Փաստաբանական թիմի գրագետ իրավական աշխատանքի արդյունքում` Հայաստանի Հանրապետության դատարանի որոշմամբ վերականգնվեցին դատավոր պարոն Բորիս Բախշիյանի խախտված իրավունքները, որի արդյունքում պետությունը կհատուցի նրան պատճառված վնասը, այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Նորայր Գրիգորյանը:
«Մասնավորապես, օրերս հրապարակված Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի վճռով բավարարվել է ՀՀ քրեական դատարանի դատավոր Բ. Բախշիյանի անունից ներկայացված հայցը, որով ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ դատավորի բռնագանձվել է մի քանի միլիոն ՀՀ դրամ՝ որպես ՀՀ գլխավոր դատախազության կողմից դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ անօրինական քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև իրավունքների և ազատությունների անօրինական այլ սահմանափակումների հետևանքով դատավորին պատճառված վնաս։
Այդ առումով անհրաժեշտ եմ համարում նախ երախտիքի խոսքեր ուղղել բառիս իրական իմաստով փայլուն իրավաբաններ՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններ Երեմ Սարգսյանին և Արսեն Սարդարյանին՝ քրեական վարույթի շրջանակներում դատավորին գրագետ և օրինակելի, արդյունքին նպատակաուղղված իրավական պաշտպանություն ցուցաբերելու, ինչպես նաև՝ դատավորի վերաբերյալ քրեական գործը քննած բոլոր դատավորներին՝ արդարադատության իրական արգասիք համարվող արդարացման դատական ակտ կայացնելու համար։
Հենց նշված դատական ակտն էլ հիմք է հանդիսացել՝ Հայաստանի Հանրապետության դեմ դատավորին պատճառված վնասը հատուցելու պահանջ ներկայացնելու և դրա կապակցությամբ գործի փայլուն քննություն իրականացրած Երևան քաղաքի քաղաքացիական դատարանից հայցի բավարարման ելքով դատական ակտ ստանալու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը