Հայաստանի շուրջ դավաճանական գործընթացներ են տեղի ունենում, մենք ականատես ենք խայտառակ պատկերի՝ սա և՛ ամոթ և վտանգավոր է։ Ամոթ է, որովհետև մեր ժողովուրդը նվաստացման օրեր է ապրում. վտանգավոր է, որովհետև սա կարող է լինել վերջին խաղը։ Մեզ այս վիճակին տանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մեզ կործանման են տանում մեզ ֆռացնելով, խաբելով, բայց զուգահեռ ուրիշներին մեղադրելու քողի տակ ծածկում են սա։
Նիկոլ Փաշինյանն ասում է, թե տեսեք ժողովուրդ ես մեղավոր չեմ, դեռ 2018 թվականից, որ նոր էի եկել, ասում էին՝ եկել է հանձնի, այսինքն իրենք են հանձնում, իմ վրա գցում, էնպես որ սա բայղուշության արդյունք էր։ Նրանք ուզում են իշխանության գալ, ուզում էին թուլանա մեր դիրքերը բանակցային ձևաչափում և այլն ու խոսում է դավաճանության մասին, կեղծ հայրենասիրության մասին և որ ծիծաղելի է՝ ուրիշներին արտաքին ուժերի հետ համագործակցության մեջ մեղադրում։ Փաշինյանի գրառումը կարդալուց հետո նրան ճանաչողները մեկ նախադասություն ասացին՝ սա որ նոր թափով է սկսել ուրիշներին մեղադրել, ուրեմն նոր զիջումներ է անելու։
Խնդրեմ, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան և Հայաստանը շուտով ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար, Երևանի հետ չարթերային հաղորդակցություն կբացվի։ Սա գիտե՞ք ինչ է նշանակում․ որ հասել են այս փուլին, ուրեմն երկար բանակցել են, ուրեմն նախապայմաններ կան, որ ընդունվել են։ Ու ուշագրավն այն է, որ սա հերթական դեպքն է, որ հայկական կողմը ընդամենը հաստատում է մյուս կողմի ասածը։ Ինքը չի ասում, ինքը չի տեղեկացնում իր սիրած ժողովրդին, ինքը հաստատում է միայն թշնամի պետության ասածները։ Բա՛։ Մենք արդեն որերորդ դեպքն է՝ մեզ, մեր պետությանը ու առհասարակ մեր ապագային վերաբերվող տեղեկությունը ստանում ենք ոչ թե մեր իշխանությունից, այլ թշնամի պետության:
Նիկոլ Փաշինյանը կանգնել է բեմին ու 20 կամերայի առաջ ուղիղ եթերով խոստացել է, որ ժողովրդի թիկունքում ոչինչ չեն անելու, ամեն ինչ ասելու են, կարծիքը հարցնելու են, բայց հիմա ամենակարևոր, զգայուն հարցերի շուրջ թքած ունեն հանրության կարծիքի վրա։ Ես չեմ ասում է՞ չեն հարցնում ԱԺ նախագահին 200 հազար դոլարանոց ավտո առնե՞նք, թե չէ, չեն հարցնում 100 մլն դոլար պարգևավճար բաժանե՞նք, թե չէ, սրանք մանր հարցեր են էն ամենի դեմ, ինչ անում են, ավելին՝ շեղող թեմաներն են։
Նիկոլ Փաշինյանը օրը մի ՔՊ-ականի ուղարկում է Հ1-ի եթեր քարոզներ կարդալու ու ձեռքի հետ էլ ընդդիմությանը դավաճանության ու եսիմինչի մեջ մեղադրելու, իսկ ի՞նչ կա դրա տակ, ի՞նչ եք անում, չեն ասում։ Դու խոստանում ես, որ պետք է ամեն ինչ որոշի ժողովուրդը, ոչ թե դու, դու ժողովրդի ծառան ես, հետո ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ Թուրքիայի հետ հարաբերություն կարգավորելու համար ժողովրդից հարցնե՞նք։ Հա, բա ո՞ւմից պետք է հարցնեք, Սորոսի՞ց։
Կրկնում եմ կասկածելի գործարքներ ու գործընթացներ են տեղի ունենում, վստահ եմ՝ դավաճանական բաներ են տեղի ունենում, այլապես նախապես կիմանայինք՝ ինչ են անում։ Էլի եմ ասում, սա արդեն որերորրդ դեպքն է, որ Հայաստանի իշխանությունը ինչ-որ բան է պայմանավորվում, ու այդ մասին մենք իմանում ենք մեր թշնամի երկրների ներկայացուցիչներից։
Օրինակներ՝ ինչքան կուզեք։ Ալիևից ենք իմանում, որ պայմանավորվել ես չկրակի, մինչև երկրի ներսում քո դիրքերն ամրապնդես, Ալիևից ենք իմանում, որ առաջարկել են հոկտեմբերի 7-ին դադարեցնել պատերազմը, չես համառձայնել։ Էրդողանից ենք իմանում, որ Վրաստանում գտնված ժամանակ խնդրել ես հանդիպում։ Եթե թաքուն ես պայմանավորվում, բանակցում, ուրեմն էնպիսի բան է, որ ռիսկ չես անում, չէ՞, բացահայտ ասել, ուրեմն մեզ՝ հայերիս դեմ է։ Ուշադրություն դարձրեցի՞ք, չեմ ասում բոլորին դեմ է, ադրբեջանին, Թուրքիային․ մեզ՝ հայերիս, Հայաստան պետությանը դեմ է, եթե նախապես չես ասում քննարկում: Էլ չեմ ասում, որ ցանկացած գործընթաց, որևէ՝ ամենից թեթև քննադատությանը չի դիմանում․ հարցեր կան, որ չես կարողանում բացատրությունը գտնել, միայն դավաճանության վարկածն է մտքովդ անցնում: Ու էս ֆոնին ուրիշներին մեղադրում ես դավաճանության մե՞ջ, կեղծ հայրենասերներ եք համարո՞ւմ։
Մեզնից ո՞վ չգիտի, թե ինչ են ուզում մեզանից Թուրքիան ու Ադրբեջանը։ Այսինքն՝ նրանք ամեն օր հոխորտում են: Հիմա մեր իշխանությունն ասում է՝ գալիս եմ բանակցելու... Նրանց օրակարգը գիտենք, մեր օրակարգից ոչ մի քաղաքացի տեղյակ չէ, բացի քաղաքացի Նիկոլ Փաշինյանից։ Մենք չգիտենք, թե այսօր Բրյուսել է գնացել ինչ բանակցելու։
Մի կարևոր բան կա, որի մասին չգիտես ինչի մոռանում ենք՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարել է ազատագրված շրջանների հանձնման կարևորությունը, նա այդ մասին գրել է իր գրքում, հազարավոր օրինակներ հրապարակել ու վաճառել, էս մարդու համար հողերի հանձնումը դեռ էն ժամանակ, երբ լրագրող էր, եղել է համոզմունք, սկզբունք, հիմա մարդը ունեցել է հնարավորություն որոշելու էդ հարցը ու որոշել է։ Հիմա ում ինչում ուզում է՝ թող մեղադրի, բայց հո մենք ունե՞նք ապացույցը։ Ուրեմն էս մարդը իշխանության է եկել էդ մտքով, չէ՞, ինքն էր, չէ՞ խոսում Ադրբեջանի ժողովրդի համար ձեռնտու տարբերակով լուծելու մասին։
Ամեն ինչ գնում է Նիկոլի սցենարով, ձեր կարծիքով էդպես հանկարծակի թուլացա՞վ բանակը, եկավ պատերազմ, հողերը հանձնեցի՞նք։ Իմ կարծիքով, էս մարդիկ հստակ գիտեն իրենց անելիքները։ Իրենք ունեն իրենց ծրագիրը և դրանով շարժվում են։ Էդքան բան։ Ու հստակ գիտեն՝ որ մի ծրագրից է աղմուկ բարձրանալու, ինչ աստիճանի ու ինչպես չեզոքացնեն դա, մոռացնել տան, շեղեն թեմայից՝ թանկարժեք ավտոմեքենայով, ձերբակալություններով և այլ բաներով։ Մենք կտոր-կտոր ենք իմանում այս մասին, բայց մարդիկ վաղուց ամբողջական պատկերացում ունեն՝ ինչ են անում ու եկել են անելու։
Ասում ենք՝ թուրքերը ուզում են մեզ մորթել, նիկոլականներն ու Լևոնականները մի թեզ են բերում, թե՝ խաղաղ կապրենք․ մի հատ Ժիրայր Լիպարիտյան կար, ասում է՝ Հայաստանի համար Ադրբեջանից ու Թուրքիայից վտանգ չկա, մենք Հայաստանում մորթվե՞լ ենք։ Ես չգիտեմ, թե պատերազմի ժամանակ նա ուր էր, ում կողմից էր, բայց կարող է՞ չի տեսել մորթվածների, գլուխներ կտրելու լուսանկարներն ու տեսանյութերը։ Դրանք ո՞վ են, ադրբեջանցի-թուրքերը չե՞ն, Ժիրայր:
Թուրքիան առնվազն հարյուր անգամ հայտարարել է իր նախապայմանը՝ Ղարաբաղից հրաժարում։ Ուրեմն ընդունել ես այդ նախապայմանը։ Ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանը նախկինում երբեք խնդրողի դիրքերից հանդես չի եկել, պահանջել է, իր խոսքն է ասել։ Հիմա խայտառակ վիճակում ենք ու մեկ մարդու պատճառով, որը բոլորին մեղադրում է ամենածանր մեղքերի մեջ՝ իր մեղավորությունը քողարկելու համար։ Ես հպարտությամբ եմ հիշում Թուրքիայի ղեկավարին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նամակը, Ադրբեջանի հետ նրա բանակցությունները։ Եվ ամոթ եմ ապրում, որ հասել ենք նվաստացման էս օրին։
Կարճ ասած՝ մենք մշտապես համոզվում ենք երեք բաներում, 1. Նիկոլ Փաշինյանը մեր պետության հետ կապված ամեն ինչ անում է թաքուն։ 2. Նիկոլ Փաշինյանի որևէ գործողությունից Հայաստանը չի շահել։ 3. Նիկոլ Փաշինյանի արկածների արդյունքում մենք հատուցում ենք հայրենիքով, մեր քաղաքացիների կյանքերով ու արյունով։
Սա ծանր վերջաբան ունի՝ թե՛ մեր երկրի համար, թե՛ ժողովրդի համար, թե՛ հենց Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին տեղին է հիշեցնել իր ասած խոսքերից մեկը, որը հիմա շատ արդիական է իր մասով՝ «Ձեր դիվանագիտությունն ի՞նչ է եղել՝ ինչքան օտար անձնագրերով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ա՛յ անինքնասերներ: Ու ողբերգությունն էն է, որ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից»։ Հիմա որ կարդում ես էս տողերը, ոնցոր ինքն իր մասին մարգարեություն արած լիներ:
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը