Հայաստանի վարչապետը, այսինքն՝ ոչ բարով ղեկավարը գնում է բանակցելու, ու երկրի քաղաքացիները միայն գիտեն, որ Սոչիում հանդիպում է․ ինչ է ստորագրելու, ինչ փաստաթուղթ է կամ եթե չի ստորագրելու, ինչի շուրջ է բանակցելու, ոչ մի բանի մասին տեղեկություն չունենք։ Մենք մի կարևոր բան գիտենք՝ մեր պետության օգտին բանակցող չկա․ էդ մարդը բանակցությունների առարկան որոշել է Ալիևի հետ, Պուտինի հետ, բայց չի բանակցել ու չի քննարկել Հայաստանում մասնագետների, փորձագետների, խորհուրդ տվողների հետ։
Ու մենք անհանգիստ նստել ու սպասում ենք՝ էլ ինչ վատ բան է նա անելու։ Այս բանակցություններից առաջ հանդիպում է Սյունիքի համայնքապետերին, հանդիպումից հետո, նրանք ասում են՝ մեր մտահոգություններն ոչ թե փարատվեցին, այլ ավելացան։
Ուղիղ 10 օր առաջ նոր ողբերգություն եղավ մեր պետության մեջ, որի արդյունքում իմացանք՝ թշնամին 45 կիլոմետր խորացել է մեր երկրի մեջ։ Մենք իմացանք, որ ունենք նոր գերիներ, ունենք զոհեր, անհետ կորածներ, ու համոզվեցինք, որ չունենք պաշտպանության նախարարություն, նախարար, վարչապետ, նախագահ, որոնք պարտավոր են երաշխավորել ու պահել մեր երկրի ու քաղաքացիներիս անվտանգությունը։ Ունենաս 6 հայտարարված զոհ, 32 գերի, անհետ կորածներ, ունենաս 45 կիլոմետր նահանջ ու սրան նայես հանգիս՞տ, ապրես քո կյանքո՞վ։ Էն դեպքում, երբ Փաշինյանն ասում էր՝ Սյունիքից նահանջելու հրամաններն ինքն է տվել։ Գժվելու բան է, էս ո՞ւր ենք հասել, էս ո՞վ են սրանք։
Պետություն չկա, գերիների հարազատներն իրենք են հետաքննություն անում, կցկտուր պատմություններ են իրար կապում ու պատմում են՝ ոնց է իրենց զավակը հայտնվել գերության մեջ, ինչեր է արել, ինչպես է մնացել առանց փամփուշտ, նահանջի հրաման ստացել և այլն և այլն։ Այդ բոլոր պատմությունները համադրում ես ու տեսնում, որ թե՛ պատերազմում պարտությունն էր պլանավորված, թե՛ հետպատերազմյան այս կաշան։
Գերիների հարազատները պատմել են, որ Ջերմուկի զորամասից 12 զինվոր են գերեվարել, դիրքից դիրք գնալիս շրջափակման մեջ են եղել, որովհետև այն արդեն հանձնված է եղել։ Հուսասհատ ծնողն է հետաքննություն անում։ Որովհետև Նիկոլի դեպուտատն էր ասում՝ մեզ ինչի՞ եք դիմում, Ալիևն է գերի տարել, նրանից ուզեք։
Մենք պատերազմից հետո ավելի շատ գերի ենք ունեցել, քան պատերազմի ժամանակ, նոյեմբերի 9-ից հետո մեր գերիների թիվը ավելանում է։ Նիկոլը մի քանի օր առաջ ասում էր Ադրբեջանում ունենք 40 գերի, երկու օր առաջ ասում է՝ պլյուս 32։ Դա արդյո՞ք չի անհանգստացնում, որ հաջորդ գերին հենց դուք կարող եք լինել։ Մենք նստած ենք մեր տաք գրասենյակներում, մեր հարմարավետ բազմոցին, իսկ ի՞նչ գիտեք՝ ինչ է կատարվում այս պահին մեր տղերքի հետ։ Արդյո՞ք իրենց համար չարժեր ոտքի կանգնել։ Մյուս կողմից էլ, բա իրենց հարազատները ինչի՞ ոտքի չելան, ո՞ւր են։
Հիմա մենք ասում ենք՝ քննենք 44-օրյա պատերազմում սխալները, թերությունները, բայց ախար պատերազմից հետո էլ լիքը բաներ են տեղի ունենում։ Մենք ոչ մի բան չենք կարողանում կանխարգելել, մենք ոչ մի բանի հետևանքները չենք կարողանում անգամ վերացնել, մենք ամեն օր դեռ տալիս ենք, զիջում ենք ու նվաստանում, որովհետև այսպիսի իշխանավորներ են մեր կեցությունը չապահովում։
Բանակը կամավորներով համալրում, անորակ զենքեր, առանց երկինքը փակելու մարդկանց բեռնատարներով ուղարկել զոհվելու, տարբեր դիրքերի հանձնման կամ ազատագրման փնթի օպերացիաներ, պատերազմի մտածված սխալ կառավարում, Իրանից օգնության մերժում և այլն և այլն, այս բոլորը պետք է պարզվեն, մեր ներքին բուժման համար շատ կարևոր են քննությունները։ Բայց դրանք ո՞նց տեղի կունենան, եթե գործընթացը չի ավարտվել։ Այսօր էլ է պատերազմ։ Պատերազմ է ու ձախողումներ։ Ու էս պատերազմը երկար է տևելու, կարող է տարիներ տևել, ամեն անգամ հարձակվեն ու կտորներ պոկեն։ Որովհետև պատերազմում ձախողվածները, կապիտուլյացիայի տարածները նույն ոճով շարունակում են նաև հետպատերազմյան ընթացը։ Պարզ չէ՞ր, որ նույն բանն է լինելու․ չէ՞ որ էս կարճ ընթացքում ո՛չ նրանք ստացան կադրային աջակցություն, ո՛չ խելք հավաքեցին, ո՛չ գործելաոճ փոխեցին, ամեն ինչ ընթանում է նույն կերպ։ Որևէ սահմանազատում չի կարող օգնել, որևէ սահմանագծում չի կարող օգնել, կոմունիկացիաների վերաբացումը ընդանհրապես կարող է աղետալի լինել, եթե սրանք պետք է անեն։
Պատերազմից հետո մեր երկրում խնդիրները չեն լուծվել, որևէ դիրք չի կահավորվել, նորմալ պայմաններ տարուց ավել է չկան․ մեկ տարի առաջ ավարտվել է պատերազմը, եղե՞լ է մեկ դեպք, մեկ իրադարձություն, մեկ բան, որը ցույց է տվել, որ մենք առաջ ենք գնում, ասենք՝ չէ, Նիկոլը փոխվել է, նորմալ բաներ է անում, նա ծնկած վիճակից փոխվում է կանգնած վիճակի։ Ոչ, էն ժամանակ չոքեչոք էր, հիմա արդեն առհասարակ սողում է։ Էսօր բանակցում են, նայում ես Նիկոլի դեմքին ու արդեն անկախ քեզանից ամոթից կարմրում ես, որ դա է քեզ ներկայացնում։ Նախ, հասնում են Սոչի, գրեթե միաժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, հանդիպում է սկսում Ալիև-Պուտին, հանդիպումը ավարտվում է, անցնում է ժամ ու կես, նոր հանդիպման է մասնակցում Փաշինյանը։ Նենց տպավորություն է, որ դռների հետև թողել են, իրենք բան են խոսում, սա խելոք սպասում է․․․ Հիշեցի վերջին ասուլիսի ժամանակ նախագահ Քոչարյանի բնորոշումը, որ սրա երեսից մենք այլևս սեղանի մի կողմում նստած բանակցող չենք, այլ սեղանի վրա, մեզ են բանակցում, ոչ թե մենք մնացածի հետ հավասար․․․
էս իշխանությունը գոնե չի մտածում իր քաղաքական ապագայի, իր երկարակեցության մասին, որ հանուն դրա՝ գոնե մի նորմալ բան անի։ Չի կարողանում, չի անում, երևի չի ուզում, բայց ուզում է մնա։ Էս մարդու համար կարևոր է, որ ինքը ղեկավարի Հայաստանը, կապ չունի՝ լավ ա ղեկավարում, վատ ա ղեկավարում, կարողանում է, չի կարողանում։ Բայց ուզում է ինքը լինի։ Շարունակում է մնալ՝ չունենալով ո՛չ ժողովրդական լայն աջակություն, ո՛չ հեղինակություն, ո՛չ ծրագիր, ո՛չ հեռանկար, չգիտի ինչ անել, ինչպես անել, ինչքան կտևի էս ամենը։
Կարճ ասած՝ մենք, բոլորս, գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատում է Հայաստանի պետականության ու հայ ժողովրդի շահերին հակառակ։ Մենք գիտենք, որ նրան պետք է րոպե առաջ հեռացնել, այ էս խոսելուս ընթացքում հեռացնել, մենք էդ բոլորը լավ հասկանում ենք, բայց մենք բոլորս հույս ենք դնում չգիտես թե ինչի վրա։ Աստծո հույսին ենք, թե՝ Աստված մեզ կխնայի, վերջ ի վերջո՝ Արարատի գագաթին է Նոյի տապանը կանգնել։ Նիկոլը այլևս չի կարող անել բան, որն անսպասելի է, չի կարող անել բան, որը ավելի կամ պակաս սարսափելի է, քան մինչ էս արածները։ Նրա բոլոր քայլերը հանձնելու տրամաբանության մեջ են։ Առնվազն տաօրինակ է ժողովրդի համբերությունը։
Մենք սարսափով սպասում ենք, թե ինչ է գնում զիջի, ինչ է ստորագրելու Սոչիում, ինչ է ստորագրելու Բրյուսելում և այլն և այլն։ Բայց ամենից կարևորը նա չէ, որ սա ինչոր բան է ստորագրելու, այլ նա, որ բոլորս վստահ ենք որ ինչ էլ ստորագրի մեր շահերից չէ, որովհետև նա չի կարող բանակցել, նորմալ բան պայմանավորվել, ու ստորագրել առավելագույնը, այլ ստորագրելու է այն ինչ Ադրբեջանին է ձեռնտու, ու ոչ մի պարագայում՝ մեզ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը