Երեկ սարսափելի լուր կարդացի․ Երևանյան բնակարաններից մեկում մահացել են թոշակառու մայրն ու 47-ամյա որդին։ Գիտե՞ք ինչից են մահացել․ ցրտահարությունից։ Ե՞րբ եք վերջին անգամ լսել, որ տանը ցրտահարությունից մարդ մահանա։ Ես չեմ հիշում։ Գուցե 90-ականներին, բայց վերջին 20 տարիներին հաստատ չենք հիշի։ Էն որ ամեն օր հարցում ենք անում, ու թոշակառուն ասում է ո՞նց ապրեմ 28 հազար դրամ թոշակով, կատակ չի անում, ժողովուրդ․ նա ամեն ամիս ընտրում է՝ էս ամիս կարող է միայն հաց ու պանիր ուտել, դեղերի չի հերիքում, կոմունալին չի հերիքում, անլույս կնստի․ էս մի ամիսը ցամաք հաց կուտի, որ նաև դեղ առնի․ մի ամիս էլ ջեռուցման փող չի ունենում։ Նիկոլ, քո պահած երկրում քաղաքացին մահացել է ցրտահարությունից, դուք նրան կարծեմ համարում էիք գերագույն արժեք, բայց դուք ձեր հեղափոխական ընկերներով ձեր կյանքը դզեցիք, ավտոներ եք առնում, տներ, ճոխ-ճոխ պարգևատրումներ իրար գրում-ստանում-ծախսում, իսկ ձեր հռչակած գերագույն արժեքը ցրտից մահանում է։
Երեկ մի լուր էլ կարդացի․ ցինիզմի գագաթնակետն էր հատկապես ցրտահարված մայր ու որդու ֆոնին․ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 29 միլիոն դրամ արժողությամբ կահույքի հավաքածու է գնել։ Էն Արարատ Միրզոյանը, որ երեք տարի առաջ ապառիկով հեռուստացույց չէին տալիս, որովհետև վստահություն չէր ներշնչում, հիմա տասնյակ միլիոնների մեբել է առնում․ իսկ քաղաքացին մահանում է ցրտահարությունից։
Դե տեսեք հեղափոխություն արած պաշտոնյայի, հեղափոխական խոստումներ տված ու իշխանություն զավթած պաշտոնյայի ճակատագիրը և հեղափոխությանը հավատացած տատիկի ու նրա որդու ճակատագիրը։ Նիկոլը եկել էր իշխանության՝ խոստանալով այդ տատիկին ապահով ծերություն, չէր խոստացել, որ պետք է մեկը քաղցից նիհարեր, մյուսը ցրտահարությունից մահանար, էն մյուսն էլ մահանար չստանալով բժշկական օգնություն։ Ականջդ կանչի, Կարգին Հայկո, ասում էր՝ ոնցոր հեղափոխական պաշտոնյաների գործը պետք է լիներ ուրիշների կյանքը բարեփոխելը, ոչ թե իրենցը։
Նիկոլ, դու մարդուն խոստանում ես արժանապատիվ կյանք, ապագա, գալիս է՝ քեզ է ընտրում ու մահանում է ցրտահարությունից՝ տունը տաքացնել չկարողանալով, էն մյուսը գերի է ընկնում, հետ է գալիս՝ դատում եք, վերջում՝ արտագաղթում է։ Դու, որպես պետության ղեկավար, պետք է ամոթից տանից դուրս չգայիր․ քո կառավարությունը պետք է հրաժարական տար։ Արդյո՞ք էդ տատիկին չսպանեց Նիկոլը․ նա խոստացավ, ասաց՝ ապագա կա, խոստացավ, որ գազն ու հոսանքը կէժանացնի, բայց ամեն ինչ թանկացավ, ու մարդու թոշակը մնաց նույնը․ դու մարդուն տալիս ես էնքան փող, որը ապրելուն չի հերիքում, ու ստիպված մահանում է, իսկ քո ՔՊ-ականների աշխատավարձերը եռապատկում ես, որ քեզնից հանկարծ երես չթեքեն։
2021 թվականին Հայաստանում գնաճը հասել է երկնիշ թվերի, սարսափելի թանկացումներ են եղել, մարդը վերջին կոպեկները տալիս է հաց ուտելու համար․ խոսքս ՔՊ-ական պաշտոնյաների մասին չէ, այլ նրանց հավատացած ու չհավատացած մարդկանց։ Էս հունվարի 1-ից նոր թանկացումներ են սկսել, կառավարությունը նոր ձևով է սկսել մտնել քաղաքացու գրապանը․ ավելացրել է պարտադիր կուտակայինին մեր կողմից վճարումը, ջուրը թանկացրել է, հոսանքը թանկացնում է, գազը թանկացնելու է, թանկացրել է ներմուծվող թռչնամիսը, բրինձը, բանջարեղենը։ Ամեն ինչ թանկանում է։ Ղազախստանում ցույցերը ինչի՞ համար սկսեցին՝ հեղուկ գազի թանկացման պատճառով։ Հեղուկ գազը Ղազախստանում արժեր դրամով արտահայտված՝ 66 դրամ, իշխանությունը դարձրեց 133 դրամ, այդ երկրում բողոքի ցույցեր սկսեցին, և գազի գինը իջավ 50 դրամի։ Հայաստանում հեղուկ գազը նախորդ տարի 170 դրամ էր, այսօր՝ 240-270 դրամ, թանկացել է 70-100 դրամով։ Հայաստանում 270 դրամ էր բենզինը 2020 թվականին, այսօր 520 դրամ է։ Ղազախները հեղաշրջում էին անում, որովհետև 66 դրամ թանկացել էր հեղուկ գազը, բա մեր մոտ ամեն ինչն է թանկացել։ Եթե Ղազախստանի նախագահն ասեր՝ ժողովուրդ, հոսանքը կիջացնեմ 20 տոկոսով, բայց թանկացներ, ի՞նչ կաներ ժողովուրդը։
Նիկոլն ասաց՝ հոսանքը կէժանանա, գազն էլ, ջուրն էլ չի թանկանա 6 տարի, ժողովուրդը լսեց, վստահեց, ընտրեց, բայց թանկացավ ու ամեն ինչ․ ու էն աստիճանի, որ մարդ չի կարողանում ապրել ու ցրտից մահանում է։ 230 դրամով թանկանում է ընդամենը մեկ ապրանքատեսակ։ Հասկանում ե՞ս, ժողովուրդ, քեզ ուղղակի թալանում են, ոտնահարում իրավունքները, երբ դուրս ես գալիս փողոց, դրա ֆոնին իրենք հարստանում են, իրենք ծառայողական գերթանկարժեք ավտոմեքենաներ են առնում, գնում են տներ, վերանորոգում են, շքեղ կահույք են առնում։ Էդ ո՞ւմ հաշվին, կներեք։ Դուք, երեկ դեռ հեռուստացույցի ամսեկան վճարումն էիք ուշացնում, էսօր՝ 200 հազար դոլարանոց մեքենային ասում եք՝ Ի՞նչ է եղել որ, բա հոմ էշով չե՞նք ման գալու, բա ամոթ չի՞։ Ես հակառակը կասեի՝ քո պահած երկրում մարդը ջեռուցման փող չունի, ցրտահարվում-մահանում է, դու գնում, իր հաշվին գերթանկարժեք մեքենա ես առնո՞ւմ, ամոթ չե՞ս անում։
Ղաղզախստանում բողոքի ակցիաները ճնշելու համար Նիկոլ Փաշինյանը արագի մեջ զորախումբ ուղարկեց։ Ինչի՞։ Շատ պարզ պատճառով՝ ԱԽ քարտուղարը բաց ասաց՝ որպեսզի հետագայում, եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, հուսով են, որ կստանան համապատասխան օգնություն: Դե մալադեց, ժողովրդի իշխանությունից ստացանք ավտորիտար, ցինիկ ու խաբեբա դիկտատորների խմբակ։
Էս մարդիկ մեզանից լավ են հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը տապալել է երկիրը բոլոր հարցերում՝ երկրի կեսը հանձնել է, տնտեսությունը քայքայել է որքան հնարավոր է, չի կատարել իր տված որևէ խոստում, մարդկանց բերել է աղքատության գիրկը, ու էս ամենը հաղթահարելու փոխարեն, դեռ հույս է տալիս։ Էկոնոմիկայի նախարարին ասում ենք ինչի՞ ես խաբել, թե երկնիշ աճ կլինի, ասում է՝ ես այդպես եմ ասել, որ հանրությունը հույսով ապրի։ Քերոբյան, հույսով ապրեց, ցրտահարվեց ու մահացավ, քո տված հույսի փորձարկումից․ հետո՞, ո՞վ է պատասխան տալու։
Նիկոլը իր ռեսուրսները հաշվել է, տեսել է, որ կյանքում չի կարող իր խոստումները կատարել, հասկացել է, որ երկիրը ոտքին է քցել, էս ցեխից հանելը իր խելքի բանը չէ ու հասկացել է, որ պետության հերը էսպես անիծելու արդյունքում ուշ թե շուտ մարդիկ փողոցներն են լցվելու։ Նագլիություն է, ժողովուրդ, տեսնում են, որ չեն կարողանում, բայց ոչ թե թողնում են գնան, այլ ասում են՝ տես՝ մենք Ղազախստանին օգնեցինք, վաղն էլ մեզ կօգնի, որ ցույցերը ցրենք ու մնանք իշխանության․ ջհանդամը, որ մարդիկ չեն մահանա ցրտից ու սովից։
Սա՛ է այս իշխանության դեմքը։
Կարճ ասած՝ Ղազախստանում կատարվողը այս իշխանության համար ոչ թե դաս է երկիրը նորմալ կառավարելու, այլ՝ ընդհակառակը՝ չկառավարելու, բայց ցույցերը ցրելու համար։
Այս ամենը վերջ պետք է ունենա, չի կարող քաղաքացին անընդհատ նվաստանալ ու սսկվել, հանգիստ նստել տեղը։ Պետք է արթնանա արժանապատվությունը, մի օր քաղաքացին կհասկանա, որ իրեն խաբել են, խաբում են ամեն օր, իր հաշվին հարստանում են ու վերջ կտա այս ամենին։ Ու որքան շուտ, այնքան լավ հենց քաղաքացու համար։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը