13 01 2022

«Կարճ ասած»․ Պետությունը քանդում են հիմքից՝ Խնկոյանի առակի խոզի պես



 

Կառավարությունն այսօր պաշտոնից ազատեց Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին։ Չեն ասում ինչի, բայց պարզ է՝ պատճառն այն է, որ կեղծ դիպլոմով գործի էր ընդունվել։ Հիշեցնեմ՝ Ռազմիկ Պետրոսյանը 2002 թվականին իբր «ավարտել» էր Ապարանում գործող «Հովնանյանի» անվան համալսարանը՝ ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ։ Մենք պարզել էինք, որ էդ համալսարանը 2000 թվականից սկասած, չի դիմել լիցենզավորման, կարող ենք հասկանալ որ որոշել է փակվել։ Ու ստացվում է, որ փակվելուց 2 տարի հետո դիպլոմ է տվել Ռազմիկ Պետրոսյանին։ Էս մարդն էլ, վերցրել է էդ դիպլոմը և գնացել է գործի ընդունվել, ոչ ավել ոչ պակաս՝ սկզբից մարզպետարանում մարզպետի տեղակալ, այնուհետ մարզպետ։

Yerevan.today լրատվականի հետաքննությունից հետո բարձրացված աղմուկի հետևանքով, Ռազմիկ Պետրոսյանին ազատեցին, բայց պարզվեց՝ նա միակը չէ։ Այս ընթացքում պարզեցինք, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի դիպլոմը ևս չի համապատասխանում իր կարգավիճակին։ Նախ էս մարդու կենսագրության մեջ գրված չկար, թե որտեղ է ավարտել, դիմեցինք, ընկանք հետևներից, ու էդ ընթացքում պաշտոնական կենսագրության մեջ ավելացրին հետևյալ տողը՝ 1992-96 թվականներին սովորել է Գորիսի «Սյունիք» համալսարանը՝ իրավագետի որակավորում ստանալով։ Գիտե՞ք ինչ պարզեցինք՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը 1996 թվականին ստացել է իրավագետի դիպլոմ էն դեպքում, երբ 1997 թվականից նոր այդ համալսարանը ունեցել է իրավագետ պատրաստելու լիցենզիա։ Այսինքն՝ կամ, դիպլոմը կեղծ է, կամ կեղծ չէ, սակայն լիցենզավորված չի եղել, դիպլոմը պետական նմուշի չէ, որը չի համապատասխանում այն պաշտոնին, որում նա նշանակված է։ Էս հարցակններս դնում եմ, նրա համար որ քննչական մարմինները ստուգեն-պարզեն, պատասխանատվության հրավիրեն այն անձանց, որոնք օրենքի խախտումով նշանակում են արել, այդ մարդկանց բյուջեյից փող տվել, հրամաններ արձակելու և իրացնելու լիազորություն տվել։

Այդ մարդկանց հիշեցնեմ, սա պետություն է դեռևս, ու այդ պետությունը կառավարվում է օրենքներով, էդ օրենքներից մեկում գրված է, որ մարզպետ կարող են նշանակվել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն։ Էնտեղ գրված չէ, որ կարող են մարզպետ նշանակվել անձինք, որ աշխատել են կոլտնտեսությունում, եղել են չոբան, մասնակցել են պատերազմի, այլ կոնկրետ կա բարձրագույն կրթություն ունենալու պահանջ։

Սյունիքի մարզպետը շարունակում է պաշտոնավարել։ Մարդը պաշտոն ունի՝ չունենալով դրա իրավունքը, մարդը բարձր պաշտոն է վարում, օգտվում է դրա բոլոր առավելություններից՝ ծառայողական ավտոմեքենա, գուցե թիկնապահ, քարտուղարուհի, աշխատավարձ՝ բարձր, պարգևավճար՝ բարձր, տիրապետում է պետական և ծառայողական գաղտնիքների, կայացնում է որոշումներ, որի իրավունքը չու-նի։ Սյունիքի մարզպետը որոշումներ է կայացնում մեկ տարի և երկու ամիս, ստացվում է՝ նրա բոլոր որոշումները խնդրահարույց են, ապօրինի են։ Ապօրինի են։ Ինչպես որ ապօրինի են Ռազմիկ Պետրոսյանի՝ Արագածոտնի մարզպետ ու փոխմարզպետ եղած ժամանակ ստորագրած հրամանները, որոշումները։

Լավ, մեր երկրում դատախազություն, ոստիկանություն, վերահսկողական ծառայություն, ՀՔԾ-բան կա՞ն, թե չէ։ Թե՞ հանցանքներին գնահատական տալու փոխարեն ընկած եք միայն ընդդիմադիրների գլխին գործ սարքելով։ Հո դատախազի գործը էն չէ, որ գնա հարսանիքներին դհոլ խփի ու մեդալ ստանա։ Օրենքին հետևելն ա դատախազի գործը։ Դատախազի գործն էն ա, որ նայի պետության հերը չանիծեն։ Նյութը հրապարակել ենք, անցել է մեկուկես ամիս, ո՞ւր է Ռազմիկ Պետրոսյանի ու նրան ներկայացնողի, նշանակողի նկատմամբ քրեական գործը։ Մի շաբաթ անցավ Սյունիքի մարզպետի մասին հրապարակումից, ինչո՞ւ է պաշտոնավարում, ինչո՞ւ գործ հարուցված չէ։

Կրթության նախարարին են դեմ տվել, նա էլ կառավարության նիստից հետո ասում է՝ էդ մարզպետների դպլոմները կեղծ չեն, ուղղակի բուհերը հավատարմագրված չեն։ Ես չգիտեմ՝ կրթության նախարար Վահրամ Դումանյանի դիպլոմը կեղծ է, թե չէ, բայց հարց ունեմ․ եթե մարդ դիպլոմ է ստանում համալսարանը փակվելուց երկու տարի անց, դա կեղծ դիպլոմ  է, թե՞ չէ։ Եթե մարդ մաստանագիտացում է ստանում, բայց էդ համալսարանը չի ունենում էդ մասնագետը պատրաստելու լիցենզիան, դա կեղծ դիպլոմ է թե՞ չէ։ Ավելին ասեմ, պարոն Դումանյան, եթե բուհը հավատարմագրված չէ, բայց մարզպետ նշանակելու համար պետք է հավատարմագրված բուհի դիպլոմ, ուրեմն էդ մարդը կարո՞ղ էր նշանակվել, թե ոչ։ Սա ասեք, կամ լռեք, ձեր իրավասության մեջ չէ գնահատական տալը։ Բայց այդ գնահատականը, այն էլ իրավական, պարտավոր են տալ իրավապահ մարմինները։

Նախարարն ի՞նչ է ասում, ասում է՝ Ռազմիկ Պետրոսյանը ազատամարտիկ է, իր կյանքն է դրել մեր երկրի համար, ո՞նց եք ասում, թե ազատամարտիկի դիպլոմը կեղծ է։ Այ այստեղ ստոպ։ Իսկ ո՞վ ասաց, որ պիտի մարզպետ նշանակվի, եթե ազատամարտիկ է։ Եթե խնդիրը ազատամարտիկով է, ուրեմն օրենքը փոխեք, որ նիկոլական ազատամարտիկները պետք է պաշտոնի գնան, ի՜նչ կրթություն, ինչ բան։ Պարոն Դումանյան, բա որ պետք է ազատամարտիկների՝ պետությանն իրենց կյանքը նվիրողների մասին նորմալ խոսենք, նորմալ վարվենք, էդ ինչի՞ են Աշոտ Մինասյանին անհիմն կալանքի տակ պահում։ Հը՞։ Ծպտունդ կառավարության նիստում հանում ե՞ս, թե ինչի եք սենց մեր պետությունը խայտառակում։ Աշոտ Մինասյանը իր երկու տղերքի հետ մինչև վերջին պահը, անգամ կապիտուլյացիայից հետո սահմանին էր, սահման էր պահում, Ռազմիկ Պետրոսյանը եկել էր հրապարակ, ասում էր՝ լավ է արել կապիտուլյացիա է ստորագրել, պետք լինի՝ մի հատ էլ կստորագրի։ Կրթության նախարար պարոն Դումանյան, բա որ ազատամարտիկների մասին նորմալ պետք է խոսենք, ինչի՞շեֆիդ իշխանությունը մահվան հասցրեց ազատամարտիկ Մանվել Գրիգորյանին, չէի՞ն կարող ազատ արձակել, տանը լիներ, իր էրեխեքի թոռների հետ, էնքան պահեցին, մինչև մեռնի։

Նույն սխալը թույլ էր տալիս նաև Գնել Սանոսյանը, մեր պետությանը ասում էր, ծառայություն է մատուցել Ռազմիկ Պետրոսյանը։ Չմտնեք էդ դաշտ։ Էնքան ազատամարտիկ կա, որ էսօր հացի փող չունի, նրանց նշանակեք, թող փող աշխատեն, եթե էդքան գնահատում եք։ Երկու տարի առաջ ազատամարտիկներից մեկը, որին լավ ճանաչում էի, իքնասպան եղավ, որովհետև հիվանդություն ուներ, բայց դեղերի փող չուներ։ Ինչի՞ց որոշեցիք, որ հենց նիկոլահպատակ ազատամարտիկները պետք է բարձր պաշտոն ունենան։

Դուք էլ հո կրթության նախարարար եք․ դուք ասում եք՝ գիտելիքահեն տնտեսություն ենք զարգացնում, մարդը գնում է, կրթություն է ստանում, որ դառնա մասնագետ, պետությունը ճահճից հանի, դուք նրան բրախում եք մի կողմ, չոբանին պաշտոն եք տալիս։ Դրանով ի՞նչ մոտիվացիա եք տալիս։

Ու կրկնում եմ՝ այսպես է լինելու, քանի դեռ դատախազությունը, իրավական ողջ համակարգը աչք են փակում, ինչ է, թե կապիտուլյանտի օգտին են աշխատում։ Մի քանի ամիս՝ ուսումնասիրում են։ Մենք ուսումնասիրել ենք, մատնացույց ենք անում, գործը տեղից չի շարժվում։ Եթե էդպես է, հայտարարեք՝ ժողովուրդ, սրանից հետո կարող է ցանկացած մեկը տանը սարքած տեղեկանք բերել, որ ինքը ավարտել է Հարվարդի համալսարանը ու ընդունվել գործի, ի՞նչ տարբերություն։

Կարճ ասած՝ սրանք քանդում են պետության հիմքերը, Խնկոյանի առակի խոզի պես, որ «կաղինը զխտվելուց» հետո սկսում է կռծել ծառի արմատները։ Էս մարդիկ պետությունը պատկերացնում են սապոժնիկի բուտկա ու էդպես են կառավարում։ Մեր ահազանգից հետո մարզպետին հանեցին, բայց ո՞ւմ նշանակեցին, այն մարդո՞ւն, որով Արագածոտնը ապագա կունենա։ Չէ։ Էն Արարատում ընդհանրապես բդեշխական մեթոդներով նշանակեցին՝ մարզպետին հանեցին, տղուն նշանակեցին մարզպետ։ Սրանց համար կարևոր է, որ նշանակվեն ընտրություններում ձայն բերող հլու հնազանդ մարդիկ, Նիկոլի իշխանությունը երկարաձգող մարդիկ։ Պետության հերը հենց էսպես է անիծվում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ