Հայաստանի նոր ձևավորված կառավարություների ղեկավարների առաջին այցը ավանդաբար եղել է Արցախ, 2021 թվականի ամռանը նոր կառավարություն է ձևավորվել․ վարչապետը գնացե՞լ է Արցախ։ Չի գնացել ու չի գնալու։ Վախենում է։ Ալիևի դուրը չի գա: Հայաստանի նախագահների առաջին այցը եղել է Արցախ։ Նոր նախագահ Վահագն Խաչատրյանը կգնա՞ Արցախ։ Չի գնա։
Կարո՞ղ եք հիշել մեկ դեպք՝ վերջին մեկուկես տարվա մեջ, որ այս իշխանությունները խոսեն Արցախի անկախության մասին։ Չեք հիշի։ Կարո՞ղ եք հիշել մի դեպք, որ այս իշխանությունները նոյեմբերի 9-ից հետո հայտարարեն, որ Արցախը երբեք չի լինելու ադրբեջանի կազմում։ Չեմ ասում՝ ասեն «Արցախը Հայաստան է և վերջ», ասեն՝ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում։ Տեսե՞լ եք մեկ դեպք, որ այս իշխանությունները խոսեն բանակցությունների հիմք երեք սկզբունքներից ու առաջնահերթություն տան ինքնորոշման իրավունքին։ Լավ, առաջնահերթություն չասեմ, գոնե չստորադասեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին։ Չի եղել ու չի լինի։ Սրանք միշտ շեշտում են, թե մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու խեղաթյուրում են փաստերը, այնպես, ինչպես կխեղաթյուրեր Ադրբեջանի ներկայացուցիչը։ Տարիներ շարունակ ասում էին, թե Քոչարյանը Ստամբուլի Խարտիայում ստորագրել է, որ պետք է Ղարաբաղի հարցը լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Քոչարյանը պորտները տեղը դրեց, կասետը փոխեցին, հիմա էլ գնացին 1991 թվական:
Ադրբեջանցիների հետ նովրուզը տոնող Մարիա Կարապետյանը, որը պարզ չի թե ում պրոեկտով, Հայաստանի դեպուտատ է, գնում է Ամերիկայի պետդեպարտամենտի փողերով սնվող «Ազատություն» ռադիոկայանի եթեր ու խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Ասում է՝ 91 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ռոբերտ Քոչարյանը միջազգային ամբիոնիում ադրբեջանցիներին բազմաթիվ տեսախցիկների առաջ հայտարարել է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Արցախի հետ։ Նրանց ու միջազգային հանրությանը բացատրում էր, որ Ղարաբաղը, այնպես, ինչպես Հայաստանը և Ադրբեջանը, անկախացել է հանրաքվեով, ժողովուրդների ինքնորոշման իրավունքով: Ու որ անկախացել է դեռ այն ժամանակ, երբ Ադրբեջանը սկի անկախացած չէր: Արցախի այն ժամանակվա ղեկավարները այդ ամենը արել ու ապացուցել էին աշխարհին, որ թե՛ բարոյական իավունքը ունեն ինքնորոշվելու, թե՛ իրավական: Էլ չեմ ասում, որ հազարավոր հայերի արյամբ է այդ ամենը վաստակվել: ՔՊ-ականներ, ինչո՞ւ դուք որևէ անգամ չեք ասում, որ Արցախը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, չնայած նրա, որ ունեք դրա իրավական ամուր հիմքերը: Էդ էլ մի կողմ, 10 հազար քառակուսի կիլոմետրից ավելի հանձնել են թշնամուն ու խոսում են Լևոնի ժմանակ ճանաչած տարածքային ամբողջականությունի՞ց։
Լրագրողը հարց է տալիս՝ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակ քննարկվելո՞ւ է, թե ոչ, ադրբեջանական Նովրուզը տոնող Մարիա Կարապետյանն ասում է՝ մեզ համար կարևորը բանակցություններն են, վերջնագրերի խոսելը չի բխում մեր շահերից։ Հայաստանի Հանրապետությունը չունի հավակնություններ։ Սա հայ կոչվող պատգամավորի խոսք է։
Մարիա Կարապետյանից առաջ էլ դիդջեյ աշխատած Էդուարդ Աղաջանյանն էր, էն որ ապրիլյան պատերազմի հերոսի ֆեյք պապիկի էր հանել հրապարակի բեմին ու մարդկանց էմոցիաներն էր գողանում, ու էլի եսիմ ում պրոեկով նշանակվեց պատգամավոր, նույն տաղավար է գնում ու ասում՝ պետք է քննարկենք Արցախի՝ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցության հարցը։
Ժողովուրդ, էս ի՞նչ եք դուք անում։ Մեր տղերքը զոհվեցին ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջկանության համար, ոչ թե Ադրբեջանի կազմում Արցախցիների խաղաղ ապրելու համար, այլ Արցախի անկախության համար, այդ սրբազան հողը հայկական պահելու համար, մեր բոլորիս արժանապատվության համար: Մարդիկ գնացել ազատագրել են Արցախը, դարձել են մեր պարծանքը․ այդ հերոսությունից 26 տարի անց սրանք էկան իրանց դուխով կեպկեքով ու վարի տվեցին ամեն ինչ։
Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է քննարկել Արցախի հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները։ Տղերք, իշխանությունն ասում է՝ մենք պետք է բանակցենք, տեսնենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում կարո՞ղ է խաղաղ ապրել թեմայով, դուք ի՞նչ քննարկում եք անելու։ Ու ուզում են հրավիրել Արարատ Միրզոյանին։ Էն Արարատ Միրզոյանի՞ն, որը հենց երեկ Թուրքիայում խայտառակ արեց մեզ։
Սույն պարոնը, որ ճակատագրի հեգնանքով Հայաստանի արտաքին գործերի նախարար է աշխատում, գնում է Թուրքիա, հարցազրույց է տալիս թուրքական «Անադոլու» գործակալությանը ու ոչ մի բառ չի ասում Հայոց ցեղասպանության մասին։ Անգամ չի ասում՝ մենք գնում ենք հարաբերությունների հաստատման, Ցեղասպանության հարցը չենք դնում նախապայման, բայց չենք հրաժարվելու երբեք այդ հարցի արծարծումից և ողջ աշխարհին ճանաչման կոչ անելուց։ Նիկոլն ասել է՝ Ցեղասպանության հարցը Սփյուռքի ու Հայ դատի գործն է ու վերջ, մենք ի՞նչ կապ ունենք։ Թուրքիայում թուրքական առաջնակարգ մամուլ էր ձեռքդ ընկել, դու էլ Ցեղասպանության թանգարանում էիր աշխատել, կարող էիր մի երկու բառ ասել։ Կասեինք ջհանդամը թե չեն ասում թուրքական գործակալ է, տեսա՞ք, թե ոնց Թուրքիայում բարձրացրեց Հայոց ցեղասպանության հարցը, աշխարհը կտեսներ, որ հայը արժանապատվություն ունի:
Ու Արարատ Միրզոյանի այս հակապետական պահվածքը տեղի ունեցավ շատ խորհրդանշական օր՝ մարտի 15-ին, այն օրը, երբ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթին։ Տեսեք, թե ինչպես կարող է սովորական մի քաղաքացի մի օր բարձրացնել իր ազգին, ապրելու ուժ տալ, իսկ ոչ շարքային մի քաղաքացի վարի տալ ամեն ինչ։ Մեր թշնամիները դիտմամբ ե՞ն ընտրում նիկոլական իշխանությանը փորձության ենթարկելու օրերը․ Շուշին էլ գրավեցին ու դրոշ բարձրացրին Ադրբեջանի դրոշի օրը։ Ու չեմ զարմանա, որ պարզվի՝ Արարատ Միրզոյանը Չավուշօղլուին ասել է՝ Սողոմոնը սխալ է արել, որ սատկացրել է Թալեաթին, եկեք մոռանանք էդ միջադեպը։ Էդ Սփյուռքը, որ էսօր ունենք, Ցեղասպանության հետևանք է, իրենց 100 տարվա պայքարը Ցեղասպանության պատճառով է, ու դուք ընդամենը 4 տարում վարի եք տալիս ամեն ինչ՝ թե՛ մեր դրսի քույր-եղբայրենրի պայքարը, թե Արցախն ազատագրելու բոլորի կյանքի գործը։ Ու գնում եք խնդրելու, հարաբերություն մուրալու։ Երեկվա պահվածքը հարաբերություն մուրալ էր։
Արարատ Միրզոյանն ասում է՝ Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ո՞ւմ անունից է խոսում նա։ Չկա մի մարդ, որը կասի՝ ես ուզում եմ թշնամություն անել իմ հարևան երկրների հետ, բայց չի կարող մի խելքը գլխին մարդ ասել գնում եմ բարեկամության մի երկրի հետ, որն ուզում էնձ կործանել, իր զենքերով սպանում էր իմ զավակներին։ Փողոցում հարցում ենք արել, բոլորն ասում են՝ Արարատ Միրզոյանը ղալաթ է արել, նա ո՞վ է, որ մեր անունից խոսի։ ՔՊ գրասենյակում, հայտնի ուժերի պատվերով որոշում են Թուրքիայի հետ քիրվայություն անել, դա փաթաթում են ժողովրդի վզին ու փաթեթավորում որպես ժողովրդի կամք։ Լավ չէ՞ր լինի, որ Արարատ Միրզոյանը իրականությունն ասեր, ասեր, որ պարոն Չավուշօղլու, Հայաստանի բնակչությունը դեմ է Թուրքիայի հետ արաբերություններին, նաև բազմաթիվ վտանգներ են տեսնում՝ տնտեսական, քաղաքական, անվտանգային, բայց դա մեր իշխանության կամքն է, մենք ամեն գնով դա անելու ենք ու ձեզ շանս ենք տալիս ապացուցելու, որ նիկոլական իշխանությունը ճիշտ է, ժողովուրդը՝ սխալ։ Գոնե էսպես ասեր։ Բայց Արարատ Միրզոյանը բացահայտ ստում է։ Հայաստանի բնակչությունը երբեք կողմ չի արտահայտվել հարաբերությունների բարելավմանը Թուրքիայի հետ։ Ո՞վ է իրենց իմացած բնակչությունը, ո՞ւմ կարծիքն եք ուսումնասիրել, ՔՊ ֆրակցիայում ե՞ք հարցում արել, Խաչատուր Սուքիասիանի, Արարտ Միրզոյանի, Գուրգեն Արսենյանի տեսակետը փոխանցում եք որպես հասարակական հետազոտությո՞ւն։ Ճիշտ հակառակը՝ Հարցումների համաձայն, Հայաստանի բնակչության 90 տոկոսը թուրքիային համարում է ամենամեծ սպառնալիքը Հայաստանի համար։ 68 տոկոսը համարում է ամենամեծ տնտեսական սպառնալիքը Հայաստանի համար։ 88 տոկոսը ամենամեծ անվտանգային սպառնալիքն է համարում Հայաստանի համար Թուրքիային։ Հայաստանի քաղաքացիներին հարցրել են, թե որ երկրի հետ պետք է հարաբերությունները բարելավել, հարցվողների 53 տոկոսն ասել է՝ Ռուսաստան, 35 տոկոսը՝ ԱՄՆ, 29 տոկոսը՝ Իրան, 25 տոկոսը՝ Ֆրանսիա, 15 տոկոսը՝ Չինաստան և միայն 5 տոկոսը՝ Թուրքիա։ Դուք որոշել եք վերջից սկսել, ամենամերժվածից սկսել։
Կարճ ասած՝ ի՞նչ է տեղի ուենում փաստացի․ Հայաստանի իշխանության կողմից տեղի է ունենում ուրացում։ ՔՊ-ական պատգամավորները եթերներում հրաժարվեցին Արցախի անկախության ու ազատության համար 1990-ականներին թափված 6,5 հազար հերոսի արյունից, 2020 թվականին թափված 5 հազարի արյունից։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը Թուրքիայում ուրացավ Ցեղասպանության 1,5 միլիոն զոհի արյունը։
Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը շատ փայլուն ձևակերպում է արել ՔՊ-ական իշխանության մասին՝ անվանելով «ոչ ավանդական քաղաքական կողմնորոշում ունեցող»։ Ավելի ճշգրիտ բնորոշում դժվար գտնեմ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը