02 02 2022

«Կարճ ասած»․ Երբ դհոլ ու թմբուկ զարկելով՝ պարում են Նիկոլի դուդուկի տակ



 

Հայաստանում մթնոլորտը շատ ծանր է, կասեի՝ թունավոր։ Իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի հանրության որևէ շերտ չկարողանա հաշտվել, երկխոսել, որպեսզի թշնամությունն ու հակակրանքը դուրս չգա որևէ միջավայրից, մնա ու քայքայի։ Համաշխարհային պատմության մեջ բացառիկ երևույթ է, որ իշխանությունը ոչ թե փորձում է իր քայլերով լարվածությունը թուլացնել, այլ ընդհակառակը, ծանրացնում է ու նորանոր թշնամության ու բախումների հիմքեր ստեղծում։ Տարբեր համայնքներում մարդիկ իրար դեմ են դուրս եկել ընտրությունների պատճառով, տարբեր ոլորտներում՝ պետական հիմնարկներում, ՔՊ-ականների ղեկավարած մասնավոր բազմաթիվ հիմնարկներում մարդիկ իրար դեմ են դուրս եկել, մասնագետի ու չմասնագետի խնդիր է։ Իրավական համակարգը լրիվ իրար են խառնել։ Ներխմբակային շահերից ելնելով՝ զավթեցին օրենսդիրը, զավթեցին գործադիրը, զավթեցին ՏԻՄ-երը, դատարանները զավթել են հիմնականում, որը մնացել է, դիմադրում է՝ բռի կերպով են զավթում։

Բարձրագույն դատական խորհուրդ կոչված մարմինը թույլ է տվել Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ազատությունից զրկել: Գիտե՞ք ինչի, դատավոր Բախշիյանը ինչ-որ մի մեղադրյալի, որը դատական նիստերին չարամտորեն չի ներկայացել, կալանք է տվել։ Ու պարզվել է՝ Նիկոլի աջակից է։ Երևի քրեական հետապնդումը դատավորի նկատմամբ սկսվեց, երբ պարզվել է, որ հերիք չի դա, մի հատ էլ Բախշիյանը էս վերջերս ազատ է արձակել Քաջարանի համայնքապետին, Գորիսի համայնքապետի տեղակալին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Պատկերացնում ե՞ք, մարդը միանգամից երեք հոգու ազատ է արձակել՝ առանց Նիկոլ Փաշինյանի համաձայնության։ Դասական քաղաքական հետապնդում է սկսել, այնպես, ինչպես հետապնդում սկսեցին Ռոբերտ Քոչարյանին հաջորդաբար ազատ արձակած բոլոր դատավորների նկատմամբ, ու նրանց նկատմամբ, ովքեր Նիկոլին ոչ հաճո որոշում են կայացնում։ Երբ Զարուհի Նախշքարյանը Նիկոլին ոչ ձեռնտու որոշում կայացրեց հայտնի սև իկրայի գործով, վարույթ սկսեցին նրա դեմ։

Իսկ ո՞վ է դատավորը, որը պետք է քննի այս գործը՝ Նիկոլ Փաշինյանի միտինգի թմբկահարը, էն «դըփ-դըմփ-հու»-ի մասնագետը։ Նիկոլի միտինգներին էս մարդը թմբուկ էր զարկում։ Էդպես թմբուկ զարկելով նշանակվեց հետհեղափոխական Հայաստանում տարածքային կառավարման նախարարի օգնական, հետո՝ դատավոր։ Էս մարդը «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատու էր, մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանի դեմ միտինգի։ 2019 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատարանի դռները շրջափակելու հակասահմանադրական գործողության մասին, իր ֆեյսբուքյան էջում Դավիթ Արղամանյանը տեղադրել էր բոլոր դատարանների հասցեները, որ մարդիկ չչարչարվեն փնտրեն, միանգամից գնան ու փակեն։ Էս մարդը Հայաստանում դատական համակարգի թշնամի է։ Նա չի կարող լինել անաչառ դատավոր, նա նիկոլական է։ Այդ երիտասարդ թմբկահարը անգամ թմբուկն էր զարկում Նիկոլ Փաշինյանի ցուցումով։ Հիմա նրանից արդարադատություն եք ակնկալո՞ւմ։ 29 տարեկան ջահել է, բայց արդեն իր անվան վրա մի հատ մեծ բիծ է քաշում։

Լավ, ո՞վ չի հասկանում, որ դատավոր Բախշիյանի հետ կատարվողը հետապնդում է Նիկոլին հակառակ արդարադատություն իրականացնելու համար։ Ես դեռ չեմ լսել իրավաբանի, որ ասի, թե սա զուտ քրեական հետապնդում է։ Դատավորների միությունը, առանձին դատավորներ, փաստաբաններ, իրավաբանության հեղինակավոր դեմքեր ասում են, որ արդարադատության դեմ արշավ է։ Սկզբից դատավորների նկատմամբ վարույթ էին հարուցում, տեսան չի լինում, ասացին հերիք է, ինչքա՞ն կարելի է, կալանավորենք, թող մնացածը խելքի գան։

Լավ, ասենք թե դատախազության ու ԱԱԾ-ի դիրքորոշումը ճիշտ է, այդ դեպքում ինչո՞ւ եք երկակի ստանդարտ կիրառում։ 2019 թվականի հունիսի 25-ին վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։ Դատավորը անգամ իրավունք չտվեց պաշտպանվող կողմին պաշտպանել իրեն, լսեց միայն դատախազներին, գնաց ու որոշում կայացրեց։ Բախշիյանին ասում են՝ դու առանց մեղադրյալի ներկայության կալանք ես տվել, իսկ Դանիելյանը կալանք է տվել ձևական ներկայությամբ, հակասահմանադրական գործով, իմանալով, որ իր գործընկեր դատավոր Գրիգորյանը դիմել է ՍԴ։ Անգամ դատախազներն ասացին, որ Դանիելյանի արածն աննախադեպ է։ Պարոն Արթուր Դավթյան, ե՞րբ եք դիմելու ԲԴԽ-ին, Արմեն Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում ե՞րբ է սկսվելու։

Այս իշխանության երկակի ստանդարտներն ամենուր են, եթե այս մարդը կալանք տար Աշոտ Մինասյանին, կալանքից չազատեր մյուս երկուսին, կհամարվեր Նիկոլի սրտի դատավորը, բայց խաչ կքաշեր իր անվան, մասնագիտական արժանապատվության վրա։ Հիշումե՞ք, Նիկոլն ինքն էր ասում՝ կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի։ Պարզվում է՝ կան դատավորներ, որ չեն անում քո ասածը, եթե դուք երկրի, պետության, համակարգի մասին մտածեիք այդպիսի դատավորներին կպարգևատրեիք, մեդալներ կտայիք, օրինակ կբերեիք, բայց քանի որ դուք այդ մասին երբեք էլ չեք մտածել, այդ ամենի փոխարեն կալանք եք պարտադրելու մի դատավորի, որը այ էդ ձեր ասածը չի պատրաստվում անել, անում է այնպես, ինչպես ճիշտն է, օրենքն է պահանջում և այլն։

Այս իշխանությունը երկակի ստանդարտների չեմպիոն է։ Դատավորը կալանավորում է աջ ու ձախ, նրան խրախուսում են, դատախազը պաշտպանում է կեղծ մեղադրանք, նրա պաշտոնն են բարձրացնում։ Ու կարևոր է, որ այդ երկու դեպքերն էլ համընկնում են իշխանության ճաշակի հետ, իսկ հակառակի դեպքում մշտապես հակառակն է։ Մշտապես, առանց բացառության։

Երկակի ստանդարտի պարզ օրինակ․ օրերս ասացին, որ Արմավիր գյուղի գյուղապետը բարձրագույն կրթություն չունեցողին նշանակել է ՀՈԱԿ-ի տնօրեն։ Նա աշխատել է, աշխատավարձ է ստացել, բյուջեին փաստացի վնաս է տվել։ Խոսքը համայնքային ոչ առևտրական կազմակերպության մասին է, փոքրիկ մի պաշտոն կարելի է ասել։ Քրեական գործ են հարուցել, կանչել են էդ մարդուն, եկել է, զղջացել է, վնասը փոխհատուցել է։ Մենք արդեն երկու ամիս մեռանք ասելով, որ լրիվ նույն ձևով մեր երկրում երկու մարզպետ են նշանակվել։ Համայնքային ՀՈԱԿ-ի տնօրենը պետք է շատ-շատ ստացած լինի ամսական 100-120 հազար դրամ։ Մենք ունենք նույն դեպքը, որ բարձգրագույն պատշաճ կրթություն չունեցողներին նշանակել են Սյունիքի և Արագածոտնի մարզպետ։ Սյունիքինը մինչև հիմա պաշտոնավարում է, Արագածոտնինը դուրս եկավ, բայց վնասը չեն փոխհատուցել, նշանակողների նկատմամբ էլ չկա որևէ քրեական գործ․ ինչո՞ւ, պարոն Դավթյան։ Իսկ այդ մարզպետները ամսական մինչև 1,5 միլիոնի եկամուտ են ստացել անօրինական։

Մյուս երկակի ստանդարտը․ մարդկանց տանում են քննչական մարմիններ, ոստիկանություն ու ասում են՝ դուք հայհոյել եք Նիկոլին։ Բայց ընդդիմությանը վիրավորող նիկոլականների մասին՝ ոչ մի խոսք։ Մոռանում են, որ այդ հայհոյանքն էլ հենց ինքն է մտցրել մեր բառապաշար։ Այսօր քնից զարթնելով՝ հազարավոր, հարյուր հազարավոր մարդիկ հայհոյում են իշխանություններին։ Էդ հայհոյանքը սերմանել է իշխանությունը։ Հայհոյանքը սրանք մեր բառապաշար են մտցրել, հիմա ուզում են հանել, որովհետև արդեն ի վնաս իրենց է աշխատում դա։ 2018-ի ատելությունը պահպանում է դոզան, բայց, արդեն Նիկոլի դեմ։

Կարճ ասած՝ ժողովուրդ, ձեր մեջ կա՞ մեկը, որ էսպիսի Հայաստան էր ուզում։ Անկեղծ ասեք, կա՞ մեկը, որ իշխանափոխություն էր անում սրա համար։ Կարծում եմ, որ չկա։ Էս վիճակը ձեռնտու միայն իշխանությանը։ Նրանք մարդկանց մեջ թշնամություն են սերմանում, թշնամությունը կառավարում են, աշխատում են ու հարստանում։ Այս իշխանությունը ամեն կերպ կարծես փորձում է ապացուցել, թե ինչպես պետք չէ ղեկավարել, սա դասագրքային օրինակներ է տալիս՝ դասեր, որոնք հետո ոչ ոք չի կարող մոռանալ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ