աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 28-ի փոխարեն: 

Մշտապես մեր ուշադրության կենտրոնում են սոցիալական նշանակության ապրանքները, և այս առումով մրցակցային միջավայրը բարելավվել է, ավելացել է տնտեսվարողների, ներկրողների թիվը, նվազել է «Ալեքս հոլդինգի» մասնաբաժինը: 

Եթե նախկինում կարագի շուկայում գործել է թվով 24 տնտեսվարող, ապա այս տարվա տվյալների համաձայն՝ ներմուծողները 57-ն են: Կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը նշված ժամանակահատվածում նվազել է՝ 74%-ից դառնալով 49%: Ալյուրի շուկայում 2014-ի 30 տնտեսվարողի փոխարեն 2018-ին գործում են արդեն 149-ը, խոշորների մասնաբաժինն այս դեպքում ևս նվազել է՝ դառնալով 38 %-ից 5%, ինչը նշանակում է, որ ալյուրի շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան: 

Շաքարավազի մասով 4 տարվա կտրվածքով ներմուծողների թիվը դարձել է 36-ից 62, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է 94-ից՝ հասնելով 78%-ի: Բանան ներմուծող 9 տնտեսվարողի փոխարեն այսօր ներկրմամբ են զբաղվում 21-ը, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է 92%-ից՝ հասնելով 56%-ի: 

Ներմուծում իրականացնող տնտեսվարողների թիվը վերջին ամիսներին ավելացել է, բայց այդ միտումը սկսվել է դեռ 2015 թվականից՝ կապված ԵՏՄ անդամակցության հետ: 

Մեր երկրում որևէ մեկը չի կարող ասել, որ մեր հանձնաժողով ներկայացրած որևէ խնդիր մնացել է անպատասխան:

Մենք քաղաքական գործընթացների հետ չենք առնչվում, մենք բարեխղճորեն կատարում ենք մեր գործառույթները:

Իմ պաշտոնավարման շարունակության մեջ որևէ արտառոց բան չկա, ես արդեն 20 տարի է՝ աշխատում եմ պետական կառույցներում: 

ՀՀ վարչապետը կարող է ցանկացած պահի նոր թեկնածու ներկայացրել ՏՄՊՊՀ նախագահի համար և ես կարող եմ հանգիստ իմ տեղը զիջել նոր թեկնածուին:

Ներկա պահին շաքարավազի ներմուծում իրականացնում են 62 տնտեսվարողներ, մեծ մասը դա անում է վերավաճառելու նպատակով: Մենք ուսումնասիրել ենք այս շուկան և նաև արձանագրել ենք, որ տնտեսվարողների մոտ կա նաև շահութաբերության նվազում:

Այն բոլոր շուկաներում, որտեղ ներմուծող տնտեսվարողների թիվը ավելացել է, արձանագրվել է նաև շահութաբերության նվազում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ