Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց։ Պաշտոնանկ արվեց գեղավարի ու գռեհիկ ձևով` մեկ մարդու՝ Փաշինյանի ցանկությամբ։ Եթե Նիկոլն ասեր, որ պետք է աստվածացվի Մարությանը, նրան դեմ քվեարկողները դա կանեին։ Ինչպիսի՞ քաղաքապետ էր Հայկ Մարությանը։ Վատ։ Բայց, նա պաշտոնանկ արվեց դրա՞ համար։ Ոչ։ Պաշտոնանկ արվեց նրա համար, որ որպես ՔՊ-ական՝ իրեն վատ է պահել և խորթացել է կուսակցությունից։ Հայկ Մարությանն էլ բացատրեց, թե ինչու է խորթացել։ Մարությանն իր ելույթում կարծես այս՝ «Կարճ ասած» հաղորդումը կարդար․ իրենց թիմի մասին ասաց այն, ինչը ես ասում եմ գրեթե ամեն օր։ Մարությանը ուղղակի դա ասաց միայն իր հրաժարականի ճառը կարդալիս, բայց ասաց որպես ներսի մարդ։ Սա Նիկոլի թիմի հերթական լայն ճաքն էր։ Այդ թիմում բոլորն են Հայկ Մարության, այսինքն՝ պոտենցյալ գնացող․ նրանք կապել են ճամպրուկներն ու իրենց գնացքին են սպասում։
Հայկ Մարությանն իր հրաժարականի ճառը կարդալիս շատ ճիշտ ներկայացրեց, որ իր թիմը հեռացել է հեղափոխության արժեքներից, եթե, իհարկե, այս հեղափոխությունը արժեք է ունեցել։ Մարդը ասում է՝ ես հեղափոխության ուժով եմ դարձել քաղաքապետ, ինչի՞ եք ՔՊ ուժով ինձ հեռացնում։ Դուք ասում էիք՝ ժողովուրդն է ընտրում, ժողովուրդն է որոշում, բա ինչո՞ւ եք ինձ հանում ՔՊ ուզելով, ոչ թե ժողովրդի։ Պնդում է, որ իր կուսակցությունն արդեն դավաճանել է բոլոր սկզբունքներին ու շատ ճիշտ բացատրում է, թե ինչու է այդպես ասում։ Միայն թե՝ կիսատ է ասում։ Երևի մի օր կլրացնի ու էլի բաներ կպատմի։
Հայկ Մարությանը դժգոհություն է հայտնում, թե՝ գաղտնի որոշմամբ պաշտոնյաների աշխատավարձը Նիկոլը կրկնապատկել է, երբ մենք ունենք բազում պրոբլեմներ, 30 տոկոս աղքատություն։ Ճիշտ է ասում, ընդ որում՝ մինիստրների աշխատավարձերի կրկնապատկումը ու պարգևավճարները առաջին գաղտնի որոշումն էր Նիկոլի, բայց ամենավատը չէր, դրանից հետո մենք ունեցանք հայրենիքի հանձնում՝ գաղտնի ու թաքուն։ Մարությանը ճիշտ է ասում՝ հեղափոխականի գերնպատակը պետք է լիներ ուրիշների կյանքը բարելավելը, դուք եկած-չեկած՝ սկսել ենք ձեր կյանքը բարելավել։ Բայց Մարությանը կիսատ է ասում․ այդ պարգևավճարները, չասաց, որ ստանում են պետական բոլոր հիմնարկներում ու նաև՝ Երևանի քաղաքապետարանում։ Ասաց, որ էս նեղ-մաջալին 200 հազար դոլար են տալիս մի պաշտոնյայի պադավատի համար, բայց չխոսեց մյուս անիմաստ ծախսերի մասին, օրինակ՝ անիմաստ ու գերթանկարժեք թռիչքների, ՔՊ-ական շոուների, վերանորոգումների, հարուրավոր ախռաննիկներ պահելու և այլնի մասին։ Այո, ճիշտ է ասում, բա հեղափոխությունը դրա՞ համար ենք արել։
Ալենն էլ նեղվել էր, որ իր ավտոն միշտ հիշեցնում են, ու Հայկ Մարությանի մասին ինչ գիտեր՝ սկսեց պատմել՝ առանց հարցաքննության։ Էդ հեղափոխական թիմը, ամեն ինչից զատ, զուրկ է նաև տղամարդկությունից։ Էդտեղ որ մեկը հեռանում է թիմից ու կոպիտ քննադատում, սկսում են իրար անցյալի անձնական բաները հիշեցնել, ապրածը դեմը դնել, թե՝ դու էսինչ օրը կոֆեի սեղանի շուրջ էս ասիր․ ես քայլում էի, դու եկար մեջքս գրկիր․ դու էսինչի հետևից էս բանը խոսացիր․ սրա կնգան սենց, նրա մարդուն սենց։ Սա սերիալ նայող բամբասչի կնգա թիմ է ու որքան բարձր պաշտոնյա, էնքան բամբասչի։ Սրանք ապրում են այնպես, ինչպես վերջին օրերը լինեն աշխարհի, էլ անպաշտոն վիճակում չեն լինելու, փողոց դուրս չեն գալու, մարդկանց չեն տեսնելու։ Հա, մեկ էլ՝,ոնցոր ընկեր, շրջապատ էլ չունեն, էդ իրենց ՔՊ-ից դուրս, այ էդքան չեն զսպում իրենց։
Հայկ Մարությանը պատմում է, թե իրեն ստիպում էին իր աշխատողին գործից հանել հակաիշխանական գրառման համար։ Ասաց, թե չի հանել։ Բայց կիսատ ասաց, որովհետև չասաց, որ իր թիմը լիքը մարդկանց գործից հանել է հենց այդ պատճառով․ բժշկի են աշխատանքից հանել լայքելու համար, դիվանագետի են հանել, թաղապետարանի ու բազմաթիվ այլ պաշտոնյաների են հանել։ Մարությանը բողոքում է, որ իրեն զանգում էին պաշտոնյաները և արտոնություններ էին խնդրում իրենց մերձավորների համար, շինթույլտվություններ, հողերի ընդլայնում և այլն ու մերժվել են։ Միգուցե, ապրի Հայկ Մարությանը, բայց էլի կիսատ է ստացվում։ Նա չասաց, որ էդ թիմը, որի անդամ էր ինքը, մրցույթներ է հայտարարում, որոնց հաղթում են պաշտոնյաների հարազատները՝ եղբայրները, կանայք, զոքանչները, ասֆալտից մինչև ՊՆ մրցույթներ։ Չի ասում, որ իր թիմակիցը տղուն բանակից թռցնում է կասկածելի հանգամանքներում։ Հասկանում եմ, որ իր իրավասության մեջ չի եղել, բայց հիմա ժամանակն է, որ այդ ամենը պատմի հանրությանը, այն ինչ գիտի պատմի, այ այդ ժամանակ ամեն բան գոնե այս փուլում կլինի ազնիվ։
Մարությանն ասում է, թե իրեն խանգարում էին ավտոբուսներ բերել, որ ասեին, թե Հայկը նախընտրական խոստումները չկատարեց։ Բայց ամեն բան արդար է, Հայկ ջան։ Քո արդեն նախկին թիմի և ոչ մի նախարարի, ղեկավարի և առաջին հերթին՝ Փաշինյանի ոչ մի խոստում չի կատարվել․ էդ քոնը, հատկապես, ինչի՞ պետք է թողնեին կատարվեր։ Բա որ գալիս էիր ուրախ-ուրախ պատասխանատվություն էիր ստանձնում, մի հատ կողքերդ նայեիր՝ ովքեր են․․․ Մերսի ասա, որ ուսապարկերով մի 50 հոգով չեն հարձակվել վրադ, ինչ է, թե Նիկոլին ասել ես չէ։
Մարությանն ասում է, որ ավագանու անդամներին շանտաժի են ենթարկել, բայց չի ասում, որ իրենց իշխանությունը ի սկզբանե մարդկանցից շանտաժով էլ ցուցմունքներ էր վերցնում, կալանավորում։ Եսիմ, դու հաստատ ավելի շատ բան կիմանաս, որը որից հետո է, դրա համար եմ ասում․ եթե ուզում եք ազնիվ լինել, իրոք, խոսեք մինչև վերջ, կիսատ մի խոսեք։
Հայկ Մարությանը հեղափոխական արժեքներից խոսեց, որոնք ոտնահարվել են ՔՊ գրասենյակներում, կառավարությունում, ամեն ուր, որտեղ հայտնվել են ՔՊ-ն ու Նիկոլը։ Բայց մի բան էլ չասաց․ հեղափոխության արժեքների մեջ չէր մտնում ազգին սև ու սպիտակի բաժանելը։ Դա Նիկոլի ցուցումո՞վ էր։ Հայկ Մարությանը շատ ու շատ ավելի բան չասաց, քան ասաց։ Բայց արդյո՞ք Հայկը ճիշտ է, որ այս ամենն ասաց միայն հեռանալու ժամանակ։ Արդյո՞ք դատապարտելի չէ Նիկոլի ցանկացած ներկա ու նախկին թիմակից, որ տեսնում է, թե ինչպես են քայքայում երկիրը, բայց համբերում է, մինչև այդ քայքայումը հասնի իրեն։ Չգիտեմ, ես այլ կերպ կանեի, այլ ժամանակ կանեի․ բայց որ Հայկը էդքան համարձակություն ունեցավ ու սրանց էրեսներին բավականաչափ բան ասաց, չեմ կարող չողջունել։ Էս համատարած կալանքների, քրեա-քաղաքական գործերի ֆոնին, կարծում եմ՝ միայն կարելի է հարգել, գոնե այս մի դրվագով։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի բնավորությանը ծանոթ լինելով՝ սպասում եմ Հայկ Մարությանի կալանքին։ Հայկը այսօր կարևոր գործ արեց, քանի որ այլևս այս իշխանությունը իրավունքը կորցրեց խոսելու նախկինների վատ բարքերի մասին։ Պարզվեց՝ ամենից վատ բարքերը իրենց մեջ են, եղել են և կան, և դրա մասին շուտով կխոսեն իրենց շատ թիմակիցներ, Հայկ Մարությանը առաջինն էր։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը