27 01 2022

«Կարճ ասած»․ Սա տեսնող ժողովուրդը իրավունք ունի, չէ՞, անլուրջ վերաբերելու որևէ պաշտոնյայի



 

Այսօր, ցավոք, Հայաստանի իշխանությանը ոչ մի երկիր, միջազգային կառույց, միջազգային գործընկեր, բարեկամ ու հարևան պետություն լուրջ չի ընդունում։ Ինչո՞ւ էին առաջ լավ վերաբերում, հիմա հանկարծ սկսեցին անտեսել, ծաղրել, ուշադրություն չդարձնել։ Մենակ չասեք, թե Քոչարյանն է զանգել ասել Նիկոլին բանի տեղ չդնեք։ Պատճառը իշխանությունն ինքն է, նրա գործողությունները, իրարամերջ ելույթները, սխալ քայլերը։ Իսկ Հայաստանի ներսում ո՞վ է լուրջ ընդունում այս իշխանությանը։ Վստահ եմ՝ շատ փոքրաթիվ մարդիկ։ Իրենք էլ երևի իրենց լուրջ չեն ընդունում։ Իրենք ամեն օր զարմանում են, որ էդ կարգի պաշտոն ունեն, երևի էն Սովետից մնացած սետկայով մահճակալներից ունեն աշխատասենյակում, ամեն օր վրան թռվռում են։

Սուրեն Պապիկյանը ելույթ էր ունենում ու ասում էր՝ «Յուրաքանչյուրիս գործունեությամբ կարող են փրկվել կյանքեր և յուրաքանչյուրիս անգործությամբ կարող են արձանագրվել մահեր։ Մեզ համար լուրջ խնդիր են հարսանյաց հանդեսները։ Մեզ պետք է հանրային բարձր գիտակցություն․․․»։ Էս խոսքերի հեղինակ Սուրեն Պապիկյանը էն ժամանակ, երբ Կորոնավիրուսի ամենից արագ տարածվող մուտացիան է տարածվում երկրով մեկ, 4-500 հոգանոց հարսանիք է անում, ու համավարակի կանոների ոտնահարմամբ քեֆ են անում։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է ընդունելության, որտեղ իրար գլխի լցված լիքը պաշտոնյաներ են ու առանց դիմակի, չնայած իբր բոլորին հորդորում էր դիմակ հագնել։ Սա ասող ու անող մարդիկ որևէ իրավունք ունե՞ն քննադատել ժողովրդին, կորոնավիրուսի հետ կապված սահմանափկումներ մտցնեն։ Սա տեսնող ժողովուրդը իրավունք ունի, չէ՞, անլուրջ վերաբերելու որևէ պաշտոնյայի։

Շաբաթ օրը մամուլի ասուլիսով էր հանդես գալիս ՀՀ ամենամտահոգ պաշտոնյան՝ Արման Թաթոյանը․ լրագրողների կեսին հետ դարձրին ասուլիսից, ասում էին՝ մի դեղաչափ եք պատվաստվել կամ QR կոդ չունեք, հյուրանոց չթողեցին մտնել։ Նույն օրը Սուրեն Պապիկյանի հարսանիքն էր, առանց էդ կոդի հարյուրավոր մարդիկ են ներս մտել, իրար փաթափվել-նկարվել, կերել խմել, պարել, դժվար թե այդ ամենը դիմակներով են արել։ Սա անպատասխանատու մոտեցում է։ Երբ դու անում ես մի բան ու ասում ես՝ այ սենց դու չանես, հարց է առաջանում՝ ինչո՞ւ, էդ օրենքները միայն մեր համար ե՞ք ընդունում։

Առողջապահության նախարարի որոշումն էլ ռեստորանների մասին անտրամաբանական է թվում։ Ասում է՝ կարելի է առանց պատվաստաման գնալ համալսարան, իրար կողք նստել-դաս անել, բայց չի կարելի գնալ թատրոն կամ պատկերացրահ։ Կարելի է առանց թեստի մարշրուտկայում իրար գլխի նստած երթևեկել, բայց չի կարելի գնալ ռեստորան։ Իմ կարծիքով, անիմաստ ու աբսուրդ որոշում։ Ասում է՝ մինչև 18 տարեկանը կարող է չպատվաստվել, հղիները չպատվաստվեն, ուսանողները չպատվաստվեն, բայց նրանց հետ շփվող մյուսները պարտադիր թող պատվաստվեն կամ թեստ հանձնեն։ Լավություն են արել՝ ընտրության հնարավորություն են թողել։ Զարմանալ կարելի է, թե ինչպիսի տրամաբանություն պետք է ունենալ նման որոշումներ կայացնելու համար։ Չէ, չեմ ասում, թե միայն մեզ մոտ է, որ աբսուրդային որոշումներ են կայացվում, աշխարում շատ կան էլի դեպքեր, բայց մեր դեպքում այդ որոշում կայացնողներն իսկ այդ որոշումներին չեն հետևում, ու դա է բերում հանրության տարակուսանքին ու անվստահությանը։ Ախար սրանք որոշում են կայացրել ու մեկնաբանում են, թե՝ դրա արդյունքում կորոնավիրուսը կնահանջի, բայց դրա արդյունքում կտրուկ ավելանում է վարակը՝ 500-ից դառնալով 2600։ Մահերի թիվն էլ արդեն 9700 է դառնում։ Հիմա մենք իրենց որոշած, հորդորածի հետ ի՞նչ անենք։ Հավատա՞նք, վստահե՞նք․ ինչպե՞ս։

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե վարակվել է կորոնավիրուսով ու գործի չի գնալու։ Նախ բոլորի մոտ կասկածներ առաջացավ․ այս մարդը ինչ էլ ասի՝ արդեն ոչ ոք չի հավատում․ մի էդպիսի ասացվածք կա՝ սուտասանի տունը հրդեհ է բռնկվում, հրշեջները չեն հավատում, որ գնան հանգցնեն։ Հիմա ամբողջ ժողովուրդը քննարկում է, թե վարակված չէ, էդպես է անում, որ գործի չգնա, պառկի «Կարգին» հաղորդումը նայի և հոդվածներ գրի «Հայկական ժամանակի» համար, մի մասն ասում են, որ դիտմամբ է հիվանդացել, որ չմասնակցի բանակի տոնին, քանի որ շոուին չէր էլ ուզում մասնակցել․ սենց լավ ա, քանդված էլ թող մնա։ Հազար ու մի բաներ են ասում և բոլորն էլ հավատալու է։ Նա այն մարդը չէ, որ ասենք՝ չէ, էդ կարգի էժան բան չէր անի։ Կաներ, քի՞չ է արել։ Բայց հարցը այն է, որ Նիկոլն էլ հո հա՛մ վարակվել էր, հա՛մ 3 անգամ պատվաստվել էր։

Լավ, ընդունենք, թե հավատացինք՝ վարակվել է կորոնավիրուսով, իսկ ո՞նց է վարակվել, արդյո՞ք իր անպատասխանատու վարքի պատճառով չի վարակվել։ Բոլորը միանգամից հիշեցին, որ Նիկոլն էլ էր տժում Սուրեն Պապիկյանի հարսանիքին։ Կառավարության անդամների շփման շրջանակը մեծ է, ընկերներ, աշխատակիցներ, նրանք էլ իրենց շփման շրջանակն ունեն և պարզվում է՝ մեկ կամ մի քանիսի անպատասխանատու քայլի պատճառով վարակը տարածվեց։ Կամ, այ ՊՆ նախարար Պապիկյան, դու գիտես ամսի 28-ը Բանակի տոնն է, ո՞ւր ես համաճարակային էս նեղ մաջալին, 500 հոգանոց հարսանիք անում ու Կառավարություն, ՊՆ ու Զինված ուժերի ներկայացուցիչներ տանում, իմանալով որ գալու են, վարակվեն, հետո չկարողանաք Բանակի օր անեք։ Պետության մասին չեք մտածում, ձեր ճոխ հարսանիքի մասին եք մտածում, որովհետև էդ եք, դա է ձեզ համար առավել կարևոր, ոչ թե պետությունը։ Նիկոլ Փաշինյանը Պապիկյանի հարսնիքից երկու օր անց մամուլի ասուլիս կոչված շոուի ժամանակ անընդհատ քխկում-թխկում էր, հազում էր, երևի արդեն վարակված էր, ու հերիք չէ, ասուլիս էր տալիս, մի բան էլ, հաջորդ օրերին շարունակում էր վարակել։

Հիմա հարց՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն Ազգային ժողովի միջոցով ընդունեց օրենքի փոփոխություն, որով քրեականացրեց անպատասխանատու վարքագծի արդյունքում մարդկանց վարակելը, պատիժ սահմանեց։ Հիմա էդ օրենքը Նիկոլենց վրա գործելո՞ւ է, թե՝ չէ։ Չի գործելու, որովհետև տուգանքի մատերիալը ոչ թե Նիկոլը կամ Պապիկյան Սուրոն են, այլ՝ իրենց կողմից «սիրելի» հայտարարված ժողովուրդը։ Հայաստանում չկա մի պետական մարմին, որ կարող է ազդել պաշտոնյաների վրա, բոլորին սարգել են իրենց ուսապարկ։ Սրանց որոշումները միայն ժողովրդի համար են։ Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը առանց դիմակի ԱԺ-ում ֆռֆռում է, լրագրողներին ասում է դիմակ դրեք, ասում են՝ ինչո՞ւ դուք չեք դնում դիմակ, պատասխանում ՝ լավ եմ անում։ Առողջապահության նախարարին ասում ենք, որ ձեր դեպուտատը ձեր որոշման վրա թքած ունի, ոչինչ չի կարողանում անել։ Օրենքը սրանց համար հեչ են։ Ու բոլոր հարցերում է այդպես․ դրա համար էլ Նիկոլն ուրախանում է, որ 850 տոկոսով ավելացել է տուգանված վարորդների թիվը, բայց Ալեն Սիմոնյանի ծառայողական ավտոն ոնց ուզում է՝ խախտում է կարգը, դրա համար էլ դուք հազիվ ծայրը ծայրին հասցնելով ապրում եք, իսկ իրենք ստանում են շքեղ աշխատավարձ և չաշխատելու համար էլ՝ շքեղ պարգևավճար, դրա համար էլ դուք ոտքով եք տեղ գնում, որ տաքսու փողը խնայեք, իսկ էս մարդիկ ալարում են մեքենայի դուռը բացեն, իրենց համար դուռ բացող կա։ Դրա համար էլ ոստիկանությունը մարդկանց բռնում է հաշիշ օգտագործելու ու աճեցնելու համար, իսկ իրոնցակններից մեկը էդ կարգավիճակում ելույթ է ունենում ԱԺ ամբիոնից ու նորմալ է։

Կարճ ասած՝ գործ ունենք բոլոր առումներով անպատասխանատու իշխանության հետ։ Իշխանության անլրջությունը տարածվում է ամենուր և այդ անլրջացումն է պատճառը այս քայքայման։ Անլուրջ են ժողովրդի նկատմամբ, անլուրջ են բանակի նկատմամբ, պետության բոլոր կառույցների նկատմամբ։ Քանդել, ուտել, հրճվել․ ահա այս հարցերում չեմպիոն են, գինեսի ռեկորդակիր։ Չնայած, կարող է այդ ամենը հեչ էլ միամիտ չի արվում, հատուկ են անլրջացնում, որ հեշտ վարի տան։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ